ՀՀ-ում ՌԴ նոր դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյի նշանակումը թեեւ որոշակի քննարկումների առարկա դարձավ, սակայն որոշ մանրամասներ այնուամենայնիվ չպարզաբանված մնացին: Վրաց-օսեթական հակամարտությունից ու ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների խզումից հետո ավարտվեց Կովալենկոյի դիվանագիտական առաքելությունն այդ երկրում: Նա ՌԴ-ում թեեւ շատ պրոֆեսիոնալ դիվանագետի համբավ ունի, բայց Վրաստանի դեպքում նրա առաքելությունը համարվում է ձախողված: Ի դեպ, հայկական որոշակի շրջանակներում կարծիք կա, թե ՌԴ-ն հենց նրան ուղարկելով դեսպան` պատասխանեց վերջերս Միխայիլ Սահակաշվիլիին մեր երկրի բարձրագույն մեդալ շնորհելու Սերժ Սարգսյանի քայլին: Նշենք նաեւ, որ Վ.Կովալենկոն մինչեւ Վրաստանում դեսպան լինելն աշխատել է Բելառուսում ՌԴ դեսպանատանը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նա վերահսկել է Բելառուսի ԱԱԾ աշխատանքները: Եվ թերեւս անհիմն չեն այն կարծիքները, թե ՌԴ-ն այդպիսի լուրջ «կագեբեշնիկի» ՀՀ ուղարկելով` այստեղ ինչ-որ զարգացումների է պատրաստվում: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ նոր դեսպանը հանդիպումների շարք է սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ: