Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստում անդրադարձավ արդեն լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վերջին զեկույցին, որտեղ վերջիններս նշում էին, թե մարտյան իրադարձություններից առաջ թվով 9 ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ Պաշտպանության նախարարության պահեստներից ստացել են զինվորական 950 հանդերձանք, որով հանդերձավորել են իրենց թիկնապահներից կազմված անօրինական զինված միավորումներին: Հանձնաժողովում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը առաջարկեց այցելել ՊՆ պահեստներ, ստուգել այդ տեղեկությունը եւ այդ այցին հրավիրել նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին: Հանձնաժողովի մեկ այլ անդամի` Գուրգեն Արսենյանի խոսքով, զեկույցի մեջ «սարսափելի ներուժ ունեցող վտանգ կա»: «Մենք պարտավոր ենք շատ արագ ստուգել այդ տեղեկատվությունը, որովհետեւ, եթե 1 գրամ անգամ այդ տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, ապա չեմ էլ կարող պատկերացնել դրա հետեւանքները»,- հայտարարեց Գ.Արսենյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը այդ տեղեկությունը հրապարակել էր ամիսներ առաջ: Եվ ակնհայտ է, որ եթե ՊՆ պահեստներից հանդերձանք է վերցվել, ապա դրա հետքն արդեն չի լինի: