«Հայաստանի Բաշխիչ ցանցերի արդյունավետ կառավարումը դրական ազդեցություն
կունենա երկրի տնտեսության վրա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վերջինիս կարծիքով, դեռեւս վաղ է գնահատել բաշխիչ ցանցերի կառավարումը
«ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցելու փաստը: «Չեմ կարծում, թե Բաշխիչ ցանցերի
կառավարումն այլ ընկերությանը հանձնելը կվնասի Հայաստանի էներգահամակարգի
գործունեությանը կամ վնասների կհանգեցնի»,- ասել է Ճշմարիտյանը: Նա նաեւ
հայտարարել է, որ եթե համապատասխան կառույցների կողմից ստուգումներ
իրականացնելուց հետո պարզվի, որ իրականում տեղի է ունեցել «ցանցերի
քողարկված փաստացի վաճառք», ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի:
Փաստորեն, չնայած «Midland Resources»-ի հավաստիացումներին, անգամ Կարեն
Ճշմարիտյանը վստահ չէ, որ Բաշխիչ ցանցերը չեն վաճառվել: Կամ էլ այս ձեւով
իշխանություններն ուզում են հասկացնել, որ ցանցերի վաճառքից իրենք «փայ
չունեն»: