Խորհրդակցություն ՊՆ-ում

29/08/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ ՊՆ-նում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, ԶՈՒ զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին: Ս. Սարգսյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց եւ հստակ ժամկետներ սահմանել դրանց կատարման համար: Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, ԶՈՒ մշտական զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը` Ս. Սարգսյանն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ անընդհատ կատարելագործվի: «Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը»,- նշել է նա: