Փոփոխությունները անխուսափելի են

29/08/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջի օգոստոսի 25-ի հայտարարությունը:

– Այդ հայտարարությունը գործնականում որեւէ կարեւոր բան չի նշանակում: Թուրքիայի կառավարությունը թեեւ որոշեց պատասխանել Ս. Սարգսյանի հայտնի հայտարարությանը, բայց դա արեց ավելի ցածր մակարդակով եւ ավելի մեղմ ձեւով: Նրանք ընտրեցին ոչ թե Վրաստանում Թուրքիայի դեսպանին, այլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին: Սա էական է, քանի որ Վրաստանում Թուրքիայի դեսպանը շատ մեծ դեր է խաղում հայ-թուրքական հարաբերություններում: Իսկ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի աշխատանքն ու հայտարարությունները ավելի շատ առնչվում են Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին: Այլ կերպ ասած` նրա հայտարարությունը ավելի շատ Ադրբեջանի հասարակության համար էր եւ ոչ թե Հայաստանի: Իսկ Ս. Սարգսյանի հայտարարությունը շատ հստակ էր եւ խելացի, քանի որ նա ցույց տվեց, որ մարտահրավերը Թուրքիային է ուղղված, ոչ թե Հայաստանին: Սարգսյանը ճիշտ արեց, որ նման հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ ցույց տվեց, որ Հայաստանի համբերությունն արդեն սպառվում է:

– Կգնա՞ արդյոք Սերժ Սարգսյանը Թուրքիա:

– Կարծում եմ, այո՛, կգնա: Բայց խնդիրը նրանում է, որ Թուրքիայի մոտեցումները արդեն փոխվել են: Նրանց շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ավելի թուլացել է: Սա ունի երկու պատճառ: Մեկն այն է, որ Թուրքիան թերագնահատել է Ադրբեջանի ռեակցիան, գերագնահատել է իր ուժը եւ սխալվել է` կարծելով, թե կարող է չշտապել Հայաստանի հետ համաձայնություն ձեռք բերելու հարցում: Բայց երկրորդ պատճառը ավելի կարեւոր է: ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը այժմ Թուրքիայի կառավարության համար այլեւս առաջնահերթություն չէ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում նրանք քրդական հարցի հետ կապված խաղաղության նոր ծրագիր են մշակել, որն ինձ անհանգստացնում է այն առումով, որ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցը երկրորդական պլան է մղվել: Բայց կարծում եմ` Թուրքիան ՀՀ նախագահի այցը շահագրգռելու համար, այնուամենայնիվ, մի որոշում կկայացնի: Օրինակ` նրանք կարող են բացել սահմանը 1 օրով: Բայց սա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տեսակետից բավարար չէ, եւ ես ավելի քիչ լավատես եմ: Ինձ թվում է, թե թուրքական կողմից այնքան կամեցողություն եւ կամք չկա, որքան մեկ տարի առաջ էր:

– Այսինքն` եթե սահմանները չեն բացվելու, բայց Սարգսյանը գնալու է Թուրքիա, սա չի՞ նշանակում, որ նա կխախտի իր իսկ առաջ քաշած նախապայմանը:

– Ո՛չ: Սարգսյանը իր հայտարարությամբ սպառնում էր Թուրքիային` ասելով, որ կգնա միայն այն դեպքում, երբ սահմանները բացվեն, կամ, եթե լինի լուրջ քայլ այդ ուղղությամբ: Եվ եթե նա գնա, դա չի նշանակի, որ նա փոխում է իր հայտարարությունը: Նրա այցելությունը քննություն է Թուրքիայի համար, սա այն ուղին է, որ ամբողջ աշխարհն ու ԱՄՆ-ը պահանջում են Թուրքիայից: Եվ եթե Թուրքիան կորցնի այս հնարավորությունը, կորցնողի դերում կլինի Թուրքիան, ոչ թե ՀՀ-ն:

– Որքանո՞վ է այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված ԼՂ հարցի կարգավորման գործընթացի հետ:

– ԼՂ հարցը այլեւս ուղղակիորեն չի կապվում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ողջ պրոցեսը` Գյուլի այցելությունն ու Շվեյցարիայում տեղի ունեցող բանակցությունները, հիմնված է այս երկու խնդիրների տարանջատման վրա: Բայց քանի որ թուրքերը թերագնահատեցին Ադրբեջանի ռեակցիան, նրանց կողմից հնչող հայտարարություններն ուղղված են Ադրբեջանին բավարարելուն: Իրականում, սակայն, թուրքական ռազմավարությունը տարբեր է այդ հայտարարություններից: Նա մի տեսակ արհեստականորեն ԼՂ հարցում առաջընթացի նշաններ է փորձում տեսնել, եւ Մադրիդյան սկզբունքներն ու դրանց շուրջ Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության բերելու փորձերը հենց Թուրքիային այդ «առաջընթացի» նշաններ ցույց տալու համար էին: Սակայն ոչ ոք, այդ թվում եւ՝ Թուրքիան, չեն սպասում իրական որեւէ փոփոխություն ԼՂ հարցում:

– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե իշխանությունները «Ղարաբաղը տվել-պրծել են»: Ժամանակին Լ. Տեր-Պետրոսյանին էին մեղադրում Ղարաբաղը տալու մեջ: Չե՞ք կարծում, որ նման ծանրակշիռ գործիչն առանց հիմքի այդպիսի հայտարարություն չէր անի:

– Լ. Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի հայտարարությունները ավելի քիչ են վերաբերում ԼՂ հարցին եւ ավելի շատ կապված են ներքաղաքական իրավիճակի հետ: Ուստի, որպես վերլուծաբան, ես չեմ կարող ասել` նա ճիշտ է, կամ նա սխալ է: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունը բացահայտում է մեկ բան` մարտի մեկից հետո քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում շարունակվում է եւ դեռեւս լուծված չէ: Դա է պատճառը, որ ԼՂ հարցն ու ՀՀ արտաքին հարաբերությունները դարձել են ներքաղաքական խնդիրներ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը (ՀԱԿ, «Ժառանգություն», մասամբ ՀՅԴ) չկարողացան միավորվել որեւէ պլատֆորմի շուրջ: Հնարավո՞ր է, որ նման միավորում առաջիկայում տեղի ունենա: Հնարավո՞ր է, որ ի սկզբանե ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իրականում միավորման ցանկություն չի էլ ունեցել:

– Եկեք իրատեսական լինենք եւ տեսնենք, թե ինչպիսին է քաղաքական իրադրությունը այսօր Հայաստանում: Մենք ունենք չորս տարբեր ուժեր կամ, ավելի ճիշտ` հեռանկարներ: Առաջինը իշխանություններն են, որ շատ քիչ լեգիտիմություն եւ հեղինակություն ունեն: Մենք ունենք Լ. Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր շարժումը, որի գործողությունները ավելի քիչ են գրասենյակային եւ ավելի շատ փողոցում են, եւ որը համակարգից դուրս գտնվող ընդդիմություն է: Երրորդ հեռանկարը համակարգի ներսի ընդդիմությունն է` պառլամենտական ընդդիմությունը` «Ժառանգությունը», որը կառուցողական ընդդիմություն է: Չորրորդ հեռանկարը ամենանորն է` ՀՅԴ-ն է, որը ոչ ընդդիմություն է, ոչ էլ կոալիցիայում է: Նա քաղաքականապես տեղ չունի գնալու: Դա իրական ընդդիմություն չէ, բայց այլեւս կառավարության մեջ էլ չէ: Ուստի շատ դժվար է այս տարբեր հեռանկարները միավորել: Իսկ գուցե նման բեւեռացվածության պայմաններում պետք էլ չէ, որ միավորվեն: Կամ լուծումը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն է` կառավարության եւ բոլոր ընդդիմադիր ուժերի միջեւ ազգային երկխոսության վերաբերյալ: Կառավարությունը, իհարկե, սխալ է գործում, որ մերժում է այդ կոմպրոմիսը: Բայց ընդդիմությունն էլ մեկ բան պետք է անի` պայքարի կառավարության դեմ` խնդիրների եւ քաղաքական հեռանկարների առումով, ոչ թե անհատների դեմ:

– Ձեր կարծիքով՝ առաջիկայում Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը ի՞նչ փոփոխություններ կկրի, եւ դա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ներքաղաքական զարգացումների վրա:

– Սոցիալ-տնտեսական ոլորտը շատ ավելի կարեւոր է: Եթե ուժի եւ կայունության տեսանկյունից դիտարկենք, կառավարությունը եւ այս քաղաքական համակարգը կարող են գոյատեւել նույնիսկ, շախմատային տերմինով ասած, պատային իրավիճակում: Հենց սոցիալ-տնտեսական ճգնաժամն է, որ քաղաքական այս պատային իրավիճակի համար կարող է սպառնալիք հանդիսանալ: Քաղաքական եւ տնտեսական համակարգերը ՀՀ-ում շատ փակ են եւ ճկունության պակասի պատճառով չեն կարող ճգնաժամին պատասխան տալ: Եվ դա է պատճառը, որ իրական անկայունությունը հավասարապես թե տնտեսական է, թե քաղաքական: Բայց սա նաեւ նշանակում է, որ առանց քաղաքական լուծման չի կարող լինել խնդրի տնտեսական լուծումը: Այսինքն` կարծում եմ, որ ճգնաժամը ավելի կվատթարանա՝ ընդհուպ մինչեւ սոցիալական ընդվզում:

– ՀԱԿ-ի սեպտեմբերյան հանրահավաքը կարո՞ղ է բեկում մտցնել ներքաղաքական կյանքում:

– Այս տարվա աշունը տարբերվում է նախորդ տարվա աշնանից, որովհետեւ այն ժամանակ շարժման թափը պահպանելու խնդիր կար: Այսինքն` նախորդ տարվա սեպտեմբերն ու հոկտեմբերը ավելի կարեւոր էին: Իսկ այսօր Լ. Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը գնալով թուլանում է, իսկ խնդիրները մեծանում են` մեծացնելով նաեւ անկայունության պոտենցիալը: Բայց ես Լ. Տեր-Պետրոսյանին չեմ տեսնում որպես թեկնածու, ես նրան տեսնում եմ որպես մեխանիզմ, որպես փոփոխությունների շարժիչ: Այսինքն` նրա նպատակը ուժը իր ձեռքում վերցնելը չէ, այլ ավելի շատ համակարգը փոխելն է: ՀՀ-ի ժողովուրդը այսօր տարբեր է մինչ 2008թ. մարտի մեկը եղած շրջանի համեմատ, նա արթնացել է: Բայց փոխվել է նաեւ ՀՀ-ն` այն առումով, որ մարտի մեկից առաջ եղած ստատուս-քվոյին վերադառնալն անհնար է: Հենց դա է պատճառը, որ Ս. Սարգսյանի համար քաղաքական սպառնալիքը Լ. Տեր-Պետրոսյանը չէ: Քաղաքական համակարգի մեջ է իրական սպառնալիքը: Մենք խոսում ենք էլիտաների միջեւ պայքարի մասին, ոչ թե երեք նախագահների մասին: Այլ կերպ ասած` Հայաստանի ապագայի համար համակարգը պետք է փոխվի, ոչ թե բարեփոխվի: Կարծում եմ` ներկայիս իրավիճակը չի կարող երկար տեւել: Կառավարությանը դուր է գալիս թե ոչ, փոփոխությունները մոտենում են: Եվ այդ փոփոխությունների հիմնական խթանը ընդդիմությունը չէ: