«Մեր կառավարությունը միշտ ընդգծել է հետեւյալը` մեկ ազգ, մեկ երկիր, մեկ դրոշ, մեկ պետություն»,- անդրադառնալով քրդական խնդրին՝ երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Դիմելով Թուրքիայի քաղաքացիներին` Էրդողանը, փաստորեն, հստակեցրել է իր կառավարության քաղաքականությունը` գրեթե կրկնելով թուրքական բանակի ներկայացուցիչների ավելի վաղ հնչեցրած գաղափարը:
«Բոլորը պետք է սա շատ հստակ հասկանան: Այս քայլի նպատակն է՝ ժողովրդավարական միջավայր հաստատելը, որտեղ իր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ կարող է ազատ արտահայտվել»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով` դեմոկրատական շարժումը սահմանափակ չէ եւ վերաբերում է բոլորին: