Օգոստոսի 27-ին, ժամը 18-19։00-ի սահմաններում Կիեւյան փողոցում գտնվող «Զանգու» ռեստորանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, որի պատճառով ռեստորանի հաճախորդները եւ սպասարկող անձնակազմը բառիս բուն իմաստով սթրեսային իրավիճակում են հայտնվել: Ականատեսների վկայությամբ՝ «Զանգու» ռեստորան այցելած ՀՀ Ոստիկանության մի ծառայող, որն, ի դեպ, եղել է ոստիկանի համազգեստով, այնքան է խմել, որ կորցնելով սթափությունն, իսկական «դեբոշ» է սարքել: Հարբած ոստիկանը, չգիտես ինչու, որոշել է շրջայց կատարել ռեստորանի ետնամաս, այսինքն` դեպի «Զանգվի» ձորի սկզբնամաս, որտեղից մի շուն (որը, հավանաբար, ռեստորանի տերերի շունն է եղել) «համարձակվել» է նրան կծել: Ականատեսների ենթադրությամբ` ոստիկանը հավանաբար այնքան հարբած է եղել, որ ռեստորանի քաղաքակիրթ պայմաններ ունեցող զուգարանից օգտվելու փոխարեն՝ նախընտրել է կարիքները հոգալ բացօթյա տարածքում` ձորի բերանին: Ինչեւէ, շան կծելուց հետո ոստիկանը, շան վերաբերմունքից «կատաղած», կրկին մտել է ռեստորան ու սկսել է ամենալկտի հայհոյանքներ տեղալ ռեստորանի տերերի հասցեին: Բազմաթիվ հաճախորդների ներկայությամբ Ոստիկանության ծառայողը ոչ միայն հայհոյանքներով սկանդալ է սարքել, այլեւ սկսել է ջարդուփշուր անել ռեստորանի ապակիներն ու ձեռքն ընկած սպասքեղենը: «Զանգու» ռեստորանի աշխատակիցները, հասկանալով իրավիճակի լրջությունը, վախից չեն միջամտել, այլ զանգահարել են ռեստորանի տիրոջը եւ կանչել նրան: Մինչ այդ, սակայն, հարբած ոստիկանի ընկերները, ռեստորանի աշխատակիցներից, հաճախորդներից ներողություն խնդրելով՝ մի կերպ նրան տեղափոխել են ավտոմեքենա եւ հեռացել են: Մեր տեղեկություններով` «Զանգու» ռեստորանի աշխատակիցները հասցրել են գրանցել ավտոմեքենայի պետհամարանիշերը: Ի դեպ, սարսափած հաճախորդներն ամենաշատը վախեցել են ոստիկանի ծառայողական զենքից, որը, բարեբախտաբար, չի օգտագործվել: «Շնորհակալություն մեր իրավապահ մարմնի այդ այլանդակ ծառայողից, որը զենքը չհանեց ու կրակեց: Մինչեւ հիմա ուշքի չենք գալիս: Ու դրա նմանները ներկայացնում են մեր երկրի իրավապահ համակարգը»,- ասաց ականատեսներից մեկը: