Այս էլ որերորդ անգամ, գալիս է սեպտեմբերը

29/08/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան: Այն ժամանակ այդ մարդը իրենց (Արեւմուտքին.- Լ.Ա.) էլ պետք չի լինի»,- Իջեւանում, այցելելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տուն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երբ մի լրագրող հետաքրքրվեց, թե` «Կարծում եք, Սերժ Սարգսյանը տալո՞ւ է Ղարաբաղը», Տեր-Պետրոսյանն առանց մեկ վայրկյան մտածելու` ասաց. «Տված-վերջացրած է արդեն»: Սակայն ավելացրեց, որ Ղարաբաղի հանձնումը հակառակորդին անշրջելի պրոցես չէ եւ կարող է կանխվել: Այն, որ Ցեղասպանությունը տվել են, իսկ Ղարաբաղն էլ «տված-վերջացրած» է, խիստ պատասխանատու հայտարարություն է: Հանրապետության նախագահը թեեւ չարձագանքեց այս մեղադրանքին, սակայն հինգշաբթի օրը, խորհրդակցություն անցկացնելով ՀՀ Պաշտպանության նախարարության գերատեսչությունների ղեկավարների հետ, նշեց, որ «երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցությունների ընթացքում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը»: Այսինքն` Ղարաբաղը ոչ միայն (կամ գոնե առայժմ) «տված-վերջացրած» չէ, այլ բանակցություններին Հայաստանը հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ:

Հայաստանի ընդդիմության եւ իշխանության պայքարի դասական դարձած այս մոտիվը, երբ կողմերը միմյանց մեղադրում են Ղարաբաղը վերջնականապես եւ անդառնալիորեն ծախելու մեջ, հրատապ կլինի նաեւ այս աշնանը եւ նաեւ՝ դրան հաջորդող մյուս եղանակներին:

Սա է սպասվող թեժ աշնան բանաձեւը, որի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ի ընդդիմության հանրահավաքին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արդեն հայտնել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ օրվա ելույթի առանցքը լինելու է Ղարաբաղյան թնջուկը։ Տեր-Պետրոսյանն ավելի հարուստ լեզվով եւ, ենթադրում ենք, ավելի հիմնավորված, կներկայացնի իր` «տված-վերջացրած է արդեն» միտքը: Եվ թերեւս կառաջարկի ընդդիմության գործողությունների ծրագիրը:

Ինչպես արդեն հայտնի է, աշնանը ընդդիմադիր սոլո պայքարի է նախապատրաստվում նաեւ Դաշնակցությունը: Քաղաքական ուժերի` իշխանություններից դժգոհության պատճառն առայժմ անփոփոխ է: Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունները: Մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը բոբիկացել է ավելի վաղ, քան վայել է, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները, դատելով ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչների հայտարարություններից` ակնհայտորեն հայանպաստ չեն: Սակայն մի քանի ամիս է` ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներին դեռեւս ոչ ոք չի կարողացել համոզել ետ կանգնել աշնանը եւս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելուց։ Հիմնավորումները, թե երկրի արտաքին քաղաքական կուրսը թելադրում է բացառապես երկրի նախագահը, ՀՅԴ-ին թերեւս համոզիչ չի թվում: Անհասկանալի կամ նաիվ երեւալուց Հայ հեղափոխական դաշնակցությունը, արդեն քանի տարի է` վատ չի զգում:

Թերեւս հոկտեմբերի տասնչորսից հետո, երբ պարզ կդառնա` բացվում է հայ-թուրքական սահմանը, ինչ չափով եւ Հայաստանի համար քաղաքական ինչ հետեւանքներով, ավելի կկոնկրետանա` հանդես կգա՞ն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ունիսոն, նույն ասելիքով, թե՞ ոչ: Ամեն դեպքում, գոնե արտաքուստ այս երկու ուժերը նշված խնդիրների շուրջ չեն բարդույթավորվի քննարկումներ ունենալ: Հատկապես, որ դրանք ամենեւին պարտավորեցնող չեն: Եթե ամառվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը չի մոռացել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միավորման հնարավորության մասին իր առաջարկը, իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին ելույթներին, հնարավոր է, մասնակցի նաեւ «Ժառանգությունը»: Այս կուսակցությունը եւս իր հայտարարությամբ, թե այսուհետ բոլոր ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով, ոչինչ չի կորցնի` հպարտ մենությունից բացի։

Չգիտես` ինչ հիմնավորմամբ, ընդդիմության դաշտում կարծում են, որ սեպտեմբերին կայանալիք հանրահավաքը անկյունաքարային նշանակություն է ունենալու (իսկ մի մասն էլ` հանրահավաքներից այլեւս որեւէ սպասելիք չունի): Սա է պատճառը, որ մի փոքր չափազանցված են արմատական ընդդիմության որոշ ներկայացուցիչների պնդումները, թե իշխանական ճամբարում լուրջ խուճապ է, եւ, որ որոշ պաշտոնյաներ մտածում են իրենց ունեցած-չունեցածը րոպե առաջ վաճառելու մասին սոսկ այն պատճառով, որ օրացույցից ոչ մի կերպ հնարավոր չէ ջնջել սեպտեմբերի 18-ի մասին վկայությունները: Սակայն դրանք, կարծես, միայն ցանկություններ են: Իշխանությունները, պաշտոնյաները վաճառելու բան միշտ էլ կունենան: Այդ մասին, վստահ ենք, առավել մանրամասն կպատմի ՀԱԿ առաջնորդն առաջիկա հանրահավաքում: