Լորդը, Գրաֆը, Կասկադը, Ջրվեժը, Սկիլետը, Սիրուշոն

29/08/2009

Երեւանի Տէցի Կռուգ կոչվող թաղամասում միասին ապրում են Լորդը, Գրաֆը, Կասկադը, Ջրվեժը, Սկիլետը, Սիրուշոն, դավիթաշենցիք ու էլի մոտ 220 շներ: Նրանց սպանդից փրկել են հասարակ մարդիկ, ովքեր պարզապես չէին կարողանում քնել պետության իրականացրած «անտուն-անօթեւան շների ոչնչացման» միջոցառումներից՝ ուղղված թափառական շների թվաքանակի կրճատմանը: Չէ, անքնության պատճառը գիշերային կրակոցները չէին, այլեւ խղճահարությունն ու սերը կենդանիների նկատմամբ: Եվ հիմա շուրջ 220 հաջողակ շնիկներ, ովքեր կարողացել են խուսափել այդ սպանդից, միասին ապրում են մի հարկի տակ՝ անապաստան կենդանիների կացարանում, որը միակն է Հայաստանում: Երբ մոտենում ես կացարանի դարպասներին, բոլոր շները միաձայն հաչում են ու ասես պատրաստվում են հարձակվել վրադ. նրանք բոլորը միասին են՝ ընդդեմ օտարների:

– Մի՛ վախեցեք, նե՛րս եկեք, նրանք չեն վնասի, նրանք շատ բարի են,- ասում է Նունեն` կացարանի խնամակալը:

Եվ իրոք, դարպասից ներս ես մտնում, եւ դու այլեւս օտար չես… Վայրկյան առաջ հաչոցներով վրադ վազող Լունապարկը, Սկիլետիկը, կույր Դոբին ու իրենց ընկերները, պոչները խաղացնելով, պտտվում են ոտքերիդ մոտ, կարծես ասելով` «սա մեր նոր տունն է, այստեղ մեզ այլեւս ոչինչ չի սպառնում»:

– Այս ամենը, ինչ տեսնում եք, միմիայն բարի մարդկանց շնորհիվ է ստեղծվել եւ գոյատեւում մինչ օրս,- պատմում է Նունեն՝ ցույց տալով կես ֆուտբոլի դաշտի տարածք զբաղեցնող կացարանը: – Խոհանոց ունենք, որտեղ շների ճաշն ենք պատրաստում, ունենք քնատեղիներ, վիրահատարան, որտեղ անասնաբույժը ամորձատման վիրահատություններ է կատարում: Այստեղ գործում է անասնաբուժական կենտրոն, որտեղ յուրաքանչյուր կենդանի բժշկական զննում է անցնում, պատվաստվում է եւ հիվանդությունների տարածման աղբյուր չի հանդիսանում: Նրանք բոլորն առողջ են,- ժպտում է` շոյելով Սկիլետիկի գլուխը, որը կանոնավոր սնունդի շնորհիվ այլեւս «սկիլետիկ» չէ՝ ինչպես այն ժամանակ, երբ նրան նոր էին այստեղ բերել:

Նունե Մեհրաբյանը «Փրկենք կենդանիներին» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահն է: Նրա, համախոհների եւ ընկերների ջանքերով 3600 քմ զբաղեցնող ամայի տարածքում 2003թ. իրականացվեց կացարանի շինարարությունը:

– Շինարարությունից մինչեւ հավաքարարություն, ամեն ինչ ինքներս ենք արել,- պատմում է Նունեն: – Հիմա էլ, եթե միջոցներ ունենանք, ուզում ենք լողավազան կառուցել, որտեղ հեշտ կլինի շներին լողացնելը: Նաեւ ուզում ենք քնատեղիներն ավելացնել նորեկների համար:

Կացարանի տարածքը գնալով նեղանում է, որովհետեւ բնակիչների քանակն օր օրի աճում է: Նրանց բոլորին խնամելու հոգսերը շատանում են:

– Մենք ենք փողոցներից հավաքում անապաստան շներին, բարի մարդիկ են զանգում, հայտնում, որ իրենց բակում շներ կան: Կանչում են` գնում-բերում ենք, որ հանկարծ չսպանեն, կամ էլ իրենք են բերում:

Օրինակ, Դավոյին Դավիթաշենում են գտել, Կասկադին` Կասկադի մոտ, Արցախին` Երեւանի Արցախ փողոցում… Բայց ոչ բոլոր շների անուններն են աշխարհագրական:

– Նայեք էն սեւ շանը, ինչ լավն ա, ինքն էլ Բագիրան ա,- Նունեն անգիր գիտի բոլորի անուններն ու բնավորությունները: -Էն մեկն էլ Համեստն ա, այ, սա էլ Սիրուշոն ա. Սիրուշոյի նման սիրուն ա, դրա համար էլ Սիրուշո դրեցինք անունը:

Պատահում է նաեւ, որ այս կացարան ոչ միայն բերում են շներին, այլեւ մարդիկ գալիս են այստեղից շներ տանելու` պահելու իրենց տանը կամ բակում: Այնպես որ, եթե դուք էլ ցանկություն ունեք շնիկ ունենալու, ապա կարող եք այստեղից ընտրել: Առողջ, պատվաստումներ ստացած շնիկին ձեզ կտան, միայն թե կարողանաք համոզել, որ նրան նույնքան լավ եք վերաբերվելու, ինչպես որ այստեղ են նրանց մասին հոգ տանում:

Այստեղ նրանք ամեն օր հաց ունեն, նրանց բուժում են եւ խնամում… Ու այսպես ապրում են անվտանգ՝ դիմավորելով նորեկներին, որոնցից տերերն են հրաժարվել, կամ փողոցում են գտել, եւ ճանապարհելով այն երջանիկներին, որոնց «որդեգրել են» նոր տերեր՝ սիրուն մռութների եւ լավ բնավորության համար: Սպասում են նաեւ լողավազանի կառուցմանը, որտեղ պետք է լողանան:

Ի դեպ, կացարանը գոյատեւում է բացառապես բարեգործության շնորհիվ եւ չի ստանում որեւէ պետական աջակցություն: Եթե ցանկանում եք օգնել շների այս մեծ ընտանիքին, ապա պարզապես կարող եք նվիրատվություն անել` սկսած 500 դրամից: Դրամական փոխանցումները ցանկացողները կարող են կատարել այս հաշվեհամարներով.

Արդշինինվեստբանկ
247010070156/0001 (ԱՄՆ դոլարով)
247010070156 (ՀՀ դրամով)

Ազնիվ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ