Շոու-բիզնես մտնելու եւ այնտեղից դուրս գալու մեխանիզմները

29/08/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Մուտքի մասին

Շոու-բիզնես մուտք գործելու համար տաղանդ հարկավոր չէ, եռանդ է հարկավոր։ Իսկ եռանդն, ինչպես հայտնի է, կարող է սարեր շուռ տալ, կողպած դռներ բացել եւ ամեն քայլափոխի (պատեհ եւ մեծամասամբ՝ անպատեհ առիթներով) օգնել գովազդել երգը, անձին, կերպարը, խոսելաոճը։ Տաղանդը սովորաբար ավելի զուսպ դիմագծեր ունի եւ ճակատով փակ դռները բացելու կարողությունից զուրկ է։

Բոլոր երկրներում էլ շոու-բիզնես մուտք գործելու բանաձեւը մեկն է. պետք է անընդհատ երեւալ, երեւալ եւ կրկին երեւալ (ճակատը պնդացնելով՝ հարվածել ու հարվածել)։ Նույն բանաձեւը գործում է նաեւ արագ սննդի՝ ֆաստ-ֆուդի պարագայում։ «Բիգ մաք»-երը, «Կոկա-կոլա»-ն ճանաչելի են աշխարհում, քանի որ ամեն տեղ կան։ Նույնիսկ աֆրիկյան խուլ ցեղերը գիտեն «Մաքդոնալդսի» մասին, որը գոյություն ունի օտարի աչքում՝ երբեմն աղքատիկ, երբեմն էլ՝ ծայրաստիճան օգտակար եւ էկոլոգիապես մաքուր սննդի կողքին։

«Ֆաստ-ֆուդի» եւ «աստղային գործարանի» առավելությունը հենց նրանց արագության գործոնն է. աստղերի կերպարներն ու բուրգերները արագ են պատրաստվում, արագ են ուտվում, արագ էլ վերջանում են։

Հայրենական շոու-բիզնեսը ֆաստ-ֆուդ-անձեր թխելու եղանակին արդեն լավ ծանոթ է, շատերը կարողանում են խիտ մրցակցության միջով սողոսկել եթեր, եթերի միջոցով էլ՝ հանրության ականջներն ու ստամոքսները։ Եթե անտեսենք տրիվիալ փողի գաղափարը (դե փողը հասկանալի է, շատ փողը կրկնակի է հասկանալի), ապա երգիչ կամ հաղորդավար դառնալու լավագույն ճանապարհը ավելի հաջողակին եւ իշխանություն ունեցողին կցվելն է։ Փոփ-ոլորտի որեւէ հեղինակության, մեծահարուստի թեւի տակ անցնելը շատերի երազանքն է: Այդպես երգիչ-հաղորդավարներն իրենց պաշտպանված են զգում: Մանավանդ, որ հայկական իրականության մեջ միշտ էլ փողից ավելի գերադասելի են եղել կապերը: Եթե կապը ստեղծվում է, անձը սկսում է շոու-սանդղակով բարձրանալ: Բարձրանում է, բարձրանում է եւ գ պարզ է, չէ՞, որ մի օր անպայման պետք է իջնի: Հո չի՞ կարող մինչեւ երկինք բարձրանալ: Ուշագրավ է, որ հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչների անկման պատճառը դառնում են հենց այն կապերը, որոնք նրանց բարձրացրել են:

Օրինակ, այդքան բացասական չէր ընկալվի ցանկացած կապ օգտագործող դերասանուհի եւ հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը (հենց թեկուզ իր անմոռանալի արտաքինի շնորհիվ), եթե այդքան շատ չլիներ ու հաճախ չանցներ չափը:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները ուզում են իրենց ճանաչելիությունից միանգամից շոշափելի պտուղներ քաղել եւ չափն անցնում են` մոռանալով, որ կա նաեւ վաղվա օրը: Իսկ վաղը կապերը կարող են եւ անհետանալ: «Ջիանի» ակումբի տերն, օրինակ, ամեն առիթով գովազդում էր եւ գովազդներում օգտագործում էր երգիչ Արսեն Սաֆարյանին: Հիմա նրանց փոխհարաբերությունները փչացել են, եւ Արսենին ոչ ոք արդեն չի էլ հիշում: Ի դեպ, Ա. Սաֆարյանը հողատարածքներ գնելու հակումներ ունի: Իսկ երգչուհի Աիդա Սարգսյանը հանգստավայր է կառուցում Սեւանի ափին: «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը ամեն առիթն օգագործելով` առաջ էր մղում դերասան Խորեն Լեւոնյանին` նկարահանելով նրան բոլոր սերիալներում եւ կլիպերում: Խորենը նույնիսկ երգել էր սկսել եւ մենահամերգներ էր կազմակերպում: Հետո նրանց միջեւ սեւ կատու անցավ, եւ Խորենը դադարեց ամեն տեղ երեւալ: Եվ արդյունքում, անկասկած շնորհալի դերասանը մանրացավ եւ շոուի տակ թաղեց իր տաղանդը: Երգչուհի Ալլա Լեւոնյանը վերջերս ալբոմ թողարկեց, որի շնորհանդեսն անցավ գ Պաշտպանության նախարարության շենքում: Նա ասել էր, որ իր կատարած «Հոյ նարը» բարձրացնում է զինվորի տրամադրությունը: Իսկ եթե, ասենք, վաղը ՊՆ-ն որոշի, որ զինվորին այլ երգեր են հարկավոր, արդյո՞ք Ալլան ծիծաղելի վիճակում չի հայտնվի:

Մեր երգիչներին, նաեւ` հաղորդավարներին մենք շատ ենք սիրում, առանց նրանց հեռուստատեսությունը եւ ընդհանրապես մեր կյանքը պատկերացնել չենք կարող, պարզապես փորձում ենք հասկանալ, թե նրանք իրենց կարիերայի ավարտն ինչպե՞ս են պատկերացնում: Չէ՞ որ ամեն առիթով առաջ «բրթվելու» նրանց սկզբունքը հենց իրենց է վարկաբեկում:

Ելքի մասին

Եթե Հայաստանում արդեն շատերը տիրապետում են շոու-բիզնես մուտք գործելու ուղիներին, ապա գրեթե ոչ ոք չգիտի, թե երբ եւ ինչպես է պետք այդ ոլորտից դուրս գալ։ Փոփ-ժանրն իր թեթեւ ու կարճաժամկետ օգտագործման պատճառով չի կարող անընդհատ եկամուտի եւ աստղային բավարարվածության աղբյուր լինել։ Անպայման գալիս է ժամանակը, երբ հարկ է լինում այն փոխակերպել մեկ այլ բիզնեսի։ Այլապես 40 կամ 50-ամյա փոփ-երգիչները պարզապես ծիծաղելի են դառնում, երբ շարունակում են նույն ջանասիրությամբ, աստղային հագուստներով եւ սիրառատ երգերով հանդես գալ։ Ռուսական շոու-բիզնեսում նման ծիծաղելի իրավիճակում է հայտնվել, օրինակ, Վալերի Լեոնտեւը, ով փետուրներով ու կիսամերկ աղջիկների ուղեկցությամբ 40 տարի շարունակ նույն երգերն է երգում։ Փոփ-դաշտը փոփ-ճահիճ է դառնում: Հայաստանում բավականին անհարմար վիճակում էր հայտնվել, օրինակ, Սյուզան Մարգարյանը, ով շարունակում էր սիրային երգեր երգել (տասնյակ տարիներ շարունակ երգացանկը չփոխելով), մինչդեռ արդեն պատրաստվում էր ամուսնացնել իր դստերը:

Բեմում երկարակյաց են համարվում սովորաբար միայն ռոքերները, ջազմեններն ու «բլատնոյ» երգիչները: Այդ ժանրերը բարեհաճ են հասուն մարդկանց նկատմամբ` կարծես ընդունելով նրանց կյանքի փորձը: Իսկ էստրադային փորձը հարկավոր չէ, նույնիսկ կարելի է ասել` փորձը հակացուցված է, քանի որ գնահատվում են մանկամիտ անձերն ու պարզունակ երգերը: Հայկական երգարվեստը հաճույքով է իր շարքերում պահում միայն «ռաբիս» երգիչների ներկայությունը: Արամ Ասատրյանը դրա վառ օրինակն էր: Իսկ պոպուլյար, այսինքն` «ֆաստ-ֆուդ»-երգիչներին հանդիսատեսը հաճույքով է տապալում` հաշվելով կանանց երեսին օրեցօր ավելացող կնճիռներն ու նկատելով օրեցօր ավելի ու ավելի թուլացող ձայնը: Փիլիսոփա լինել պետք չէ, նկատելու համար, որ միշտ էլ բարձրանալն ավելի դյուրին է, իջնելն է բարդ: Մանավանդ շոու-բիզնեսի պատվանդանից, որը չափազանց խաբուսիկ երեւույթ է:

Ընդհանրապես աշխարհում կուռքերի ստատուս ձեռք բերած մեծահասակ փոփ-երգիչներ չկան, բացառությունները քիչ են (Մադոննան, օրինակ, մանկական գրքեր է գրում եւ պարբերաբար հրաժեշտի տուրեր է կազմակերպում, Ալլա Պուգաչովան նույնպես հրաժեշտը հանդիսատեսի հետ շոու է դարձնում): Փոփ աստղերը անպայման հեռանում են: Լո՞ւռ, թե՞ աղմկոտ. դա արդեն նրանց որոշումն է: Իհարկե, ցանկալի է թիկունքը ապահովել, եւ հետո միայն հեռանալ: Հիմա Հայաստանում այլ մոդել է գործում, թիկունքն են դնում` շոու-բիզնես մուտք գործելու համար, իսկ հետո ձեռնունայն հեռանում են: Շոու-բիզնեսից շահումով դուրս գալու գործը (ակամայից հիշվում է Հրանտ Թոխատյանը) պետք է նախաձեռնել շոու-բիզնես մուտք գործելու թերեւս առաջին իսկ պահից սկսած, այլապես` կոտրված տաշտակի առջեւ հայտնվելու վտանգն է հասունանում: Խելացի փոփ-անձերը դա հասկանում են, սակայն հաշվի առնելով, որ շատերը աստղային հիվանդություն ունեն եւ համոզված են, որ հանդիսատեսն իրենց սիրում է, անընդհատ փորձում են հետաձգել իրենց հեռանալու պահը: Իսկ եթե գումարենք դրան նաեւ շատերի բնածին ծուլությունը, ապա վիճակը (ինչպես կասեին բժիշկները) անմխիթար է դառնում: Շոու-բիզնեսմենների` պարզապես բիզնեսմենների վերածվելու փորձերը երգիչ-հաղորդավարների հոգուն խաղաղություն են բերում:

Ի՞նչ են անում աստղերը՝ 40-ին մոտենալով եւ մի քիչ էլ անցնելով

Երգիչ Հայկոն, օրինակ, հիմա գլամուրային ամսագիր է թողարկում, պատվերով երգեր է գրում, Նունե Եսայանը գեղեցկության սրահ է աշխատեցնում, Զարուհի Բաբայանը շինարարական բիզնեսով է զբաղվում` ավելի ու ավելի հազվադեպ հանդես գալով (թեեւ որպես ջազ-կատարող՝ նա կարող էր ավելի լավ կարիերա կառուցել), իսկ Ալլա Լեւոնյանը (բանակի տրամադրությունը բարձրացնելուց բացի) իր ամուսնու հետ խանութ եւ ռեստորան է բացել։

Ընդ որում` շատ երգչուհիների կյանքում ամուսնությունը եզրագիծ է համարվում, նրանք սկսում են բացառապես ընտանեկան կյանքով ապրել եւ մոռանում են բեմի լուսարձակների մասին: Կարող են նաեւ կցվել ամուսինների բիզնեսին կամ էլ հենց ամուսիններին են բիզնես դարձնում: Չէ՞ որ ամուսնությունը կարող է նաեւ հաջող բիզնես-նախագիծ դառնալ եւ որոշ ժամանակ շահարկվելով` երկարաձգել երգչուհիների բեմական կյանքը։ Կյանքում իրար չհանդուրժող Նունե Եսայանն ու Շուշան Պետրոսյանն, օրինակ, իրենց միաժամանակյա ամուսնությունը (ընդ որում` իրենցից ավելի երիտասարդ տղամարդկանց հետ) եւ մայրանալու փաստը բիզնես քայլ օգտագործեցին եւ այդ շղարշի տակ «Մայրանալուց առաջ» համերգը կազմակերպեցին: Փաստը մնում է փաստ. նրանք կարողացան իրենց նկատմամբ ուշադրություն հրավիրել եւ ապացուցել, որ ամուսնությունը լավ, թեեւ՝ ոչ հավերժ «PR» է: Հիմա Շ.Պետրոսյանը հայ հանդիսատեսին ներկայացնում է ավելի երիտասարդ խմբերին ու կատարողներին` իր անձով նրանց համար ճանապարհ բացելով: Ինչպես ասում են, այդ մեխանիզմը նույնպես «աշխատում» է` ստեղծելով բարերար-աստղի կերպարը: Ալլա Պուգաչովան, օրինակ, մի ողջ համերգային ծրագիր է կազմել այն երգիչներից, որոնք վայելում են իր բարեհաճությունը:

Իր հղիությունից շոու փորձեց սարքել ընդհանրապես երգել չիմացող երգչուհի Արմինկան` ինտրիգ կառուցելով իր ապագա զավակի հոր անվան շուրջ, որը բնակվում է ԱՄՆ-ում: Դա շատ խղճուկ վիճակի մեջ դրեց նրան:

Հարց է ծագում` իսկ հետո՞: Ինչպե՞ս են իրենց կյանքը պատկերացնում հայ աստղերը:

Օգտագործելով սպորտային տերմինը՝ կարելի է ասել, որ շատ սպորտսմեններ կարիերան ավարտելով` դառնում են մարզիչներ։ Եվ արդեն իրենք են սկսում սեփական փորձով կիսվելով՝ աստղային նորանոր բանակներ պատրաստել։ Նման մարզիչ-երգչի լավագույն օրինակը Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն է, ով մարզչական մեծ փորձ ունի եւ արդեն երգիչների մի քանի սերունդ է պատրաստել։ Հայաստանյան շոու-բիզնեսում վաղուց արդեն բոլորի աչքի փուշն է դարձել Նադեժդա Սարգսյանը, ով իր սեփական պրոդյուսերական ընկերությունն ունի եւ իր նմանակներին է ստեղծում։ Համենայնդեպս, նրա ձեռքի տակով անցած բոլոր երիտասարդներն իրար այնքան նման են, որ դժվար է նրանց մեջ անհատականության նշույլ անգամ տեսնել։ Ն. Սարգսյանը նույնիսկ իր դստերը՝ երգչուհի Էմմիին է իր նման փորձում դարձնել, թեեւ Էմմին անկասկած շատ ավելին կարող է անել, քանի որ լավ ձայնային եւ արտաքին տվյալներ ունի։ Սակայն նա դատապարտված է 2-րդ Նադեժդա Սարգսյանը լինել՝ իր բեմական կերպարով, երգերի ընտրությամբ եւ կատարման մեխանիզմով։ Փոխակերպելով հայտնի ասացվածքը` կարելի է ասել. «Ասա՝ ում ես աստղ դարձրել, ասեմ՝ ով ես դու»: