Մինչ միջազգային տարբեր կառույցներ ու պետություններ խոսում են
հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, վերջին շրջանում
Հայաստանում սկսել են այդ թեմայով ակտիվորեն ուսումնասիրություններ
կատարել, որոնք փորձում են ապացուցել, թե սահմանի բացումը Հայաստանին
այնքան էլ մեծ օգուտներ չի բերի: Մի քանի օր առաջ նման գնահատական
հրապարակեց AEPLAC-ը, որն ուսումնասիրությունը կատարել էր ՀՀ
կառավարության պատվերով եւ պարզել, որ հայ-թուրքական սահմանի բացումը
կարճաժամկետ հատվածում Հայաստանին կապահովի ընդամենը 20 մլն դոլարի
լրացուցիչ եկամուտ: Երեկ էլ գրեթե նույն բանը կրկնել է առեւտրի եւ
տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջինս հայտարարել է, թե
այսօր ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 40 մլն
դոլար, իսկ սահմանի բացման դեպքում այդ ցուցանիշը կավելանա 50%-ով,
այսինքն՝ 20 մլն դոլարով: Այսպիսով, իշխանությունները հասարակությանը
փորձում են համոզել, որ հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական էֆեկտը
շատ փոքր կլինի: Մնում է միայն ենթադրել, որ նման
«ուսումնասիրությունները» կատարվում են ոչ թե կառավարության, այլ՝
Դաշնակցության պատվերով: