Անտերության կանխավարկած

27/08/2009

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սեւանի ափին հանդիպել է «Միասին» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստների հետ: «Ուրախ երիտասարդների» հետ հանդիպումը ցուցադրվեց բոլոր հեռուստաընկերություններով` լավատեսական քարոզչության շրջանակներում: Իրականում, վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելը, ըստ ամենայնի, այդ երիտասարդների համար նաեւ շահավետ է եղել, քանի որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, «Միասինի» ակտիվիստները ցանկացած ակցիայի մասնակցելու դիմաց առատորեն վարձատրվում են: Ըստ մեր տեղեկությունների, շարքային ակտիվիստները յուրաքանչյուր ակցիայի համար ստանում են 3000 դրամ, իսկ «խմբապետերը» յուրաքանչյուր ամիս ստանում են առնվազն 30.000 դրամ: Ակցիաների թվից կախված՝ այդ գումարը մեծանում է: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին «կաշառակեր դասախոսների մերկացման» ակցիայից հետո բացահայտվեց, որ «Միասինը», եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո սերտորեն կապված է ՄԻԱԿ կուսակցության հետ: Սակայն, ինչպես ՄԻԱԿ-ի անդամ եւ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար, «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Հովսեփյանը նշեցին, որ ՄԻԱԿ կուսակցությունը ոչ մի կապ չունի «Միասին» երիտասարդական շարժման հետ: