Ապացուցում են ապացուցվածը

27/08/2009

Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Լաերտ Հարությունյանը արդեն որերորդ անգամ բաց նամակով դիմել է ՀՀ ղեկավարությանը եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` եւս մեկ անգամ տեղեկացնելով, որ պետական մարմինների գործունեության կամ անգործության պատճառով «Բջնին» հասցնում են սնանկացման: Բնականաբար, այս նամակը, ինչպես բազմաթիվ նման նամակներ, որեւէ արձագանք չի ստանալու: «Բջնիի» ղեկավարության գործունեությունը, սակայն, միանգամայն հասկանալի է: Գործարանի հետ կատարվող ապօրինությունները նրանք բողոքարկում են բոլոր դատական ատյաններում, այդ թվում` Եվրոպական դատարանում: Եվ բաց նամակով հանդես գալը իրենց իրավունքները պաշտպանելու քաղաքակիրթ ձեւերից մեկն է միայն: Անհասկանալի է սակայն այս հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը չնայած դրսեւորմամբ վերաբերում է առանձին վերցրած սուբյեկտի, սակայն բացահայտում է Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը մասնավոր սեփականության ինստիտուտի եւ տնտեսական ազատությունների նկատմամբ ընդհանրապես: Կատեգորիաներ, որոնցով ողողված են բոլոր պաշտոնյաների սրտաճմլիկ ելույթները: Մինչդեռ իշխանություններն իրենք են ապացուցում, որ «Բջնիի» հետ կատարվողը բացառապես քաղաքական հետապնդում է` պայմանավորված Խաչատուր Սուքիասյանի կողմից Լեւոն

Տեր-Պետրոսյանին սատարելու հանգամանքով: Քանի որ, եթե անգամ մի պահ ընդունենք, որ անցած տարվանից «Բջնիի» դեմ սանձազերծված արշավը տնտեսական բովանդակություն ուներ, ապա ներկայիս ճգնաժամի պայմաններում իշխանություններն իրենք ամեն ինչ պետք է անեին տնտեսական խնդիրները հարթելու եւ մոտ 500 աշխատատեղ ունեցող գործարանին աշխատելու հնարավորություն տալու համար: Եթե չեն անում, ուրեմն սա քաղաքական հաշվեհարդար է, որը հետագայում ունենալու է կոնկրետ քաղաքական հետեւանքներ` ի դեմս Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի: Քանի որ ակնհայտ է, որ ԵԴ-ն «Բջնիի» գործով վճիռ է կայացնելու ՀՀ կառավարության դեմ: Իհարկե, երբ այդ սպառնալիքն ավելի իրական դառնա, Հայաստանի «ազգայնական» գործիչները կհայտարարեն, թե սա ազգային դավաճանություն է, «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու փորձ» եւ այլն: Սակայն այն, ինչ այսօր անում է «Բջնիի» ղեկավարությունը, իրականում ոչ միայն «Բջնիի», այլեւ Հայաստանում սեփականության իրավունքի ինստիտուտի պաշտպանությանն ուղղված քայլ է: Այլ հարց է, որ դա դեռեւս հաջողությամբ չի պսակվում: