ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Սեւանի ափին «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրանց` պայքարելու հայաստանյան բուհերում կոռուպցիայի դեմ: «Դուք պետք է լինեք հետեւողական, չպետք է նահանջեք, հիասթափվեք: Կարծում եմ, որ թիրախը ճիշտ եք ընտրել, դրա համար էլ բավականին բուռն արձագանք ենք մենք տեսնում: Կարծում եմ` առաջին քայլերը, որ դուք կատարում եք, հնարավորություն են տալու ձեզ մտածելու, թե որոնք էին ձեր մարտավարության ուժեղ եւ թույլ կողմերը, ինչի վրա պետք է շեշտադրում կատարեք, որպեսզի հասնեք հաջողության, եւ որոնք են եղել սխալները, որոնք պետք չէ կրկնել: Ցանկացած այսպիսի փորձությունից դուք պետք է դուրս գաք ավելի ուժեղ»,- ասել է նա: «Համենայնդեպս, ինձ համար դասերը հետեւյալն են, որ հասարակության մեջ այս հիվանդությունը բավականին խորն է, որ կան ուժեր, որոնք կատաղի դիմադրություն են ցույց տալու, եւ երրորդ` փորձ է կատարվելու վարկաբեկել ձեր շարժումը, որպեսզի ձեր մտքով չանցնի նորից բարձրաձայն պայքարել արատավոր երեւույթի դեմ: Հասարակությունում կան մարդիկ, որոնք պատրաստ են մեզ աջակցել, եւ անհրաժեշտ է նրանց միավորել այս շարժման շուրջ, եւ, վերջապես, մենք պետք է նոր թափ հաղորդենք այս շարժմանը»,- հավելել է Տ. Սարգսյանը: