Նախօրեին շաքարավազի գների թանկացման առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «Հանձնաժողովի կողմից իրականացված օպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեւորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով: Հանձնաժողովն առայժմ չի համարում, որ շուկայում ստեղծված իրավիճակում մրցակցային օրենսդրության խախտումներ կան: Ամեն դեպքում շուկայի զարգացումները խիստ վերահսկողության տակ են, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- նշված է հաղորդագրության մեջ: Իսկ ԱԺ պատգամավոր, շաքարավազի հիմնական ներկրող Սամվել Ալեքսանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գների բարձրացման պատճառը համաշխարհային շուկայում շաքարավազի գների աճն է: Նա նաեւ նշել է, որ այդ աճը այլ երկրներում ավելի զգալի է, քան Հայաստանում: Վրաստանում, օրինակ, 1 կգ շաքարավազի գինն այսօր 1,6 լարի է, որը համարժեք է 1 ԱՄՆ դոլարին կամ 360 դրամին: Հայաստան ներմուծվող շաքարավազի գնի վրա ավելանում է նաեւ Վրաստանի համեմատ՝ ավելի բարձր փոխադրման արժեքը: