Նոր զեկույց

27/08/2009

Մեր տեղեկություններով, արդեն լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը հերթական զեկույցն են փոխանցել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հաստատեց այդ տեղեկությունը` իր կողմից ավելացնելով, որ «զեկույցը վերաբերում է ՀԱԿ-ի կողմից ժամանակին հնչեցված այն հայտարարությանը, թե իբր իրենք ունեն անհերքելի փաստեր, որոնց համաձայն՝ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ՊՆ պահեստներից ստացել են հանդերձանք, որպեսզի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դրանք տրամադրեն ապօրինի զինվորական կազմակերպություններին»: «Որպես ապացույց՝ նշել են, թե իրենք ունեն իրենց աղբյուրը, որոնց չեն ուզում բացահայտել` նրա անվտանգությունից ելնելով»,- ասել է Ս.Նիկոյանը: Հայտարարությունը մեկնաբանելու մեր թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Ս.Նիկոյանը եթե ասել է, ուրեմն այնտեղ ինչ-որ բան կա»: Նա այլ մանրամասներ չի հաղորդել` նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր կայանալիք ասուլիսի ժամանակ: