Եվս մեկ նամակ

27/08/2009

Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, ով 2009թ. հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանի թիվ 8 մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի թիվ 2 ընդհանուր ռեժիմի գաղութ, օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի թիվ 6 խստացված ռեժիմի գաղութ: Այս կապակցությամբ «Երկիր» միությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պահանջում է վրացական իշխանություններից անհապաղ դադարեցնել Վ. Չախալյանի անձի նկատմամբ բանտային ճնշումները եւ երաշխավորել նրա անվտանգությունը` տեղափոխելով նրան մինչեւ բողոքարկման ամբողջ գործընթացի ավարտը (այդ թվում` նաեւ վերադաս ատյաններում) բանտարկության նախկին վայր` Գլդանի թիվ 8 մեկուսարան: Միությունն արձանագրում է, որ վրացական իշխանությունները փոխարենն ապահովելու ջավախահայ քաղաքական ակտիվիստի անվտանգությունը, էլ ավելի են վտանգում այն` տեղափոխելով նրան մի հաստատություն, որտեղ պատիժ են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություն կատարած անձինք: