Կառավարության այսօրվա հերթական նիստից առաջ` երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սեւանա լճի ափին հանգստացող «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին: Արեւահարված երիտասարդների համար վարչապետը դասախոսություն է կարդացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի էության, ծագման պատճառների, հետագա ընթացքի եւ հետեւանքներին վերաբերող հարցերի մասին: Նա ասել է, որ տնտեսագետները հակված են ճգնաժամը բացատրել երկու տարբերակով: Առաջինի համաձայն` տնտեսական աճի տարիներին անպայման փոխարինելու է գալիս անկումը, եւ դա կրում է ցիկլային բնույթ: Այս պայմաններում կառավարությունները սկսում են վարել ընդլայնողական քաղաքականություն: Մյուս տարբերակի համաձայն` սա հերթական ցիկլային ճգնաժամ չէ, այլ նոր աշխարհի ձեւավորում, որտեղ հասարակության հիմնական հենքային գործընթացները զիջում են իրենց տեղը նորերին, իսկ նորի ձեւավորումը, բնականաբար, սահուն չի լինում: Իսկ թե ինչու է մոտ 20 տոկոսանոց տնտեսական անկում ապրող երկրի մի ամբողջ վարչապետը պետական բենզին ծախսել ու հասել Սեւան՝ որեւէ երիտասարդական շարժման մասնակիցների հետ զրուցելու համար, դժվար է ասել: Գուցե դա ճգնաժամային բացատրության երրորդ տարբերակն է: