Աբսուրդային չար կատակ

27/08/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

ոտ մեկ շաբաթ առաջ ռուսական իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունեցող գործակալություններից մեկը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման ուժերի ստեղծման համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ երկու ռազմական բազաներ կառուցել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես` Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում: Դրանից հետո ՀԱՊԿ-ն պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը: «Մենք պաշտոնական տեղեկատվություն չունենք Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում կամ Ռուսաստանի այլ տարածքում Հայաստանի ռազմաբազաներ տեղակայելու մասին»,- հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգավեցը: Այդուհանդերձ, այս կիսահերքված տեղեկատվությունը Հայաստանում որոշակի քննարկման առիթ դարձավ: «Եթե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունները չկարգավորվեն` սահմանը չբացվի, եւ Հայաստանը հնարավորություն չունենա դուրս գալու Սեւ ծով եւ Միջերկրական ծով, ապա Ռուսաստանը կարող է մեզ այլընտրանքային հնարավորություններ տրամադրել` ի դեմս Կասպից ծովի եւ Սեւ ծովի մոտ գտնվող իր ռազմաբազաների»,- թերթերից մեկին տված հարցազրույցում ՀԱՊԿ-ի պաշտոնական հերքումից մի քանի օր անց հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով` դա մեծ առավելություն կլինի Հայաստանի համար: «Այդպիսով ռուսները կարծես ակնարկում են, որ հարկ եղած դեպքում կարող են Հայաստանը դարձնել տարածաշրջանային կարեւոր գործոն` եւ՛’ ռազմական, եւ’ տնտեսական առումով»,- նշել էր նա` փաստորեն իրենից անկախ հերքելով ՀՀ իշխանությունների մշտապես հնչող այն հայտարարությունները, թե այսօր էլ Հայաստանը կարեւոր գործոն է տարածաշրջանում: Արդյո՞ք իրատեսական է Ռուսաստանում հայկական ռազմաբազաներ տեղակայելու հեռանկարը, կարո՞ղ է Հայաստանը այն որպես սպառնալիք օգտագործել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս հարցերի վերաբերյալ տարբեր փորձագետներ տարբեր կարծիքներ ունեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան.- Այդ լուրերը տարածվեցին ոչ թե նրա համար, որ իրատեսական էր դրանց բովանդակությունը, այլ` որովհետեւ Ադրբեջանին հստակ ուղերձ հղելու խնդիր կար այն բանից հետո, երբ վերջինս աղմուկ բարձրացրեց Թուրքիա-Ռուսաստան բանակցություններում քննարկվող հարցերի վերաբերյալ: Ռուսաստանը, համաձայն լուրերի, դիմել էր Թուրքիային` նրա տարածքը Գյումրիում տեղակայված իր ռազմաբազաների սպասարկման համար օգտագործելու խնդրով: Ադրբեջանը սրա հետ կապված մեծ աղմուկ բարձրացրեց, թուրքական կողմը հերքեց, որ նման համաձայնություն կարող է տալ: Հետո ադրբեջանական կողմը բարձրացրեց կասպիական գվարդիայի գաղափարը, որը Ռուսաստանը ընկալում է որպես Արեւմտյան նախաձեռնություն: Այսինքն` Ադրբեջանին հասկացվում էր, որ եթե նա շարունակի նույն կերպ եւ ընթացք տա այդ գվարդիայի ստեղծմանը, ապա բացառել չի կարելի, որ Ռուսաստանը թույլատրի Հայաստանին ռազմաբազաներ տեղակայել իր տարածքում այն նույն հիմունքներով, ինչ հիմունքներով որ Հայաստանում են տեղակայված ռուսական ռազմաբազաները: Հետաքրքիր էին նաեւ հնարավոր տեղակայման համար նշվող վայրերը. մեկը Դաղստանն էր` Ադրբեջանի անմիջական հարեւանությամբ, մյուսը` հայաբնակ Մերձսեւծովյան տարածաշրջանը: Կարծում եմ` Հայաստանին էլ ուղերձ կար այն առումով, որ եթե Հայաստանը ցանկանում է, կարող է պայքարել այդ հեռանկարի համար: Բայց չեմ կարծում, թե այս քաղաքական-տակտիկական խաղերում ներքաշվելու դեպքում որեւէ լուրջ բան ստացվի: Առավել էականն այստեղ այն է, որ եթե Հայաստանն ընդունի այդ մարտահրավերն ու ընդառաջ գնա դրան` թեկուզ քննարկումների մակարդակով, ակնհայտորեն վատանալու են մեր հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Հովհաննես Հովհաննիսյան, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ
.- Թե ինչ է նկատի ունեցել Ռ. Զոհրաբյանը նման բաներ ասելով, կարող եք իրենից հարցնել: Իսկ որ Հայաստանը ռազմաբազաներ տեղակայի Կրասնոդարի երկրամասում կամ Դաղստանում, դա լրիվ աբսուրդ եմ համարում` երկու պարզ պատճառով: Առաջին` դա ընդհանրապես հնարավոր չէ, երկրորդ` Հայաստանը այն երկիրը չէ, որ Ռուսաստանում ռազմաբազաներ տեղակայի: Ընդհանրապես` ՀԱՊԿ-ի ու այդ արագ արձագանքման ուժերի շրջանակներում Հայաստանը ավելի քիչ դեր ու նշանակություն ունի, քան ասենք` Ղրղըզստանը: Այսինքն` մեր երկրից դուրս ռազմաբազաներ տեղակայելը պարզապես մեր ուժերից վեր է: Հակառակը կարող է տեղի ունենալ, այսինքն` Ռուսաստանը կարող է երկրորդ ռազմաբազան կառուցել Հայաստանում: Բայց այդ լուրերը, որ տարածվեցին մոտ մեկ շաբաթ առաջ, դա աբսուրդ է: Դա կամ ինչ-որ մեկի չար կատակն է, կամ էլ վառ երեւակայության արդյունքը:

Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ.
– Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում` Սեւ ծովում կամ Կասպից ծովում հայկական ռազմաբազաների տեղակայում: Ես չգիտեմ, թե Ռ. Զոհրաբյանը ինչ է նկատի ունեցել դա ասելով: Մենք ոչ նավատորմ ունենք, ոչ ռազմածովային ուժեր: Եվ հետո ինչների՞ս է պետք նման ռազմաբազաները Ռուսաստանի տարածքում տեղակայելը: Այսինքն` ուղղակի դրա իմաստը չեմ հասկանում: Մի քանի օր առաջ նաեւ ինֆորմացիա տարածվեց, թե Հյուսիսային Կովկասում կարող են ինչ-որ տարածքներ տրամադրել մեզ` այն իմաստով, որ երկաթգծի անվտանգությունն ավելի լավ ապահովված լինի, որ այն անխափան գործի: Բայց եթե մենք ելք չունենք Սեւ ծով կամ Կասպից ծով, մեր ռազմաբազաներն այնտեղ ի՞նչ են անելու, ո՞ւմ դեմ են որպես այդպիսին հանդես գալու: