Նախաճգնաժամային մակարդակին հասնելու ենք 4-5 տարի հետո

27/08/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– ԱՎԾ-ն հրապարակել է 2009թ. առաջին 7 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որի համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 18.5%: Դուք սպասո՞ւմ էիք այսքան մեծ անկում:

– Դեռեւս 2008թ. վերջին, երբ ԱԺ-ն ընդունեց 2009թ. բյուջեն, հայտարարել էի, որ գալիք տարի պետք է սպասել երկնիշ անկում` մինչեւ 20%: Նման սպասումների հիմքում ընկած էին տարվա վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ առաջ եկած բացասական միտումները: Ընդհանրապես մեր երկրի տնտեսությունը վերջին տարիներին բնութագրվում է մի օրինաչափությամբ, ավելի ճիշտ` զուգադիպությամբ: Յուրաքանչյուր տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները համապատասխանում են նախորդ տարվա վերջին եռամսյակի ցուցանիշներին: Իսկ 2008թ. վերջին եռամսյակում ՀՆԱ անկումը նախորդ եռամսյակի համեմատ շուրջ 20% էր կազմել: Ինչ վերաբերում է այս տարվա 7 ամիսների ցուցանիշին, նշեմ, որ այդ աստիճան մեծ անկումը իմ համար եւս անակնկալ էր, թեեւ ըստ տնտեսության ճյուղերի մարտ ամսին հրապարակված գնահատականները հիմնականում համապատասխանեցին առաջին 7 ամիսների փաստացի ցուցանիշների հետ: Որոշակի շեղում դրսեւորվեց 2 պարագայում. նախ՝ այս 7 ամիսներին որոշակի աճ է նկատվել առեւտրի եւ սպասարկման ոլորտում, ինչն առաջին հայացքից զարմանալի է, քանի որ նշված ժամանակահատվածում ներմուծման ծավալները նվազել են շուրջ 1/3-ով, իսկ արդյունաբերական արտադրանքինը` 12%-ով: Այսինքն` առեւտրի նման աճը պայմանավորված է ստվերայնության կրճատման ուղղությամբ իրականացված միջոցառումներով, այդ թվում՝ ՀԴՄ-ների կիրառմամբ, եւ հասկանալի է, որ երկարաժամկետ չի կարող լինել: Հաջորդը շինարարության սպասվածից ավելի մեծ անկումն էր (ավելի քան 50%՝ կանխատեսված 30-35%-ի փոխարեն):

– Իսկ Ձեր գնահատականներով՝ 2009-ը ի՞նչ ցուցանիշներով ենք ամփոփելու:

– Տարեկան կտրվածքով ցուցանիշները լինելու են մի քիչ ավելի բարվոք, քան այս յոթ ամիսների ցուցանիշներն են. կարծում եմ՝ տարվա արդյունքներով անկումը կկազմի 12.5-13%: Սակայն սա պայմանավորված չի լինելու տնտեսության մեջ ինչ-որ դրական միտումներով կամ, այսպես կոչված` կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման արդյունավետությամբ: Տեսեք, 2009թ. հուլիսին ՀՆԱ անկման ծավալները այդքան մեծ էին, քանի որ 2008թ. հուլիսին մենք ունեցել էինք բավականին ծավալուն տնտեսական աճ: Իսկ քանի որ 2008թ. օգոստոսին Վրաց-ռուսական պատերազմի հետեւանքով ՀՆԱ չնչին աճ է եղել, ուստի 2009թ. հունվար-օգոստոս ՀՆԱ անկումը 18.5%-ից ավելի ցածր կլինի: Նույն տրամաբանությամբ, քանի որ 2008թ. վերջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ 20% անկում է արձանագրվել, ապա այս տարվա վերջին եռամսյակում նախավերջին եռամսյակի համեմատ, եթե, ասենք, 17-18% անկում էլ լինի, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ այս տարի նույնիսկ աճ կարձանագրվի: Բայց հասկանալի է, չէ՞, որ սա աճ չէ, սա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա վերջում ՀՆԱ-ն ավելի փոքր է եղել:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարությանը կից օպերատիվ շտաբի գործունեությունը: Մի՞թե ավելի վատ չէր լինի, եթե այդ շտաբը չլիներ: Այն արդեն 10 մլն դոլարի վարկային երաշխիքներ է տվել կառուցապատողներին, բիզնես պլաններ է քննարկել ու որոշումներ կայացրել:

– Սա իհարկե վատ չէ, լավ է, երբ ինչ-որ բան արվում է: Սակայն բերեք հասկանանք, ընդհանուր առմամբ ի՞նչ գումարի վճիռներ է կայացրել այդ օպերատիվ շտաբը: 10-15 մլն-ը, նույնիսկ 50 մլն գումարը հունվար-հուլիս ամիսների անկման ծավալների համեմատ ոչինչ է: Այդ 18.5% անկումը կազմում է ավելի քան 300 մլրդ դրամ (շուրջ մեկ մլրդ դոլար): 10 մլն-ը այստեղ ի՞նչ թիվ է: Առավել եւս, որ մենք գործ ունենք ոչ թե կոնկրետ ոլորտում առաջ եկած հարցերի, այլ համակարգային խնդիրների հետ: Բազմիցս նշել եմ` ՀՀ տնտեսությունը լուրջ հիվանդ է, այդ հիվանդության ախտանիշերն են առաջին հերթին կոռումպացվածությունն ու մենաշնորհների առկայությունը: Վերջին տասնամյակում մեր երկրում ձեւավորվեց ուրույն տնտեսական համակարգ, որը շատ հեռու է ազատական անվանվելուց: Որեւէ տնտեսավարող սուբյեկտի ճակատագիրը ավելի շատ կախված է տարաբնույթ չինովնիկների կամ օլիգարխների բարեհաճ վերաբերմունքից, անորոշ են «խաղի» կանոնները, մեծ են ռիսկերը: Խոսքը գնում է տնտեսական քաղաքականության դերի կտրուկ աշխուժացման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման, առկա կնճիռների ու հանցավոր շեղումների վերացման մասին: Այս եւ նման խնդիրների լուծումն է կանխորոշելու ճգնաժամային վիճակից դուրս գալը, մինչդեռ, համաձայնվեք, որ այս ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

– Ըստ Տիգրան Սարգսյանի, քանի որ նախորդ տարվա համեմատ շահութահարկի տեսակարար կշիռը բյուջեի եկամուտների կառուցվածքում այս տարի, տնտեսական անկման պարագայում, ավելի մեծ է, ուրեմն ստվերային տնտեսությունը գնալով կրճատվում է: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

– Իհարկե լավ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն եկեք տեսնենք՝ շահութահա՞րկն է աճել, թե՞ մյուս հարկատեսակներն են ավելի մեծ չափով նվազել: Կարծում եմ՝ ներմուծման ծավալների զգալի անկման հետեւանքով ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը էապես նվազել են, որի հետեւանքով էլ շահութահարկի տեսակարար կշիռը ավելի մեծ թիվ է դարձել: Ստվերի դեմ պայքարի որոշակի տեղաշարժեր տեղի են ունեցել, նկատելի են առեւտրի բնագավառում այդ տեղաշարժերը: Սակայն արդյո՞ք դա բավարար է կամ համարժեք է ստեղծված իրավիճակին: Կարծում եմ` ոչ: Արդյո՞ք փոխվել է մենաշնորհների դերը, արդյո՞ք նրանք այլեւս չեն թելադրում խաղի կանոնները: Իհարկե ոչ:

– Կհաջողվի՞ կառավարությանը 2009թ. բյուջեի սեկվեստր չիրականացնել:

– Ես այս հարցը չեմ հասկանում: Սեկվեստրը դա բյուջետային եկամուտների նվազման համապատասխան ծախսերի կրճատումն է, որը, այո, չի կատարվել: Սակայն կատարվել է ավելի լուրջ մի բան` ամբողջությամբ փոփոխվել է մեր երկրի բյուջեն, ներկայումս այն ունի որակապես այլ բնութագրեր, այլ համամասնություններ, քան նախատեսված էր մեր երկրի համապատասխան օրենքով: Ընդ որում, այս ամենը կատարվել է ոչ հրապարակային, շրջանցելով գործող օրենքները, մասնակից չդարձնելով օրենսդիր մարմինը: Անկեղծ ասած, ինձ զարմացնում է, թե ինչու է կառավարությունը տվյալ դեպքում այդ աստիճան պատասխանատվությունը իր վրա վերցնում: Կտրուկ փոփոխվել է տնտեսական իրավիճակը, բյուջեի եկամուտները զգալի նվազել են, փորձ է արվում այդ ճեղքը փակել արտաքին փոխառությունների միջոցով: Այսինքն` բյուջեի գաղափարախոսությունը արդեն իսկ փոխվել է: Այս պարագայում` ինչու է կառավարությունը ասում, որ մենք բյուջեի փոփոխության մասին չենք մտածում: Բյուջեն ավելի լայն իմաստով համաձայնություն է իշխանության եւ հասարակության միջեւ: Դրա համար այդ աստիճան մանրակրկիտ, բարդ գործընթաց է բյուջեի ընդունումը: Իսկ այսօր փակ սենյակում կառավարությունը որոշում է, թե որ ծախսերն է կրճատելու կամ հետաձգելու, ինչ եկամուտներն է ավելացնելու եւ այլն: Նման վերաբերմունքի հետեւանքները անհամեմատ ավելի ծանր են լինելու: Բյուջետային գործընթացը որոշակի մշակույթ է: Այդ մշակույթի կորուստը ավելի վտանգավոր է տնտեսության, հասարակության ու պետության համար:

– Իսկ ինչ է սպասվում 2010-2011թթ.-ին:

– Ցավոք, մյուս տարի եւս գործ ենք ունենալու անկման հետ, իմ գնահատականներով` մոտ 2%-ի չափով: Աճ լավագույն դեպքում կարելի է սպասել 2011թ.-ին, այն էլ՝ 1-2%-ի շրջանակներում: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ նախաճգնաժամային մակարդակին մենք լավագույն դեպքում հասնելու ենք 4-5 տարի հետո: Այսինքն` կառավարության եւ ընդհանրապես հասարակության, եթե իհարկե իշխանությունները գիտակցեն դրա անհրաժեշտությունը, բոլոր գործողությունները պետք է ուղղվեն բավականին լուրջ հակաճգնաժամային միջոցառումների ոչ պակաս, քան հնգամյա ամբողջական ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Այսինքն` եթե որեւէ մեկն ասի` հիմա այս կոնկրետ քայլը ձեռնարկենք, այս մի միջոցառումն իրականացնենք, ու վիճակը կշտկվի, չհավատաք: Ծրագիրը պետք է լինի համալիր եւ երկարաժամկետ: