Հավանական չէ

27/08/2009

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը երեկվա ասուլիսում` ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է` մինչեւ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի Մարգարա գյուղի մասով, հայտարարել է, թե նման սցենարի զարգացումը հավանական չէ: «Հավանականությունը մեծ չեմ համարում իրականում, որովհետեւ դա կգնահատվի որպես այցի համար բացված միջանցք, այլ, բնականաբար, ոչ թե բացած սահման: Բայց կա հետաքրքիր, էական մեկ այլ հարց` եթե դու գնում ես սահմանը բացելուն եւ այն պետք է փակես` էական չի՝ 24 ժամ հետո, մի ամիս հետո, 2 ամիս հետո, թե երբ, դու դրա համար պետք է բավական ուժեղ հիմնավորում ունենաս: Եվ, հետեւաբար, այդ տեսակետից կրկին առաջանալու է խնդիր, որ փորձելու են նախաձեռնության սեփականաշնորհում ասածը վերափոխել ինչ-որ պրոցեսի արգելակմամբ դիմացինի մեղքի»,- ասել է Կ. Բեքարյանը: Ըստ նրա` Թուրքիան գտնվում է «ավելի մեծ իմիտացիոն դաշտում, քան հայ-թուրքական հարաբերությունները»: Նրա կարծիքով` որքան էլ Թուրքիան իմիտացիա է ստեղծում հայ-թուրքական գործընթացներում, դա չպետք է հիմք լինի հարաբերությունները կարգավորելու փորձերը դադարեցնելու համար: Նրա հավաստմամբ` Թուրքիայի կողմից հայ-թուրքական կարգավորման գործընթացի արգելափակումը չի բխում հենց Թուրքիայի շահերից: