Մերժման կոչ

27/08/2009

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով մերժել դաշնային վերաքննիչ դատարանի մոլորեցնող որոշումը: Այն չեղյալ է համարում Կալիֆոռնիայի օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն «Արմենպրեսին» ասել է, որ այդ նամակով կոչ է արվում ԱՄՆ նախագահին նաեւ անհապաղ ու հրապարակային հաստատել, որ այդ որոշումն ԱՄՆ դաշնային քաղաքականության արտահայտություն չէ, ինչպես դա պնդել էր դատարանը` նպատակ ունենալով խոչընդոտել Կոնգրեսի կամ նահանգների կողմից այս մեծագույն ոճրագործության ճանաչումը: Հիշեցնենք, որ դատական այդ որոշումը, որը կայացվել էր օգոստոսի 20-ին ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, պնդում էր, իբր «նահանգների կողմից այդ ոճրագործության ճանաչումը հակասում է դաշնային քաղաքականության արտահայտմանը եւ հակասահմանադրական է»: «Պարոն նախագահ, Դուք դատարանի որոշման մեջ անմիջական պատասխանատվություն եք կրում` խախտելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ձեր կողմից բազմիցս կրկնված, բյուրեղի պես պարզ խոստումը: Այդ որոշումը ԱՄՆ գործադիր իշխանության պաշտոնական քաղաքականության արտացոլում է` ակտիվ կերպով ընդդիմանալ ոճրագործության պատշաճ ճանաչմանը, նաեւ խոչընդոտել նահանգներին ընդունել այնպիսի օրենսդրություն, որը թույլ կտա Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պահանջել իրենց հարազատների կորցրած գումարները»,- գրել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: