Վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքի պարտադիր ատրիբուտներից
մեկը դարձել է «թեժ քաղաքական աշնան» խոստումը, որ հնչում է հիմնականում
ընդդիմադիր քաղաքական գործիչների շուրթերից: Պարտադիր է դարձել նաեւ այն,
որ այդ խոստումը երբեք իրականություն չի դառնում: Պատահականությո՞ւն է
արդյոք, թե՞ ոչ, բայց այս տարի որեւէ ընդդիմադիր առայժմ «թեժ քաղաքական
աշուն» չի խոստացել: Այն դեպքում, երբ, ի տարբերություն նախորդ տարիների,
հենց այս տարվա աշնանն են տեղի ունենալու իրադարձություններ, որոնք կարող
են թեժացնել ոչ միայն աշունը, այլեւ՝ առաջիկա քաղաքական ձմեռն ու գարունը:
Աշնանը հանրապետության գրեթե բոլոր համայնքներում կայանալու են տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններ, դրանց հաջորդելու է
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Եթե անգամ անկանխատեսելի
զարգացումներ էլ տեղի չունենան, միայն այս իրադարձությունները բավական են
մեռյալ քաղաքական վիճակից դուրս գալու համար: Իհարկե, մի կողմից
ընդդիմությունը ճիշտ է, որ նախորդ տարիների նման «լոպազություն» չի անում
ու դատարկ խոստումներ չի տալիս: Առավելեւս, որ դրանց հավատացողներ գրեթե
չեն մնացել: Բացի այդ, ընդդիմությունն, ըստ էության, չի մասնակցելու ոչ
ՏԻՄ ընտրություններին, ոչ էլ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Եվ
եթե աշունը թեժանա էլ, ապա միայն կոալիցիայի ու իշխանամետ
կուսակցությունների միջոցով, որի արդյունքում, սակայն, քաղաքական
իրավիճակն ու ուժերի դասավորությունը հազիվ թե էական փոփոխությունների
ենթարկվեն: Ի դեպ, եթե նախկինում ընդդիմության՝ թեժ աշնան մասին
խոստումներին իշխանությունները պատասխանում էին երկրի կայունության,
տնտեսական աճի ու իշխանությունների դիրքերի ամրության մասին առասպելներով,
ապա այս տարի նման «թիթիզությունների» հետեւից չեն ընկնում ու խոսում են
«չորով»` քաղաքական պայքարն այլեւս տեղափոխելով «գլուխ ջարդելու»
հարթություն:
Այսպիսով, եթե առաջնորդվենք անցած տարիների օրինաչափությամբ, կարելի է
հուսալ, որ նախկինում ընդդիմությունը թեժ աշուն էր խոստանում, չէր անում,
այս տարի չի խոստանում, բայց կկարողանա աշունը «թեժացնել»: Իսկ եթե ավելի
լուրջ, ապա, չնայած ընդդիմության պասիվությանը, իշխանություններն,
այնուամենայնիվ, պատրաստվում են իրադարձությունների զարգացման ցանկացած
սցենարի: Բացի սափրագլուխներից, ջրցան մեքենաներից ու հանրահավաքները
ցրելու այլ միջոցներից, այս աշնանն իշխանություններն ունենալու են
ընդդիմության դեմ պայքարելու եւս մեկ միջոց: Ընդ որում, ի տարբերություն
թվարկվածների, այս մեկը լինելու է օրենքի շրջանակներում:
Ընդամենը երեք օրից լրանում է այն ժամկետը, համաձայն որի,
կուսակցությունները պետք է Արդարադատության նախարարությանը գրավոր
տեղեկացնեն այն մասին, որ իրենց անդամների թիվը գերազանցում է 2000-ը,
յուրաքանչյուր մարզում կուսակցությունն ունի տարածքային ստորաբաժանում եւ
առնվազն 100 անդամ: Այս պահանջն ամրագրվել է 2004 թ. դեկտեմբերին
«Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
Նախաձեռնության հեղինակը կոալիցիան է, նպատակն էլ՝ առավել քան «ազնիվ» ու
անհեթեթ՝ կրճատել հանրապետությունում գրանցված կուսակցությունների թիվն ու
այդ ճանապարհով բարձրացնել նրանց որակը: Թե այս հանճարեղ փոփոխությունից
հետո Հայաստանում գրանցված 68 կուսակցություններից քանիսը կմնան (ըստ
օրենքի, եթե կուսակցությունները սահմանված ժամկետում այդ տեղեկանքը չեն
ներկայացնում, մեխանիկորեն լուծարվում են), պարզ կլինի մի քանի օրից:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը հրաժարվեց
տեղեկանք ներկայացրած կուսակցությունների մասին տեղեկատվություն տալուց՝
նշելով, որ կուսակցությունների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան իրենք
հրապարակելու են օգոստոսի 6-ին: Սակայն որոշ գնահատականներով, այս
պահանջները Հայաստանում կարող են բավարարել 15-20-ից ոչ ավելի
կուսակցություններ: Սակայն այդ չափանիշներին բավարարած կուսակցություններն
այլեւս կհայտնվեն իշխանությունների բացարձակ վերահսկողության դաշտում,
քանի որ, ըստ օրենքի, կուսակցությունները լիազոր մարմնին՝ Արդարադատության
նախարարությանը պետք է տրամադրեն նաեւ իրենց անդամների անձնական
տվյալները՝ հասցեն, աշխատանքի վայրը, անձնագրի տվյալները եւ այլն:
Այսինքն՝ իշխանությունները հնարավորություն են ստանում հատ-հատ վերահսկել
ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու: Ակնհայտ է, որ այս «լծակն»
առաջին հերթին կօգտագործվի քաղաքական ակտիվության շրջանում՝ կոմպրոմատներ
հավաքելու, շանտաժ անելու եւ ակտիվիստների նկատմամբ «գործ սարքելու»
նպատակով: Բացի այդ, շատ կուսակցությունների շարքային անդամներ, ովքեր
աշխատում են այս կամ այն պետական կառույցում կամ որեւէ օլիգարխի պատկանող
ձեռնարկությունում (իսկ Հայաստանում գրեթե բոլոր աշխատող ընկերությունները
պատկանում են օլիգարխներին), աշխատանքը չկորցնելու համար ստիպված են
լինելու դուրս գալ կուսակցություններից: Դա նախ՝ թուլացնելու է ընդդիմադիր
կուսակցություններին, բացի այդ՝ նպաստելու է մարգինալ քաղաքականության
ձեւավորմանը: Մյուս կողմից, այսօր նկատվում է հակառակ երեւույթը. օրենքի
պահանջներին համապատասխանելու համար կուսակցությունները ստիպողաբար
համալրում են իրենց շարքերը: Սրանք այս օրենքի կիրառման գործնական
հետեւանքներն են լինելու: Ինչ վերաբերում է քաղաքական ընտրությանը,
ազատությանը, ապա այս օրենքի նպատակներից մեկն էլ այդ հասկացությունների
վերացումն է: Ի՞նչ գաղափարական ազատության մասին կարող է խոսք լինել, եթե
դրա արտահայտման համար պարտադիր է ունենալ նվազագույնը 2000 անդամ:
Այսինքն՝ եթե ինչ-որ գաղափարի շուրջ համախմբվում է ասենք 50 կամ 100 մարդ,
այդ գաղափարն արժանի չէ ներկայացվելու հասարակությանը: Ստացվում է, որ
կուսակցութունները պետք է մրցեն ոչ թե իրենց գաղափարներով, այլ անդամների
թվով: Կամ, եթե որեւէ կուսակցության հիմնական նպատակը քաղաքային խնդիրների
լուծումն է եւ քաղաքային իշխանությունում անդամներ ունենալը, ինչո՞ւ պետք
է այն ստորաբաժանում ու անդամներ ունենա սահմանամերձ մարզերում: Կարելի է
բազմաթիվ նման հակասություններ նշել, սակայն ակնհայտ է, որ այս օրենքի
կիրառման հիմնական նպատակը լինելու է կուսակցությունների
վերահսկողությունը եւ քաղաքական այլակարծության բացառումը: Այս
իշխանությունները սովոր են ցանկացած ոլորտում մենաշնորհ հաստատել: Եթե դա
հաջողվում է տնտեսության մեջ, ինչո՞ւ չկիրառել նաեւ քաղաքական դաշտում: