«168 Ժամի» նախորդ համարի «40 աստիճան ջերմությամբ երեխային չեն ընդունել» վերնագրով հոդվածը վերաբերում էր 4 անչափահաս երեխաների մայր Անժելա Խաչատրյանի ահազանգին:
Հիշեցնենք, որ վերջինիս 1 տարեկան երեխան անդադար ջերմում էր եւ մարմինն ամբողջությամբ ցանով էր պատվել: Անժելան դիմել էր խմբագրություն` խնդրելով իր ոտնահարված իրավունքները վերականգնելու միջոցներ գտնել: Վերջինիս խոսքերով` 6-րդ պոլիկլինիկայում երեխային պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերել, հետեւաբար, ըստ նրա` «Անուշ անունով բուժքույրն անկետաները տվեց ձեռքս ու ինձ դուրս արեց»,- մեզ հետ զրույցում ասում էր Ա. Խաչատրյանը: Հրապարակմանն անմիջապես արձագանքեցին ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության պատասխանատուներն, այնպես էլ` 6-րդ պոլիկլինիկայի եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նախ Ն. Դալլաքյանն իր վրդովմունքը հայտնեց Ա. Խաչատրյանի՝ թերթին դիմելու քայլի վերաբերյալ, այնուհետեւ տեղեկացրեց, որ չորս երեխաների մորը շատ լավ է ճանաչում. «Մենք նրան շատ լավ գիտենք, որովհետեւ ամիսներով մեր հիվանդանոցում պահել-խնամել ենք: Անտուն վիճակում էր, թույլ տվեցի, որ երեխաների հետ երկար ժամանակ մնա հիվանդանոցում, որովհետեւ էստեղ իրենց պաշտպանված են զգում: Երեխաներից բոլորին էլ բուժել, խնամել ենք: Մեր աշխատակիցներն անգամ հագուստով, սնունդով ձեռք էին մեկնում: Ինչ վերաբերում է պոլիկլինիկա դիմելուն եւ նրա հետ վատ վերաբերվելուն, ապա ես վստահեցնում եմ, որ նա սխալ տեղեկություն է ձեզ տրամադրել, որովհետեւ բժիշկները երեխային ստուգել են, որից հետո ուղեգրել են Արաբկիրում գտնվող մաշկային հիվանդանոց»: Ի դեպ, երեկ Անժելային Առողջապահության նախարարություն էին հրավիրել, լսել էին նրա դժգոհությունն ու առաջարկել էին երեխաների հետ տեղափոխվել ցանկացած հիվանդանոց: «Ես ուզեցի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում բուժել երեխային, որովհետեւ էստեղ մեզ շատ լավ են վերաբերվում: Ն. Դալլաքյանը միշտ էլ հոգատար ա եղել, ու ինչ հարցով դիմել եմ` ընդառաջել ա: Իմ բողոքը պոլիկլինիկայի բուժքրոջ հետ ա կապված, որտեղից ինձ կոպիտ ձեւով են ճանապարհել, բայց ես չեմ իմացել, որ 6-րդ պոլիկլինիկայի տնօրենը Ն. Դալլաքյանն ա, թե չէ` անմիջապես իրան կդիմեի»,- ասաց արդեն հիվանդանոցում գտնվող Անժելան: Ի դեպ, երեկ Ն. Դալլաքյանն իր սենյակ հրավիրեց Անժելային, 6-րդ պոլիկլինիկայի մանկաբուժական բաժնի վարիչ Լ. Թորոյանին եւ Անուշ անունով բուժքրոջը, որպեսզի պարզաբանենք կատարվածը: Անժելան պնդում էր, որ պոլիկլինիկայի բժիշկները, մասնավորապես՝ գլխավոր բժիշկն իրեն մշտապես օգնել եւ ընդառաջել է, մինչդեռ բուժքրոջ հետ կոնֆլիկտը նա բացատրեց հետեւյալ կերպ. «Որովհետեւ դու գիտես, որ քյասիբ եմ, չեմ կարա բոնբոներկա բերեմ, դրա համար էլ միշտ էլ կոպիտ ձեւով ես ինձ վերաբերվում: Երեսիդ եմ ասում, որ քանի անգամ գլխավորը քեզ իմ մոտ նկատողություն ա արել: Դու անկետաները տվիր ձեռս ու ուղարկեցիր»: Բուժքույրն էլ իր հերթին պնդում էր, որ իր պարտականությունները կատարում է պատշաճ կերպով, պարզապես Անժելան բնույթով կոնֆլիկտային է: Ի դեպ, եթե օրեր առաջ Անժելան ասում էր, որ երեխային ընդհանրապես բժիշկները չեն ստուգել, ապա տնօրենի ներկայությամբ ասաց, որ լսել են երեխայի սրտի աշխատանքը, թոքերը, այնուհետեւ ուղեգրել են մաշկային հիվանդանոց: 6-րդ պոլիկլինիկայի բաժնի վարիչ Լ. Թորոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Հիվանդը դիմել է մեզ, բուժքույրը հիվանդին ուղեկցել է տեղամասային մանկաբույժ Էվաջյանի մոտ: Հիվանդը գանգատվել է մաշկի ցանից: Մանկաբուժական ընդհանուր զննումը կատարելուց հետո ուղարկել է մաշկաբանի մոտ կոնսուլտացիայի: Մաշկաբանը երեխային զննելուց հետո գտել է, որ երեխան կարիք ունի ալերգոլոգիական հետազոտության, քանի որ ենթադրել է, որ մաշկային ինֆեկցիա չէ, այլ ալերգիկ ցան է: Բժշկուհի Էվաջյանն առաջարկել է, որ ուղեգիր լրացնեն, որպեսզի պետպատվերի շրջանակներում երեխան գնա ալերգոլոգիական կոնսուլտացիայի: Մայրը վրդովվել է, չի սպասել, անկետան վերցրել եւ դուրս է եկել»: Թեեւ Լ. Թորոյանը վստահեցնում էր, որ Անժելան անկետաները վերցնելով վրդովված հեռացել է, այդուհանդերձ, վերջինս էլ պնդում է, որ բուժքույր Անուշն անկետան իր ձեռքը տալով դուրս է հրավիրել: Ինչեւէ, Լ. Թորոյանը վստահեցնում է, որ Անժելան ագրեսիվ բնավորություն ունի եւ մշտապես վիճաբանություններ է առաջացնում պոլիկլինիկայում. «Նրան բոլոր բժիշկները ճանաչում են, շատ կոնֆլիկտային է: Ես միշտ էլ փորձել եմ նրան հանգստացնել եւ ճանապարհել: Ամեն անգամ գլխավորը, բժիշկները, բաժնի վարիչը, բոլորն էլ մաքսիմալն են արել նրա համար, եւ շատ վիրավորական է, որ մամուլով նման բան է գրվում: Էլ չեմ ասում, որ անվճար դեղորայքով սպասարկվել է բարձր մակարդակով»: Թեեւ Անժելան մեզ հետ զրույցում ասում էր, որ երեխան 38% աստիճան ջերմություն է ունեցել, սակայն նրան դեղորայք չեն տրամադրել, այդուհանդերձ, Լ. Թորոյանն էլ վստահեցնում է, որ ջերմիջեցնելու կարիք չի եղել. եղել է մաշկի ցանի խնդիր:
Ինչեւէ, ներկայումս Անժելա Խաչատրյանը երեխաների հետ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, որտեղ իրեն շատ լավ է զգում: Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց. «Ես միշտ էլ ասել եմ, որ պրն Դալլաքյանն ինձ ամեն հարցում օգնել ա, երեխեքիս ոնց որ պետքն ա բուժել, խնամել են: Նախարարությունից ինձ ասեցին՝ որ հիվանդանոցը ես ուզեմ` էնտեղ էլ գնամ: Ես ուզեցի, որ գամ էստեղ: Էս մարդիկ ինձ ամիսներով պահել են էստեղ»: