Ստամբուլում կայացել է հայ եւ թուրք հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Շիշլիի իշխանությունների կողմից կազմակերպված վրանային տարածքում տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ փոխանակվել են խաղաղության եւ բարեկամության «մեսիջներով»: Նշենք, որ հոգեւոր առաջնորդների հանդիպումը կայացել է Ռամադան ամսվա առաջին օրը: Հանդիպմանը ներկա էին Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանից Տրդատ Ուզունյանը, ասորական համայնքի հայրապետ Յուսուֆ Սեթինը, ասորիների կաթողիկ համայնքի առաջնորդ Յուսուֆ Սագը, հունական հայրապետարանից Փաիսիոս Կոկինակին, ինչպես նաեւ Շիշլիի մուֆտի Ահմեթ Տուկարը: Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարիգյուլը նշելով, որ սուրբ Ռամադան ամիսը բարեգործության եւ աստվածային պարգեւի ամիս է՝ հայտնել է, որ «մարդիկ այս ամսվա ընթացքում պետք է օգնեն միմյանց, իսկ համագործակցությունը կողմերի միջեւ պետք է լինի ամենաբարձր մակարդակով»: Բացի այդ, Սարիգյուլը, ողջունելով բոլոր ներկաներին, ասել է, որ հակամարտող կողմերը «պետք է խաղաղություն հաստատեն»:
Միեւնույն ժամանակ, հոգեւոր առաջնորդները հայտարարել են, որ Ռամադանի կապակցությամբ ցանկանում էին միանալ իրենց մահմեդական եղբայրներին` թողնելով բարեկամության եւ եղբայրության ուղերձներ: