Այն, ինչ կատարվում է «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ, տնտեսական վերլուծությունների չի արժանացել: Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ մեր հասարակությունը այդ գործընթացներում տնտեսական տրամաբանություն չի տեսնում: Մեկ տարի առաջ այս ընկերությունը երկու հանրահայտ ապրանքանիշ ուներ: «Բջնին» ու «Նոյը» լուրջ սպառում ունեին ներքին շուկայում եւ այս կամ այն չափով հայտնի էին որոշ երկրներում: Տարիներ առաջ մեր հասարակության մի մասը վստահ էր, որ համաշխարհային շուկան խմելու ջրի լուրջ պահանջարկ ունի: Որոշ տաքգլուխներ վստահ էին, որ մեզ հաջողվելու է ջուրը նավթից թանկ վաճառելով՝ երկիր պահել: Հետո հասկացանք, որ համաշխարհային շուկա մտնելը բարդ գործ է: Հասկացանք, որ ջուր վաճառելով երկիր պահել հնարավոր չէ: Բայց մի քանի գործարան կարելի է պահել ու մի քանի հարյուր աշխատատեղ ապահովել:
«Բջնիին» դա հաջողվում էր: Հաջողվում էր մինչեւ 2008թ. հոկտեմբերը, երբ հանկարծ հայտարարվեց, որ այդ խոշոր ձեռնարկությունը հսկայական պարտքեր ունի: Մոտ 500 աշխատակից ունեցող գործարանի վրա առասպելական պարտք դրվեց` 4 մլրդ դրամը գերազանցող գումար: Հասարակությանը սպառիչ պատասխան չտրվեց, թե որտեղից ծլեց այդ պարտքը: Ակնհայտ էր, որ այդ ծավալի գումարի գանձումը տնտեսապես անելանելի վիճակի առաջ կկանգնեցներ արտադրական ձեռնարկությանը: Բայց հետագա գործընթացներն ապացուցեցին, որ մեր տնտեսական իշխանությունները ամենեւին շահագրգռված չէին ոչ պարտքի հնարավոր վերադարձով, ոչ ձեռնարկության ապագայով: Ամանորյա առեւտրի շուկայից հանքային ջրի գործարանին հեռացնելու փաստը այդ մասին է վկայում: Այլապես կթույլատրվեր, որ գործարանն աշխատի ու փորձի կատարել պարտք-պարտավորությունները: Ձեռնարկության հետ հետագա կատարվածն ավելի անհասկանալի էր: Կոպիտ ասած` այն «պետականացվեց»: Հետո դատական հարկադիր կատարումների ծառայությանը հանձնարարվեց այն վաճառել: «Բջնին» աճուրդի դրվեց: Վաճառվեց: Հետո ճիշտ «Եռանկյունի» կինոնկարի դարբին Մկրտիչի նման մամուլը բարձրաձայնեց. «Ուստա, Համոն փողը չի տվել»: Այսինքն՝ գնորդը բյուջե փողը չի մուծել: Հետո դատական որոշումով աճուրդը չեղյալ հայտարարվեց: Հարկադիր կատարման ծառայությունը շտապեց տեղեկացնել, որ գումարը ետ է վերադարձրել: Բայց այդ ընթացքում (մարտի 3-ին) ազգային դրամն արժեզրկվել էր: Գնորդը չբողոքեց, որ չկայացած գործարքի արդյունքում 2,5 մլն դոլարից ավելի գումար կորցրեց: (Հավանաբար ավելի ձեռնտու էր հասարակությանը ներկայանալ որպես ձախողակ գործարար, քան պարտավորությունները չկատարող): Ճիշտ այդ օրերին պարզ դարձավ, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում էապես կրճատվում է Հայաստանի արտահանումների ծավալը: Կրճատմանը նպաստում էր նաեւ «Բջնիի» շուրջ ընթացող ներքին քաշքշուկը: Ապրիլ ամսի սկզբին Հայաստանի սպառողների միության նախագահը ասուլիսում հայտարարեց. «Հայկական հանքային ջուրը դուրս մղվեց բոլոր երկրների շուկաներից»: (Մի քանի ամիս առաջ ամերիկյան մայրցամաքում մկնդեղ պարունակելու պատճառով արգելվել էր «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը): Տնտեսության կրճատման, բյուջետային մուտքերի նվազման պարագային անգամ, հայրենի իշխանությունները չփորձեցին աշխատելու հնարավորություն տալ «Բջնի» գործարանին: Համարյա պետական սեփականություն դարձած գործարանին: Ավելին` 483 աշխատակից աշխատատեղ էր կորցրել: Պետությունը գործարանը սնանկ ճանաչելու (եթե կուզեք` սնանկացնելու) գործընթաց էր սկսել: Ու հանկարծ սնանկության գծով կառավարիչ նշանակված պաշտոնյան հուլիսի 17-ին հայտարարեց, որ ձեռնարկությունը շուտով կվերագործարկվի: Նա նաեւ ավելացրեց. «Ձմռանն արտադրամասերի ջեռուցման բացակայության պատճառով շարքից դուրս են եկել հոսքագծերը. օդամղիչները եւ հանքային ջուր մատակարարող մղիչները»: Բյուջեին պարտք ունեցող ու ժամանակակից հոսքագիծ-սարքավորումներ ունեցող գործարանն այդ վիճակին հասցնելու համար ոչ մի չինովնիկ պատասխանատվության չենթարկվեց: Պետությունն անտարբեր գտնվեց այս հարցում: Կարելի է ենթադրել, որ պետական չինովնիկների հասցրած վնասը պետության հաշվին վերականգնվել է, որովհետեւ նույն սնանկացնող կառավարչի հայտարարության համաձայն՝ գործարանն արդեն աշխատում է, եւ 40 հազար շիշ հանքային ջուր է արտադրվել: Կառավարիչը նաեւ շտապել է հասարակությանն ուրախացնել, որ գործարանում 96 մարդ է աշխատում: Այն, որ մոտ 400 մարդ աշխատատեղ է կորցրել, ոչինչ: Շուկան կորցրել է նաեւ «Նոյ» ապրանքանիշը: Այն, որ աշխատող գործարանը կարող էր բյուջեին պարտք ունենալ, կարելի է տեսականորեն ընդունել: Բայց զուտ այն պատճառով, որ ձեռնարկությանը հնարավորություն չտրվեց աշխատել ու վերադարձնել պարտքերը, հնարավորություն է տալիս եզրակացնել, որ «Բջնիի» հետ կատարվող գործընթացների հիմքում տնտեսական պատճառներ չկան: