Կալանավորների հերթ

27/08/2009

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» ք/հ մեկուսարանի կալանավորներից ոմանք (անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում) երեկ մեզ ահազանգեցին, որ այդ հաստատությունում իսկական «լաբիրինթ» է տիրում: Բանն այն է, որ 12 կալանավորների համար նախատեսված խցերում պահվում են այդ թիվը գերազանցող թվով կալանավորներ: Խցերում տեղադրված 12 մահճակալներից, պարզվում է, կալանավորներն օգտվում են հերթափոխով: Մասնավորապես գիշերային ժամերին խցերում քնել ցանկացողների հերթեր են գոյանում, քանի որ մեկ մահճակալից միաժամանակ օգտվում են մի քանի կալանավորներ: Ըստ մեր աղբյուրների` մեկուսարանի «կալանավորների» թիվը կրճատելու եւ տեղ ազատելու նպատակով ղեկավարությունն անընդհատ «էտապներ» է կազմակերպում: ՀՀ ԱՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանից փորձեցինք այս կապակցությամբ պարզաբանում ստանալ. «Նման խնդիր կա, բայց հավատացնում եմ, որ խնդիրը ձեզ չափազանցեցված են ներկայացրել, որովհետեւ համաներման միջոցով ծանրաբեռնվածությունը բավականին թոթափվել է: Ներկայումս գործառույթներ են իրականացվում խցերում կալանավորների թիվը նախատեսված թվին համապատասխանեցնելու համար: Այնուամենայնիվ, հերթափոխով քնելու վերաբերյալ ձեզ տրամադրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կալանավորներից բոլորն էլ ունեն իրենց մահճակալները»: