Էջմիածին քաղաքում գործող «Էկոլոգիա ՎԿՀ» բժշկական թափոնների ոչնչացման գործարանը շարունակում է Հայաստանի բուժհիմնարկների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: Գործարանի տնօրեն Անժելա Մովսիսյանն «Արմենպրեսին» ասել է, որ արդեն իսկ պայմանագրեր են կնքվել տասնյակ հիմնարկների հետ: Նրա խոսքով, ընկերությունը վարում է ճկուն գնային քաղաքականություն. ի տարբերություն եվրոպական երկրներում նման ծառայությունների գների, Հայաստանում այդ գինն անհամեմատ ցածր է, չնայած, որ ծառայության որակի մակարդակը մոտ է եվրոպականին: Թափոնների վնասազերծումն իրականացվում է 800-1200C ջերմաստիճանում. վառարանն ունի մինչեւ 1600C ջերմություն տալու հնարավորություն: Տնօրենի խոսքով, մթնոլորտ արտանետվող գազերը ենթարկվում են կրկնակի մաքրման` համաշխարհային առաջատար հանդիսացող գերմանական IFZW ընկերության արտադրած կրկնակի ֆիլտրերի միջոցով: Այնուհետեւ այդ գազերն անցնում են ջերմափոխանակիչով եւ սառը վիճակում դուրս են մղվում մթնոլորտ: «Այդ գազերն իրենց բաղադրությամբ ավելի մաքուր են, քան այն օդը, որ մենք շնչում ենք»,- ասել է Ա. Մովսիսյանը: Այժմ շահագործվում է գործարանի մեկ վառարանային հոսքագիծը, կա հեռանկար երկրորդի շահագործման համար, սակայն, նույնիսկ այդ դեպքում, գործարանի հզորությունը բավարար չէ Հայաստանում գոյացող բոլոր բժշկական թափոններն այրելու համար: Գործարանում այժմ աշխատում է 15 մարդ: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել այս տարվա հունիս ամսին: Փորձարկումը կատարվել է փետրվարին, այնուհետեւ ընկերությունն անցել է լիցենզավորման գործընթացը եւ ստացել վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա: