«Հեն ա, պարանն էլ կա, մոմն էլ, գնա կախվի»,- խորհուրդ են տվել Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Էդուարդին

27/08/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կռիվ… Չգիտես ում նախաձեռնությամբ, չգիտես ում նախախնամությամբ: Կռիվ, որը, պարզվում է` առաջին հերթին քո դեմ է: Կռիվ, որի ժամանակ հորինվում է թշնամի, որը քեզնից մեկն է, որը կռվում է առաջին հերթին ինքն իր դեմ: Թշնամի, որի համար իբրեւ թշնամի հորինվում ես դու, բայց բացառում ես թշնամու կերպարի քո գոյությունը: Հորինվում է թշնամի, հորինվում է պատերազմ: 48-ամյա Էդուարդի ոտքերն էն ժամանակներին համահունչ զինվորական «պայթած» «ոտնամանների» մեջ ցրտից ու ցավից մրմռում էին, բայց էդ մրմուռն էնքան թույլ էր կողքին ընկած դիակների ցավի ֆոնին, որ հաճախ մոռանում էր ոտքերի, ձեռքերի գոյության մասին: Աշխատում էր միայն ուղեղը, որն աստիճանաբար մթագնում էր մարտական ընկերների` գնդակից գետնին տապալվելու տեսարաններին չվարժվելու պատճառով: Մութն ու թաց ցուրտը քարացնում էր մարմինը, բայց խարույկ վառելն ու տաքանալը կռվի դաշտում առնվազն թշնամուն կրակահերթ բացելու մարտահրավեր էր: «Կրակ չէինք կարող վառել, բայց զգում էինք, որ մեր ընկերները մեր կողքին դիակ են դառնում, ու մենք զգում ենք միայն նրանց ընկած մարմինների սառնությունը: Գժված կրակում էինք, բայց մտքով նրանց դիակներն էինք տեղափոխում, որ լաց լինենք ու գոնե մեռած չկորցնենք»,- քարացած հայացքով պատմում է Էդուարդն, ով այս խաղաղ պայմաններում իր կամքին հակառակ ամեն օր գրկաբաց դիմավորում է պատերազմում թողած այդ տեսարաններն ու, երբ ճանապարհում է` սթափվելուն պես իր տան սպասքից մի քանի կտոր գտնում է ջարդուփշուր եղած: «Կոնտուզիա» ստանալուց հետո Էդուարդի հիշողությունները դարձել են սեւ ակնոցներ ու հարմար տեղավորվել են աչքերի վրա: Պատերազմի սոսկալի տեսարանները նրա հոգեկան աշխարհում տաքուկ տեղ են գտել ու չեն հեռանում միայն այն պատճառով, որ հաղթողն իրենք են, իսկ պարտվողը` Էդուարդը: Պարբերաբար անջատումներ է ունենում ու կտրվելով իրականությունից՝ հայտնվում է սահմանում, ուր դիակներ, ծուխ ու մուխ է: Հարազատները չեն կարողանում անջատումների ժամանակ Էդուարդի «կռիվը» զսպել, դրա համար էլ տան դռներն ու պահարաններն ապակիներ չունեն: Անջատումների ժամանակ հայտնվում է թշնամին, բայց քանի որ թշնամին հորինված երեւույթ է` Էդուարդը սպանում է ձեռքի տակ ընկածին: Հոգեբուժարանում Էդուարդին չկարողացան օգնել, որովհետեւ պատերազմը Էդուարդի ներսում է: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, պատերազմ հաղթած մարդն ինքն իրեն չի կարողանում հաղթի: Տարածքներն ազատագրած մարդն իր ազատագրած հայրենիքում իր տեղը չի գտնում: Պատերազմում ինձ թագավոր եմ զգացել, բայց էս խաղաղ պայմաններում թաքնվել եմ տանս մեջ, որովհետեւ մի երկու անգամ միտինգի եմ մասնակցել, քարոզչություն եմ արել ու հաջորդ օրերին փախած եմ ման եկել, որ չբռնեն, տանեն-փակեն: Աբսուրդ է, երբ ազատագրում ես էն տարածքը, որտեղից հետո փախած ես ման գալու, որովհետեւ դու տեղ չունես, դու սեփական կարծիք ու դիրքորոշում արտահայտելու իրավունք չունես: Երբեք մի մոռացեք, որ Լեւոնի ժամանակ մենք պատերազմ ենք հաղթել, իսկ հիմա էդ հաղթողներին հերթով փակում են»: Չորս երեխաների հայր Էդուարդի պատերազմից բերած կռիվը դարձել է նաեւ նրա երեխաների կենսակերպը: Նուրբ ու քնքույշ աղջիկները գլուխները խոնարհած լսում են հոր տագնապած անկեղծ խոստովանություններն ու հավանաբար իրենց հորն առաջին անգամ այսքան անպաշտպան գտնելու վախից աշխատում են չնայել նրա աչքերին: Էդուարդի չափազանց դաստիարակված երեխաները սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց, երբ գալիս է ուսման վարձավճարի օրը` հասկանում են, որ իրավունք չունեն 45.000 դրամ հաշմանդամության թոշակ ստացող հիվանդ հորից ինչ-որ բան պահանջելու: Ապրում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վանտյան 54 հասցեում գտնվող «հավաբնի» չափ մի խրճիթում, որտեղ խոնավությունից դեղնած պատերի գույնն իսկական ռազմի դաշտի տպավորություն է թողնում: Էդուարդի կինը` Մարինեն, ոչինչ չի խոսում, բայց փոխարենը՝ խոսում է նրա անխախտ լռությունն ու աչքերի հոգնությունը: Էդուարդն անկեղծանում է` «Գիտե՞ք, պատերազմի հետեւանքների մասին մենք` տղաներով, աշխատում ենք չխոսել, բայց խոսելու, թեթեւանալու կարիք կա: Նյարդային համակարգս լրիվ խախտվեց: Ամեն օր մի երկու ժամ սարսափելի գլխացավեր, տեսիլքներ, էն ձայները… Լավ է գոնե ընկերներով համախմբված ենք, մեկս մյուսին հասնում, օգնում է: Միակ արժեքավոր բանը, որ կա` ընկերությունը, եղբայրությունն է: Մեր հիշողությունները մեզ կապում են: Անկախ ինձնից եմ վատանում, ես չեմ զգում, որ ամեն ինչ ջարդում եմ: Հետո սթափվում եմ, բայց… Անզորությունը կռված մարդուն սպանում ա»: Մասնագիտությամբ տեխնիկ-մեխանիկ Էդուարդ Խրոյանն աշխատանք է ման գալիս, բայց անգամ պահակ աշխատելու համար մերժվում է: «Մի անգամ ջղայնացա, պոռթկացի: Գործատուն ասեց` հեն ա, պարանն էլ կա, մոմն էլ կա, գնա քեզ կախի: Նրանք, ովքեր իշխանությունների ձեռքից բռնեցին` ապրեցին, իսկ մեր նման տղերքի երեխեքը սոված մնացին»,- ասում է նա ու աշխատում է ոչ մեկի աչքերին չնայել, որովհետեւ հավանաբար ամեն բառի հետ իրեն գտնում, բացահայտում է «խեղճացած» ու «կոտրված» վիճակում: Սոցիալապես անպաշտպան վիճակում գտնվող այս ընտանիքը երբեւէ որեւէ մեկին չի դիմել օգնություն խնդրելու համար, որովհետեւ այստեղ մեծից փոքր հպարտ ու արժանապատիվ մարդիկ են: 16 տարեկան Գեւորգը հպարտությամբ նշում է, որ երազում է ռազմական կրթություն ստանալու մասին: Թեեւ այս տանը ժամանակ առ ժամանակ Էդուարդի անջատումների պահին պոռթկումներ եւ վիճաբանություններ են լինում, այդուհանդերձ, բոլորն էլ քնքշորեն ու խաղաղությամբ ընտանեկան մթնոլորտը պահում են: Մարինեի հայացքի տառապանքը վկայությունն է այն բանի, որ ամեն ինչ հանդուրժելու ճանապարհին նյարդերը տեղի են տալիս:

Էդուարդ Խրոյանն ու նրա մարտական ընկերներն իրար դիմելիս «այ եթիմ» են ասում: Երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ են իրար «եթիմով» դիմում` ծիծաղելով պատասխանում են` «Բա եթիմ ենք, բա ի՞նչ ենք: Եթիմն էլ ո՞նց ա լինում»: