Մի քանի ամիս առաջ Վանաձորի բնակչուհի Նարինե Ջանինյանի դեմ քրեական գործ հարուցվեց, ըստ որի` նա դեռ չծնված իր երեխայի համար կնքել էր վաճառքի պայմանագիր: Ընդ որում` ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ պայմանագիրը տիկինը կնքել էր Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի հետ, որը, ըստ Ն. Ջանինյանի սկզբնական ցուցմունքների, իրեն տվել էր պայմանավորված գումարի 50 տոկոսը, այսինքն` 300.000 դրամի մի մասը, իսկ մյուս մասը` իբրեւ թե Հարությունյանը տալու էր երեխայի ծննդից հետո: Սակայն ի՞նչ է կատարվել իրականում, ո՞վ է Նարինե Ջանինյանը, ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը. այս մասին մենք փորձեցինք պարզել Վանաձորում` հենց Նարինե Ջանինյանից:
«Գիտես, երեկ վեր եմ ընկել ձեռներս ջարդել, հիվանդանոցում եմ, բայց մի 20 րոպեից կգամ»,- ասում է Նարինե Ջանինյանը, եւ մոտ մեկ ժամ ուշացումով հասնում է նախապես մեր պայմանավորված վայրը` Վանաձորի կենտրոնական հրապարակ: Մազերի կիսով չափ թափված, արդեն ժանգագույնի վերածված ներկը, կեղտոտ հագուստն ու ալկոհոլի ուժեղ հոտը Նարինեն, ասես, փորձել էր ծածկել թարթչաներկով, որը մեծ ու կլոր աչքերն ավելի էր ընդգծել: Մի քանի վայրկյան զրուցելուց հետո Նարինեն ասում է, որ ինքը մենակ չի եկել: «Ամուսինս ու քվորս էրեխեն էլ են եկել: Ա՜յ էնտեղ սպասում են»,- փողոցի ձախ կողմը մատնացույց անելով` ասում է նա: Քիչ հետո հասնում ենք Նարինե Ջանինյանի տուն, ավելի ճիշտ՝ թիթեղյա փոքրիկ դոմիկը, որտեղ ապրում են 12 հոգի: «Որպեսզի ինձ ճիշտ հասկանաս, ուզում եմ, որ տնային պայմաններս էլ տեսնես: Տեսնես, թե ինչի՞ եմ էրեխեքիցս հրաժարվում»,- դեպի տուն ինձ առաջնորդելով՝ նշում է Նարինեն: Տունը` դոմիկը, 2 սենյականոց է` ներառյալ միջանցքը, որտեղ դրված մահճակալից դժվար է պատկերացնել, որ Նարինեի ու Կամոյի ննջասենյակում ես գտնվում: Հենց այստեղ էլ զրուցեցինք Նարինեի հետ: «Ես դուխով աղջիկ եմ, ու ոչ մի բանից չեմ վախենում, որովհետեւ գիտեմ, որ կորցնելու բան չունեմ: Դաժե հեռուստատեսությունից էին եկել ինձ նկարել: Էնպես որ, ոչ մի թաքցնելու բան չունեմ: Ամեն ինչ պատմելու եմ»,- փոքրիկ սեղանից հացի փշուրները հավաքելով` ասում է Նարինեն:
Երիտասարդ կնոջ ծեր անցյալը
Նարինեն ծնվել է 1984թ.` Լոռու մարզի Օձուն գյուղում: Ինչպես կինն է ասում` շատ վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հայրը մինչ օրս չի ամուսնացել: Նարինեն ունի երկու քույր եւ մեկ եղբայր, որոնց կյանքի պատմություններն էլ կարծես նույնն են, ինչ Նարինեինը: «Գյուղի 8-ամյա դպրոցն եմ ավարտել: Հետո գյուղում էլ ամուսնացել եմ: Ոնց որ` 2001 թիվն էր: Իմ սիրած տղայի հետ եմ էլի ամուսնացել: Անունը Դավիթ էր: Բայց պապաս դեմ էր իմ ամուսնությանը: Մի տարուց հետո բաժանվեցի, գնացի մեր տուն, բայց պապաս չընդունեց, ասաց՝ ոնց գնացել ես, էնպես էլ նորից հետ գնա: Ես, ստիպված, տեղափոխվեցի Կիրովական: Սկզբում ապրում էի վարձով, հետո էդ վարձն էլ չկարողացա տալ, ու ստիպված` դուրս էկա տնից»,- պատմում է Նարինեն, ով հարցերին պատասխանելիս այնքան երկար էր մտածում, որ թվում էր, թե նա խոսում էր մոտ 50-60 տարի առաջ տեղի ունեցած իրողությունների մասին: Այն հարցին, թե ինչպե՞ս էր վճարում վարձակալած բնակարանի համար, Նարինեն հարձակողական տոնով պատասխանեց, որ ինքը հաստատ մարմնավաճառություն չէր անում: «Օբյեկտում էի աշխատում: Բայց մի ամիս հազիվ կարողացա դիմանալ: Օրերով հաց չէի ուտում: Իսկ էրեխուս էլ կերակրել էր պետք: Ի՞նչ անեի` կրծքերումս էլ մի գրամ կաթ չկար: Ասա` ի՞նչ էիր ուտում, որ կաթ էլ հավաքվեր: Էդպես Լուսինեին հանձնեցի մանկատուն: Դե ես էլ պիտի ապրեի, ստիպված մի ընկեր գտա: Հետո էդ ընկերս էլ ինձ խաբեց ու ընտանիքի հետ թռավ Ռուսաստան: Տենց էլի»,- զգուշությամբ պատմում էր Նարինեն։ Տեսնելով ամուսնու 10-ամյա եղբորը, որը դռան մոտ կանգնած ուշադիր լսում էր Նարինեի պատմությունը, կինը ջղային շարժումով գոռաց տղայի վրա, որ նա սենյակից հեռանա: «Ուրեմն հասանք երկրորդ ամուսնուս: Դրա անունն էլ Արմեն էր: Արմենից էլ երկու երեխա ունեցա` Լուսինեն ու Արաքսյան: Հա, առաջին աղջկաս անունն էլ էր Լուսինե: Բայց էս երկրորդ Լուսինեիս հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ Լուսինեն երկրորդ մարդուս մահացած քրոջ անունն էր, իսկ Արաքսյան` իրա մոր անունն էր: Տենց մի քիչ ապրեցինք, էլի չկարողացա էրեխեքիս պահեմ, ու նորից գնացի մանկատան տնօրենի` Արշալույս Հարությունյանի մոտ, որ ինքը օգնի երկու էրեխեքիս տեղափոխեմ մանկատուն: Տենց երկուսին էլ տեղախոխեցի: Հետո ես ու ամուսինս գնացինք Պուշկինո գյուղ` Գյառգյառի մոտ գտնվող գյուղը: Ես կով էի կթում, ամուսինս էլ չոբանություն էր անում: Լավ աշխատում էինք: Մեկ էլ հասկացա, որ ամուսինս ինձ խաբում ա` մեր ամբողջ աշխատանքը տալիս ա իրա մորը: Ասեցի` վերջ, սրան վերջ տալ ա պետք: Ու տուդա-սյուդա` բաժանվեցինք: Էդ իմ երկրորդ ամուսինս էր»,- հիշում է Նարինեն ու նշում, որ այսօր երեք երեխաներին էլ որդեգրել են, ու ինքը նրանցից որեւէ մեկի մասին լուր չունի: Ի դեպ, Նարինեն երկու ամուսինների մասին խոսում էր անտարբերությամբ: «Հասկանո՞ւմ ես, ես արդեն անբախտացա: Ինձ կռիշ էր պետք, օջախ էր պետք: Չէի կարա ամբողջ օրը փողոցներում թափառեի: Ու հանդիպեցի էս երրորդ ամուսնուս` Կամոյին: Ճիշտ ա, ինձնից փոքր ա` 1989 թիվ ա, բայց լավ տղա ա: Կամոյի քրոջը շատ շուտ եմ ճանաչել: Իրա մաման ու պապան էլ դեմ չէին մեր ամուսնությանը` ասեցին, որ իրար սիրում եք` ամուսնացեք»,- ասում է Նարինեն, հետո ավելացնում, որ ամուսնուն բանակ չեն տարել հոգեկան խնդիրների պատճառով: Կինը պատմում է, թե սկզբից ինչքան էր վատ զգում, երբ Կամոյի տնեցիներն իմացան, որ ինքն իր երեք երեխաներին հանձնել էր մանկատուն: «Բայց նոր եմ իմացել, որ Կամոյի երկու քույրերն էլ մանկատանն են: Մի քանի օր առաջ են էնտեղից դուրս էկել»,- նշում է Նարինեն, ով ապրում է ամուսնու չորս քույրերի հետ, որոնցից մեկը դեռեւս երկու տարեկան ու, ինչպես Նարինեն է ասում, թերզարգացած է, մյուսը ամուսնուց բաժանված է, ու հորական տուն է եկել երեխայի հետ, 10-11 տարեկան երկու տեգրերի, որոնք տարվա մեծ մասը գտնվում են Վանաձորի խնամքի կենտրոնում, ամուսնու մոր եւ հոր, ինչպես նաեւ՝ ամուսնու հոր մոր հետ: «Կամոյից երկու երեխա ունեմ, ու երկուսին էլ տարել եմ մանկատուն` Անուշիկը, որը էս տարվա մարտին ա ծնվել, իսկ Արմանիս հանձնել եմ խնամքի կենտրոն: Երբ Արմանս ծնվեց, ես ահավոր վատ վիճակում էի, դրա համար էլ հանձնեցի: Հիմա ուզում եմ, որ Արմանիս ետ վերցնեմ, բայց չեն տալիս»,- ասում է Նարինե Ջանինյանը: Ի դեպ, Նարինեի 28-ամյա եղբայրն այժմ գտնվում է բանտում` մեղադրվելով թմրամիջոցների օգտագործման համար, եւ եղբոր կինը երեխային հանձնել է խնամքի կենտրոն, քույրը երեխաներից մեկին հանձնել է մանկատուն, մյուս քույրը դարձյալ գտնվում է բանտում: «Մի քանի ամիս առաջ էլ ինձ սկսեցին մեղադրել, որ իբր ես երեխուս վաճառել եմ` էն էլ ո՞ւմ` մանկատան տնօրենին` Աշիկ քեռուն: Խոսքը հենց Անուշիկիս մասին է: Ասում եմ` տենց բան չի կարա լինի` էդ մարդն ա իմ չորս էրեխեքիս պահել: Ասում եմ` բա որ ծախող լինեմ` էն 4-ին էլ կծախեի էլի, կարող ա էդ փողի կարիքը չունե՞մ»,- այս անգամ արդեն զայրացած պատմում է կինը: Որպես իրենց թշվառ վիճակի ապացույց` ցույց է տալիս ձեռքերը, որոնք մեկ օր առաջ ապակու վրա ընկնելով` վնասել է, իսկ այսօր գումար չունի դրանք վիրակապելու համար: Ի դեպ, ամուսնու ձեռքերին էլ մեծ սպիներ կային: «Ես ամեն տեղ էլ ասել եմ, որ ես երեխա չեմ վաճառել: Հասկանո՞ւմ եք: Մենակ ես մի բան եմ ուզում, որ Արմանիս ինձ տան: Մի օր առաջ բերել էի էստեղ, մի քանի ժամ պահեցի ու տարա նորից»,- վերջում հավելում է Նարինե Ջանինյանը, ում դեմ բացված քրեական գործը դեռեւս ընթացքի մեջ է: Այս մասին Լոռու մարզպետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի հետ զրույցում պարզեցինք, որ երեք տարի առաջ, երբ վերոնշյալ բաժինը դեռ նոր էր բացվել, Նարինեն գրավել էր նրանց ուշադրությունը: Նարինեի մասին նախ լսել էին, որ փողոցի մուրացիկների հետ անընդհատ կռվում է, հետո լսել էին Նարինեի քրոջ` Մարինեի մասին, ով իր 4 տարեկան երեխային մի գիշեր տարել թողել էր Օձունում, իսկ ինքը միայնակ վերադարձել քաղաք: Միայնակ երեխան գիշերել էր շան բնում: Ըստ շրջանառվող կարծիքների` հաջորդ առավոտյան երեխային հայտնաբերել էին շան գրկում, որն իր թաթերով օղակել էր երեխային, որպեսզի փոքրիկը հանգիստ քնի: Կա նաեւ ծննդատան աշխատակիցների այն կարծիքը, որ վերջին երեխային` Անուշիկին, ունենալուց հետո Նարինե Ջանինյանն այսպես էր դիմել մանկաբարձներին` «Մի բան արեք, էս լակոտից պրծնեմ»:
«Հունիսի 15-ին հեռուստատեսությամբ լսում եմ այն մասին, որ իբր Նարինեն վաճառել է երեխային Արշալույս Հարությունյանին: Չեք պատկերացնի, թե Արշալույս Հարությունյանն ինչ մեծ համբավ ունի: ՈՒ նա արդեն քանի տարի է` մանկատան տնօրեն է, որտեղ բոլոր երեխաները նրան սիրում են, եւ նույնիսկ Աշիկ քեռիով են դիմում: Երկու օր անց կանչում եմ Նարինեին, որպեսզի 2 երեխաներին ետ վերցնի: Սակայն նա կարող է երկուսին ետ վերցնել միայն մի պարագայում, երբ ինքն ու ամուսինը գնան ԶԱԳՍ: Մինչ այսօր էլ նույնը կրկնում եմ, բայց ինքը միայն Արմանին է ուզում ետ վերցնել, Անուշիկին չի ուզում: Կարծում եմ՝ պատճառները երկուսն են` կամ խիղճն է սկսում տանջել, կամ էլ նպաստ ստանալու խնդիր ունի»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը, ում հավաստմամբ՝ Նարինեն եւ նրա ամուսինը օրեր առաջ ալկոհոլ ընդունած եկել էին գրասենյակ ու նորից նույն պահանջները դրել: «Գիտե՞ք` ինչքա՜ն ենք գումարով օգնել: Շատ անգամ ես ինքս էլ իմ գրպանից եմ տվել: Իրենք ում տեսնում են` փող են ուզում: Բայց ստացած գումարները տալիս են խմիչքի»,- ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը:
Ի դեպ, հրաժեշտ տալիս Նարինեն սկսեց լաց լինել, որ գումար չունենալու պատճառով չի կարողանում ձեռքերը վիրակապել: Ես ինքս էլ Նարինեին մի փոքրիկ գումար տվեցի` չգիտես ինչու համոզված լինելով, որ այդ փողը նրան պետք էր այլ նպատակների համար: Հրաժեշտից առաջ Նարինե Ջանինյանին եմ ուղղում վերջին հարցս, թե նա ի՞նչ է զգում, երբ ամեն անգամ երեխային հանձնում է մանկատուն: Վերջինս առանց կոպերի թրթռոցի, խրոխտ պատասխանում է` «Պարզ չի՞, որ վատ եմ զգում: Բայց իմ տան պայմանները տեսնում ես: Ես էստեղ կարա՞մ երեխաներիս պահեմ: Հազիվ մեկին պահեմ` մեծին: Տնեցիներն էլ չեն աշխատում` պատրոնիս մայրը զուգարանում է աշխատում, իսկ պատրոնս էստեղի մանկավարժական համալսարանի պահակն է, բայց էս պահին հիվանդանոցում պառկած է,- ասաց նա` եզրափակելով,- Եթե էրեխուս ինձ չտան, ես պատրաստ եմ ամեն ինչի` դաժե գնացքներ շրջելու: Իմ հետեւից լացողներ չկան, իսկ իրանց հետեւից հաստատ ա լինելու: Ես էլ տուդա-սյուդա չեմ ընկնի»: