Առաջին մեծության աստղը

27/08/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ռուսական «մուժի՞կ», թե՞ ֆրանսիական արիստոկրատ

Անցնում է ժամանակ: Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են: Հարությունյանները մերվում են օտար հասարակության հետ, հմայել են դիվանագիտական կորպուսը: Այդ բարեմասնություններին ավելանում է այն կարեւոր հանգամանքը, որ նոր դեսպանը միջազգային համբավ ունեցող գիտնական է:

Ասվածը իր հիշողություններում փաստում է նաեւ կադրային դիվանագետ Վլադիմիր Սեմյոնովը, որն աշխատել է Հարությունյանի հետ, իսկ հետագայում եղել է դեսպան տարբեր երկրներում: «Ա.Ա. Հարությունյանը,- գրում է նա,- փորձառու դիվանագետ էր, տնտեսական գիտությունների դոկտոր, նախկինում` ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսագիտական տարբեր կազմակերպություններում: Նա եւ նրա հմայիչ կինը օրգանապես ներդաշնակվել էին Օտտավայի եւ Մոնրեալի բարձրաշխարհիկ հասարակությանը, ինչին նպաստում էր այն, որ նրանք տիրապետում էին եւ՛ անգլերեն, եւ՛ ֆրանսերեն լեզուներին: Հետեւելով տեղի արարողակարգին եւ սովորույթներին, դեսպանը ընդունելությունների ժամանակ, առանց ձեւականության (նկատի ունի՝ առանց թարգմանչի.- Ա. Ն.), կարողանում էր տեղում անբռնազբոս, անցնելով մեկից մյուսին՝ զրուցել իրեն հետաքրքրող ցանկացած անձնավորության հետ»:

Դեսպանով հետաքրքրվում է նաեւ համալսարանական ուսանողությունը: Նրան հրավիրում են Քվեբեկի համալսարան: Երբ տեղ է հասնում, պարզվում է, որ կաթոլիկ եկեղեցին կոչ է արել բոյկոտել «կարմիր սատանայի» ելույթը: Ուսանողները ընդվզում են, եւ հանդիպումը կայանում է: Դասախոսությունը լինում է հետաքրքիր, ըմբռնելի ու անկեղծ: Բայց իշխանությունների կողմից Հարությունյանին բոյկոտելու փորձերը որոշ ժամանակ դեռեւս շարունակվում են: Քվեբեկից հետո, երբ նա պետք է հանդես գար Շերբրուկում, քաղաքագլուխը եւ մի քանի պատգամավորներ, ի նշան բողոքի, հեռանում են քաղաքից:

Սակայն կասեցնել դեսպանի գործունեությունը չի հաջողվում եւ հյուսվում է նրա հրապարակային դասախոսությունների շղթան` ողջ երկրով մեկ: Հարությունյանը ելույթներ է ունենում համալսարաններում, գիտական կազմակերպություններում, գործարարների ակումբներում, խորհրդարանում, հայկական, ռուսական, ուկրաինական եւ բելառուսական համայնքների առաջ: Նա ցանկալի հյուր էր հատկապես, Թորոնթոյում, որի քաղաքապետը` սկզբում զգուշավոր էր, իսկ հետո դարձավ նրա երկրպագուն: Նա դեսպանին մտերմաբար անվանել է Հարություն: Եվ նա պարզ, մատչելի, սրամիտ լեզվով պատմում էր քաղաքականության, տնտեսագիտության, կրթության, արվեստի ու գրականության մասին: Ընդ որում, խոսում էր այն լեզվով, որը հասկանալի էր տվյալ լսարանին` ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն:

Դեսպանը տիրապետում էր հռետորական արվեստի գաղտնիքներին, գերում էր լսարանը եւ շահում ներկաների համակրանքը: Համընդհանուրի կարծիքով Հարությունյանը հռետորական արվեստի մեծ վարպետ էր: Օրինակներից մեկը. Մոնրեալի համալսարանի նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Խորհրդային դեսպանը պատմում է Գագարինի տիեզերական թռիչքի մասին: (Հետագայում տիեզերագնացը եւ նա դարձան բարեկամներ): Իսկ վերջում ասում է. «Մենք զարգացնում ենք տիեզերական գիտությունները: Սակայն, եթե մենք առաջինը հասանք տիեզերք, մի կարծեք, որ պատրաստվում ենք գրավել այն: Ե՛վ տիեզերքը, եւ՛ երկրագունդը բոլորինս է: Մենք պետք է սովորենք միասին ապրել այստեղ, սիրել եւ հարգել միմյանց»: Դահլիճը ոտքի կանգնած ծափահարում է:

Հարությունյանը` որպես դիվանագետ, ուներ մի մեծ առավելություն եւս: Նա «բաց» էր զանգվածային լրատվական միջոցների առաջ, ինչը չէր կարելի ասել խորհրդային շատ դեսպանների մասին: Հարությունյանը «հայտնություն» էր կանադական լրագրողների համար` իր ինքնատիպությամբ, ազգային ուրույն կոլորիտով եւ կուլտուրայով:

Նա հայտնություն էր նաեւ որպես արվեստների խորը գիտակ: Հարությունյանը պատկանում էր այն դիվանագետների սերնդին, ովքեր մշակութային գործունեությունը դիտում են քաղաքական լայն տեսանկյունից: Շատ է գրվել խորհրդային առաջին արտգործնախարար Չիչերինի՝ արվեստների, մասնավորապես երաժշտության նկատմամբ տածած սիրո եւ հրապույրի մասին: Նրա հեղինակած մենագրությունը Մոցարտի մասին կարեւորվել է մասնագետների կողմից: Համոզված եմ, որ Հարությունյան դիվանագետ-արվեստագետը պակաս հետաքրքրություն չի ներկայացնում, քան Չիչերինը, եւ այս համադրումը արժանի է առանձին ուսումնասիրության:

Հարությունյանի մոտեցումը արվեստներին չի սկսվել եւ չի վերջացել պաշտոնի բերումով ու նրա սահմաններում: Նուրբ, տարիներ շարունակ հղկված ճաշակը, արվեստների` պրոֆեսիոնալիզմի հասնող ընկալումը նրա էության բնական մասն են կազմել: Հարությունյանը քաջատեղյակ էր հայկական, ռուսական եւ համաշխարհային գրականությանը: (Հայկական մշակույթին նրա առնչությանը կանդրադառնանք առանձին): Նա մոտ էր կանգնած մոսկովյան մշակութային կյանքին: Մայրաքաղաքի թատերական աշխարհն իր հերթին ճանաչում եւ ընդունում էր Հարությունյանին: Նրան սիրել եւ հարգել են անվանի ռեժիսորներ` հայր ու որդի Ռուբեն եւ Եվգենի Սիմոնովները: Ռ. Սիմոնովը հպարտացել է Համո Ակիմովիչի բարեկամությամբ, անվանելով նրան «մեր ժամանակների պանծալի դեմքերից մեկը», իսկ Ե. Սիմոնովը 1970-ի փետրվարի 15-ի իր նամակում գրել է. «Ես ուղղակի ապշած եմ, թե Դուք որքան նրբորեն եք ընկալում ոչ միայն ներկայացումը, այլեւ լրագրական հասարակ գրախոսականը: Դուք այնքան լավ եք գրել, որ մեր թատերական քննադատները կարող են նախանձել եւ՛ մտքեր արտահայտելու Ձեր ունակությանը, եւ՛ Ձեր դիտողականությանը: Ձեր սերը կերպարվեստի, քնարերգության, երաժշտության, թատրոնի նկատմամբ իր տեսակի մեջ եզակի է: Եվ դրա համար Ձեր բարեկամները միշտ այդպիսի ուշադրությամբ եւ հմայված են լսում Ձեզ: Մեր դերասաններն արդեն վաղուց Ձեզ համարում են իսկական վախթանգովական»: Հարությունյանի մահվան առթիվ անվանի ռեժիսորն ասել է. «Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն Սովետական Միության դիվանագիտության, այլեւ սովետական արվեստի համար: Նա գեղանկարչության, երաժշտության, թատրոնի մեծ գիտակ էր, խորը գնահատող»:

Հարությունյանի կանադական աշխատանքային օրագրերը ամբողջական պատկերացում են տալիս նրա նախասիրությունների մասին: Դրանք վկայում են, որ նա կազմակերպել է ժամանակի լավագույն կատարողական կոլեկտիվների եւ անհատների հյուրախաղերը Կանադայում: Օպերայի եւ բալետի Մեծ թատրոն, Խորհրդային բանակի Ալեքսանդրովի անվան համույթ, Պյատնիցկու երգչախումբ, Թաքթաքաշվիլի, Օյստրախ, Գիլելս, Կոգան, Կլիմով, Դոլուխանովա, Լիսիցյան, Ուլանովա, Պլիսեցկայա… Թվարկումը ինքնին խոսում է դեսպանի ճաշակի եւ գեղագիտական մակարդակի մասին: Նրա դեսպանության օրոք այնտեղ կայացել են գիտության եւ տեխնիկայի, գեղանկարչության, գրքի եւ այլ բնույթի տասնյակ ցուցահանդեսներ, անցկացվել են արվեստի, պատմության եւ գրականության մրցույթներ: «Մշակութային զանգվածային հարձակում». այսպես են գնահատել կանադացիները դեսպանի գործունեությունն իրենց երկրում, նշելով, որ մայրաքաղաքի լավագույն սրահներից մեկը՝ «Place des Arts», Հարությունյանն «ամբողջովին յուրացրել է»:

1972-ին, Մոնրեալում, ընդունելություններից մեկի ժամանակ ինձ ծանոթացրին աշխարհահռչակ լուսանկարիչ Հովսեփ Քարշի հետ, զգուշացնելով նախապես, որ նա թշնամաբար է տրամադրված «սովետների» նկատմամբ եւ հրաժարվում է անգամ Հայաստան այցելելուց: Ավելացրին, որ նա չի էլ թաքցնում իր վերաբերմունքը խորհրդային մարդկանց նկատմամբ: Սակայն ինձ համար հետաքրքիր էր տեսնել Շոուի, Չերչիլի, Հեմինգուեյի եւ այլ մեծերի դիմանկարների տաղանդավոր հեղինակին:

– Հարությունյանին գիտեի՞ք,- չոր տոնով հարցրեց վարպետը:

Ասացի, որ գիտեի, բայց անձամբ տեսնելու բախտ չեմ ունեցել:

– Շատ բան եք կորցրել: Նա Մոսկվայից էր, բայց ազնվագույն անձնավորություն էր, մեծություն: Հարությունյանը Օտտավան վերածեց արվեստի կենտրոնի,- ասաց Քարշը:

Հեղինակի անձնական արխիվից

Քենեդին չհասցրեց կատարել իր խոստումը

Հարությունյանը ներհուն դիվանագետ էր: Նա Կանադա-Խորհրդային Միություն համագործակցությունը դիտարկում էր միջազգային համընդհանուր գործընթացների, երկու գերտերությունների` ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների համատեքստում: Այդ իսկ պատճառով նա շատ էր կարեւորում իր հանդիպումը Ջոն Քենեդիի հետ, որը կայացավ Կանադայում: Առանձնազրույցը կարեւոր էր նաեւ այն առումով, որ շուտով Վիեննայում կայանալու էր Քենեդի-Խրուշչով գագաթաժողովը, եւ Հարությունյանն այդ առիթով ստացել էր կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման ժամանակ Քենեդին հավաստիացրել է, որ կանի հնարավորը երկու երկրների հարաբերություններում նոր շփման կետեր գտնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Ամերիկայի նախագահը չէր հասցնելու կատարել իր խոստումը. վիեննական հանդիպմանն անմիջապես հաջորդելու էր Կարիբյան ճգնաժամը, որն աշխարհը կանգնեցնելու էր III Համաշխարհային պատերազմի շեմին, իսկ հետո ողբերգական մահը մեկընդմիշտ կասեցնելու էր այդ ականավոր քաղաքական գործչի կյանքի ընթացքը:

Հետագայում Հարությունյանը հաճախ է անդրադարձել այդ հանդիպմանը` խորապես ափսոսալով Քենեդիի կորուստը: Նա այն միտքն է հայտնել, որ Քենեդին շատ բան կարող էր անել միջազգային լարվածությունը մեղմելու, Մոսկվայի հետ հարաբերությունները շտկելու ասպարեզում: Մյուս կողմից` նա վրդովվել է, երբ հիշել է կանադական խորհրդարանում Ջոն Քենեդիի արած այն հայտարարությունը, թե «ԽՍՀՄ-ի հիսուն տարին պատմության համար մի ակնթարթ է: Կգա ժամանակը, եւ այդ համակարգը կդադարի գոյություն ունենալուց, քանի որ կենսունակ չէ»:

Ես հասկանում եմ Հարությունյանի ընդվզումը: Ինչպես նա, այնպես էլ մենք` խորհրդային դիվանագետներս, ԽՍՀՄ-ի բոլոր արատները եւ աքիլեսյան գարշապարները իմանալով հանդերձ, ենթադրել անգամ չէինք կարող, որ այն փլուզվելու է հաշվված օրերում: Հավանաբար, մեզ վատ էին սովորեցրել քաղաքական կանխատեսումների արվեստը…

Կանադան չդարձավ Մոսկվայի մարտնչող թշնամին

Կանադայում դիվանագիտական խնդիրների իրագործման ճանապարհին գոյություն ունեին զգալի խոչընդոտներ: Սակայն խոսքը միայն երկկողմ հարաբերությունների մասին չէ, որոնք տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով սառն էին, մեղմ ասած` ոչ բարեկամական: Նման իրավիճակը Մոսկվան հիմնականում պայմանավորում էր Կանադայի քաղաքական, ռազմական եւ տնտեսական կախվածությամբ ԱՄՆ-ից: Հետեւաբար, անհրաժեշտ էր որքան հնարավոր է խորը սեպ խրել նրանց հարաբերություններում: Այսպիսի խնդիր էր դրել կենտրոնը Հարությունյանի առաջ:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի` «Գլխավոր հակառակորդի» (ինչպես այն անվանվում էր Մոսկվայի ռազմաքաղաքական շրջանակներում) եւ նրա դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների վատթարացումը Խորհրդային Միության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն էր: «Գլխավոր հակառակորդը», բնականաբար, վճարում էր նույն դրամով: Իսկ hակառակորդ պետությունների միջեւ հակասությունները սրելու եւ թշնամանք սերմանելու քաղաքականությունը այնքան հին է, որքան ինքը` դիվանագիտությունը: Խորհրդային իրականության մեջ այն առաջինը կիրառել է Լենինը, երբ 1922թ. Ջենովա մեկնող պատվիրակությանը հանձնարարել է «անել ամեն հնարավորը եւ մի բան էլ անհնարինը» բուրժուական երկրներն իրարից տարանջատելու եւ գժտեցնելու համար:

Թե որքանով էր Հարությունյանը հավատարիմ լենինյան այս պատգամին, դժվար է ասել: Բայց շատ ավելի դժվար էր, եթե ոչ անիրագործելի, կասեցնել բոլոր ուղղություններով զարգացող ամերիկա-կանադական համագործակցությունը: Այդ երկրները կապված էին ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքով, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրով, որի շնորհիվ Կանադայի տարածքում տեղադրված էին ատոմային զենքով հագեցած ամերիկյան ռազմական բազաները: Մոսկվայի համար պակաս մտահոգիչ չէին կանադա-ամերիկյան համագործակցության մյուս ոլորտները:

Ամերիկացիները, փաստորեն, հսկողություն էին սահմանել արդյունաբերության, կապի եւ լրատվության հիմնական ճյուղերի վրա, իսկ նավթի, գազի, ինքնաթիռների եւ ավտոմոբիլների արտադրություն մեջ այն հասնում էր 80-90 %-ի: Օտարերկրյա 60 միլիարդանոց կապիտալ ներդրումների 80%-ը նույնպես պատկանում էր ամերիկացիներին: Երկրի 400-ից ավելի խոշորագույն ընկերությունների ակտիվների կեսից ավելին գտնվում էին հարավային հարեւանի ձեռքում: Հասկանալի է, որ այս ամենը չէր կարող գոհունակություն պատճառել կանադացիներին: Նրանց հատկապես գրգռում էր ամերիկյան տրեստների եւ կորպորացիաների գործելակերպը, այն, որ այդ կառույցների վրա չէին տարածվում տեղական օրենսդրական եւ հարկային օրենքները: «Ապրել ձեր կողքին մոտավորապես նույնն է, ինչ որ մի սենյակում քնել փղի հետ»,- այսպես է ներկայացրել այն տարիներին ամերիկյան հարեւանությունը վարչապետ Պիեր Էլիոթ Թրյուդոն (The New York Times, March 26, 1969): Լինելով սթափ մտածող եւ պրագմատիկ քաղաքական գործիչ` սրամիտ Թրյուդոն, իր իսկ խոսքերով, ճգնել է Կանադան դարձնել «ապուխտ` բուտերբրոդի մեջ», այսինքն` ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ: Իսկ շարքային կանադացիների համար նվաստացուցիչ էր լինել քեռի Սեմի «փայտահատները եւ ջրկիրները»:

Շարունակելի