Մարդուն եւ իրականությունը հաշտեցնող դուդուկը

27/08/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Դուդուկը զարմանալի երաժշտական գործիք է. այն կարծես ինքն է ընտրում` ում առջեւ բացահայտել իր տիեզերական հնչողության գաղտնիքները: Իհարկե, ցանկացած մարդ կարող է սովորել դուդուկ նվագել, սակայն ոչ բոլորին է տրվում դուդուկն իր մտքերի եւ հույզերի շարունակությունը դարձնելու շնորհը: Դուդուկահար Վահան Հարությունյանը այդ տեսանկյունից` ընտրյալ է:

Նա շատ ուշագրավ եւ, ցավոք սրտի, մեր օրերում օրինաչափ ճակատագրի է արժանացել: Նրան կարելի է լսել հիմնականում միայն ինքնաբուխ ձեւավորվող տարածքում` ինտերնետում: Նրա էքսպրեսիվ վիրտուոզ կատարումները աշխարհ են հեռարձակվում սիրողական մատուցմամբ: Վահանի կատարումները լսած մարդիկ` օգտագործելով ձեռքի տակ եղած ամենահարմար գործիքը` բջջային հեռախոսը, նկարահանում ու ձայնագրում են նրա դուդուկն ու տեղադրում «You tube»-ում: Ժամանակակից Հայաստանում ամեն բան սեփականաշնորհված է, եւ երաժշտական տարբեր ասպարեզները բացառություն չեն կազմում: Դուդուկն այժմ ունի մի քանի վառ կատարողներ, եւ նոր անունները դժվարությամբ են կարողանում ճեղքել նրանց կառուցած պատնեշը: Ստացվում է, որ մեկի հաջողությունը խանգարում է մյուսի վերելքին: Սեփական կարիերան կառուցելու եւ ավելի լայն լսարան ձեռք բերելու համար հետեւողական քայլեր են հարկավոր, որոնք անում են շատ դուդուկահարներ, սակայն այդ քայլերը Վահանին խորթ են թվում: Նա քայլեր անող չէ, նա երաժիշտ է, եւ դուդուկը ոչ թե որպես զենք, այլ որպես իր էության շարունակություն է ընկալում: Ինչպե՞ս կարող է մարդն իր իսկ զենքը լինել: Մարդը կարող է միայն մեկ ամբողջություն լինել: Իսկ Վահան Հարությունյանը ամբողջություն է կազմում իր ընտրած երաժշտական գործիքի, իր հողի ու իր պապերի հետ: Նա տոհմիկ դուդուկահար է: Արմավիր քաղաքում ծնված եւ Արմավիրում ապրող Վահանը դուդուկն իր պապերից է ժառանգել: Նրա պապն ու հայրը առանց դուդուկի իրենց կյանքը չէին պատկերացնում, նվագելը ոչ թե նրանց աշխատանքը, այլ ապրելակերպն էր: Ժողովրդական հայկական երգերը եւ նրանց կառուցման մեխանիզմը միշտ էլ սերնդեսերունդ են փոխանցվել, դա ոչ նյութական մշակութային ժառանգության այն հատվածն է, որը թողնված է ինքնահոսի եւ միայն բանավոր է փոխանցվում: Ժամանակակից ժողովրդական երգերի ծննդի մասին խոսելիս, Վահանը համոզմունքով պատասխանում է. «Ասֆալտի վրա դրանք ծնվել չեն կարող: Եթե մեջդ բնություն չկա, դուդուկն էլ հնչել չի կարող: Բնությունն է քեզ տալիս այն էներգետիկան, այն խաղաղությունը, որից սկիզբ է առնում դուդուկի հնչյունը»:

Նրբագեղ դուդուկն իրականում շատ տղամարդկային գործիք է: Վահանը ավելացնում է. «Ճաշակ ունեցող, գլուխն ու սիրտը լիքը տղամարդու ձեռքում է դուդուկը խորություն ստանում»:

Դուդուկը վերջին տարիներին մոդայիկ երաժշտական գործիք է դարձել, այն հաճախ է օգտագործվում, նաեւ` շահագործվում էստրադայում, ջազում, սիմֆոնիկ գործերում: Վ.Հարությունյանը դա բացատրում է դուդուկի յուրահատուկ տեմբրով: «Դուդուկը լսած ցանկացած մարդու թվում է, որ դուդուկի հնչյունների մեջ գերմարդկային, խորը պատմություն կա: Պարզ, զուլալ դուդուկը շատ տպավորիչ էֆեկտ ունի եւ այդ պատճառով էլ օգտագործվում է գրեթե բոլոր երաժշտական ստեղծագործություններում»:

Իր էությամբ իմպրովիզատոր լինելով` Վահանը համարում է, որ դուդուկը չի կարող ջազ նվագել եւ ընդամենը որպես առանձին միջամտություն իրականացնող գույն, պատառիկ է միահյուսվում ջազային ստեղծագործության մեջ:

Սեպտեմբերի 4-ին Վահանը պատրաստվում է նվագել «Շողակն» անսամբլի հետ, որի մենակատար Հասմիկ Հարությունյանը (ով ոչ միայն հիանալի երգչուհի, այլեւ` շատ հետաքրքիր զրուցակից է) ավելացնում է. «Ինձ միշտ թվացել է, որ դուդուկը մարդկության բնօրրանային շերտերի հուշերը արթնացնող լավագույն ձայնն է: Ուր ուզում ես՝ գնա, նույնիսկ լրիվ հեռացիր իրականությունից, միեւնույն է, քո մեջ դուդուկի ձայնն է հնչելու, որը նմանվելով ռենտգենի սարքին` ճառագայթում է եւ իր տեղն է ցույց տալիս մեր անսահման տիեզերքում: Խորը շերտեր ներթափանցող դուդուկը լսողին առօրյա կեղտից մաքրվելու առիթ է տալիս: Ես, որպես երգչուհի, զգացել եմ, որ երբ երգում եմ դուդուկի ուղեկցությամբ` մարդիկ սկսում են հաճույքով մտքով երգել ինձ հետ: Դուդուկն ավելի է ընդգծում երգի թեման, քան նույնիսկ ձայնը: Եվ երբ ես բեմի վրա ակապելլա եմ երգում, միշտ ցանկանում եմ թիկունքումս դուդուկի կամ որեւէ ազգային փողային գործիքի շունչը զգալ»:

Որպես խոսելու, զրուցելու գործիք դուդուկն ընկալում է նաեւ Վահանը. «Դուդուկն իրոք գործիք չէ, այն մարդու ձայնի շարունակությունն է: Եվ երբ «խոսում» ես դուդուկով ու երգ ես կատարում (եթե, իհարկե, «մարսել» եւ յուրացրել ես երգի բառերը), միշտ մտովի քո պատմությունն ես պատմում, շեշտադրումներ ես անում բառերի արանքում: Իսկ երբ ասելու բան չունես` ավելի լավ է դուդուկ չնվագես: Դուդուկը դա քեզ չի ների եւ կեղծ հնչերանգներ կստանա: Չէ՞ որ բնությունը կեղծ լինել չի կարող»: Հասմիկ Հարությունյանը պատկերավոր միջամտում է. «Նոր ծնված երեխային միայն մաքուր ջուր են տալիս խմելու, միայն խելագարը կարող է նորածնին «Կոկա-Կոլա» կամ այլ գազավորված ըմպելիք տալ: Նույնն էլ երաժշտության պարագայում է: Նախ եկեք մաքուրը «խմենք», իսկ հետո արդեն, երբ մեր օրգանիզմը կոփված կդառնա, կարող ենք ցանկացած գունավոր խմիչք խմել ու չվախենալ թունավորումից»։

Վարպետաց գործիք

Վահանը համոզված է, որ երաժիշտը նախ պիտի ճկուն միտք ու բաց սիրտ ունենա, եւ հետո անպայման իր վարպետին հանդիպի: Վարպետ-աշակերտ կապը, որը կարծես անդառնալիորեն կորչում է մեր արվեստից ու արհեստից, դուդուկի պարագայում շատ ցայտուն է արտահայտվում: Հարցին, թե արդյոք նա նվագո՞ւմ է հարսանիքների, հուղարկավորությունների ժամանակ, Վահանը պատասխանում է. «Անպայման»: Տարիներ առաջ գոյություն ուներ քաղաքացիական արարողությունները սպասարկող երաժշտական միավորում, որից եւ սկիզբ է առել «ռաբիս» տերմինը: «Ռաբիս» միությունը երկար տարիներ ղեկավարել է Ջիվան Գասպարյանը, ով հիմա բառիս բուն իմաստով արտասահմանում խորհրդանշում է հայկական արվեստը: Վահանը վստահ է, որ «ռաբիս» միավորումից են դուրս եկել ամենափայլուն պրոֆեսիոնալ երաժիշտները: «Ոչ մի դուդակահար չի կարող ասել, որ «ռաբիսից» հեռու է եղել, քանի որ այդ միավորումը վարպետանալու, սովորելու ամենալավ տեղն է եղել: Դուդուկը խորը եւ անկեղծ երաժշտական գործիք է, եւ պատահական չէ, որ մարդիկ իրենց ապրած ամենաէմոցիոնալ եւ անկեղծ րոպեներին են ցանկանում դուդուկ լսել: Տարբեր առիթներով մի սեղանի շուրջը հավաքված մարդիկ դա շատ լավ զգում են, քանի որ ենթագիտակցորեն անկեղծանալու ցանկություն են ունենում»,- ասում է նա: Ընդ որում, նկատելի է, որ «դուդուկախեղդ» եղած մեր փոփ-արվեստը ոչ թե շահում է, այլ կորցնում է դուդուկի հնչյունների առատությունից, քանի որ ձեւական շերտը թույլ չի տալիս դուդուկին անկեղծանալ:

Հայկական ժողովրդական երաժշտությունը մոնոդիկ է, եւ դրա ֆենոմենալ դրսեւորումը հենց դուդուկն է, որը հնչելով դամի ուղեկցությամբ` պահում է մոնոդիկ հնչողությունը` միաժամակ ապահովելով բազմաձայնությունը: Մեղեդին առաջ է գնում, զարգանում ու թեւավորվում է, բայց դամը պահվում է: Դա շատ հետաքրքիր պարադոքս է: Եվ հենց դուդուկին է վերապահված այդ պարադոքսի ընդգծումը:

Ֆոլկ-փառատոն

Հայրենիքում ճանաչում ստանալու լավագույն եղանակը արտասահմանում հաջողություն հասնելով` տուն վերադառնալն է: Վ. Հարությունյանը պատրաստվում է հոկտեմբերին մեկնել Սան Ֆրանցիսկո, որտեղ ֆոլկ երաժշտության զարմանալի փոխներթափանցում է տեղի ունենում: Այս տարի այդ ֆոլկ-փառատոնի ընթացքում Հասմիկ Հարությունյանը ամերիկացի աղջիկներից կազմված մանկական երգչախմբին հայկական ազգային երգեր է սովորեցնելու: Նա 4 վարպետության դասեր է անցկացնելու 20 երեխաների հետ: «Այդ երգչախումբը ճամփորդում է ամբողջ աշխարհով մեկ ու պրոպագանդում է ազգային երգերը: Հիմա այդ բազմազգ կոլեկտիվը պետք է Կոմիտասի խմբերգերն ու հայկական օրորոցայինները կատարի: Ես եւ Վահանը հանդես կգանք որպես սոլիստներ: Գրեթե բոլոր հայ դուդուկահարների հետ աշխատելով` ես համոզվել եմ, որ Վահանը ամենաօրիգինալ եւ տեխնիկապես կատարյալ դուդուկահարն է»: Սան Ֆրանցիսկոյի ֆոլկ-փառատոնում Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու, եւ ով` ինչ ուզում է թող ասի, այդ նորությունը տասնյակ «Եվրատեսիլներ» արժե: Ֆոլկլորը ոչ միայն հողի, քամու եւ աստղերի բուրմունքն ունի, այլեւ` լայն հորիզոններ է բացում` բազմաժանր մեկնաբանությունների համար: Իսկ ամերիկացիները, որոնք դարերի խորքից եկող օրորոցայիններով կամ պարերգերով հպարտանալ չեն կարող, շատ լավ հասկանում են սկզբնաղբյուրի արժեքը: Նրանք լավագույններին իրենց մոտ են կանչում եւ հնարավորություն են տալիս, որ սեւամորթ, չին կամ այլ ազգությունների արմատներ ունեցող ամերիկացի երեխաները սովորեն երգել «Զմփիկ-զմփիկը» կամ «Ախ նինարը»:

«Ամերիկացիները կարծես ուզում են ֆոլկլորի համաշխարհային ընկալումը փաստող ապացույցներ ստանալ: Եվ այդ պատճառով էլ սկսում են երեխաներից` ցանկանալով տեսնել, արդյոք նրանք կկարողանա՞ն նույն անկեղծությամբ ու հաճույքով կատարել իրենց համար անծանոթ երգերը: Ես համոզված եմ, որ շատ լավ արդյունք կլինի, քանի որ ամբողջ աշխարհում էլ երեխաները նույն խաղերն են խաղում եւ նույն բանի մասին են երգում: Բոլոր հեքիաթներում էլ բարին հաղթում է չարին: Աշխարհը նույն հեքիաթն է պատմում, եւ բոլոր մայրերը իրենց երեխաների օրորոցի մոտ նույն երգն են կատարում»,- ասում է Հ.Հարությունյանը: Ըստ նրա` որպես մշակութային ինքնություն ունեցող ազգ սեփական տեղն այս աշխարհում հասկանալու ամենալավ բանաձեւը գտել է Կոմիտասը, որը պարզն ու բազմաշերտը անգերազանցելի է միացրել: Եվ երբ խոսք է գնում մեր հարստությանը տեր կանգնելու մասին, նա հիշում է մեկ այլ հայկական պարադոքսի մասին. «Երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում, ասում ենք` մերը չէ, ու չենք էլ փորձում հասկանալ այն: Իսկ ամերիկացիները շատ լավ հասկանում են կրթության դերը: Հիմա մեր երեխաները անիմաստ փոփ երգերի վրա են դաստիարակվում: Գնա գյուղերն ու համոզվի, որ երեխաները Արմենչիկի երգերն են երգում, եւ շատ քչերը գիտեն՝ ինչպիսի գանձեր ենք ունեցել»:

Ըստ մասնագետների` խազերի գաղտնիքը կորցնելով, մենք կորցրել ենք նաեւ մեր երգերի 90%-ը: Եվրոպական նոտագրությամբ գրառելով երգերի պատառիկները` հայկական մեղեդիները տուժել են, քանի որ հնարավոր չի եղել քառորդային տոները եւ ելեւէջները փոխանցել: Նույնիսկ բանահավաք արշավների ժամանակ չի ստացվել երգերի մեղեդիները գրառել, եւ հիմնականում հավաքագրվել են միայն երգերի բառերը: Եվ եթե չլիներ Կոմիտասի հանճարը, շատ երաժշտական պատառիկներ իրենց ավարտուն տեսքը չէին ստանա: