DigiTec Expo 2009

27/08/2009

Ամեն տարի, հոկտեմբեր ամսին Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների եւ Բարձր տեխնոլոգիաների ընկերությունները շտապում են տեղեր զբաղեցնել DigiTec Expo 2009 խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդեսում:

Բազմաթիվ ընկերություններ պատրաստվում են մասնակցել այս միջոցառմանը` նպատակ ունենալով ներկայացնել իրենց նորագույն լուծումները, հաստատել փոխշահավետ գործարար կապեր եւ ծանոթանալ այլ ընկերությունների կողմից առաջարկվող նորագույն լուծումներին: Տասնյակ տաղավարներ ներկայացնում են ՏՀՏ/Բարձր տեխնոլոգիաների ընկերությունների լավագույն նորարարական լուծումները գործարարության եւ կրթության, էլեկտրոնային կառավարման եւ աշխատաշուկայի, համակարգչային գրաֆիկայի եւ մուլտիմեդիայի ոլորտներում: Տեղական եւ օտարերկրյա ՏՀՏ/ԲՏ ընկերությունները հնարավորություն են ունենում փոխանակել իրենց տեսակետներն ու ներկայացնել իրենց կոնցեպտուալ լուծումները ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող Digilife սեմինարների շարքի ընթացքում: Կազմակերպիչները չեն մոռացել նաեւ այսօրվա արդիական խնդիրներից մեկը` էլեկտրոնային կառավարումը, որի արդյունավետ կիրառումը թույլ է տալիս էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ավելացնել պետական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը եւ պարզապես կրճատել տարբեր ատյաններում հաճախորդների սպասելու ժամանակը: Ցուցահանդեսի մի ստվար հատված հատկացված է այդ խնդրի լուծմանը` DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորումի ընթացքում պետական տարբեր մարմիններ կներկայացնեն իրենց գերատեսչություններում կիրառվող էլեկտրոնային կառավարման լուծումները եւ ծառայությունների ցանկը, իսկ ոլորտի ՏՀՏ ընկերությունները կպատմեն նոր լուծումների մասին: Հայաստանի համար մեկ այլ նոր ուղղություն` Ռոբոտատեխնիկայի զարգացման ուղիները կցուցադրվեն երիտասարդների համար հատուկ կազմակերպվող Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (Armrobotics) «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերի ընթացքում, որոնք նույնպես կանցկացվեն DigiTec Expo 2009-ում: Ցուցահանդեսի կազմակերպիչները` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ակնկալում են, որ այս տարի այցելուների քանակը կհասնի 11-12 հազարի, ինչը մոտ 20-30 տոկոսով ավելի է անցյալ տարիների ցուցանիշից, իսկ ցուցադրող ընկերությունների թիվը կանցնի հինգ տասնյակից: