Ինչպե՞ս ստեղծվեց Amazon.com-ը

27/08/2009

Ջեֆֆրի Պերստոն Բեզոսը միշտ պարծենում էր, որ դպրոցը գերազանց գնահատականներով է ավարտել: Թեեւ նա այդպես էլ իր կյանքի ընթացքում չտեսավ Ամազոնը, սակայն նրա ստեղծած Amazon.com էլեկտրոնային հսկայական խանութն այսօր համարվում է մոլորակի 10 ամենահայտնի կայքերից մեկը: Ջեֆֆրի Բեզոսն ընդգրկված է Forbes ամսագրի կազմած աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Ջ. Բեզոսը ծնվել է 1964թ., Ամերիկայի փոքրիկ քաղաքներից մեկում: Նրա մանկությունն անցել է Հյուսթոնում, քանի որ նրա հայրը աշխատանք էր ստացել Էքսոն (Exxon) նավթարդյունաբերական գործարանում: Ջեֆֆրին փոքրուց հետաքրքրվում էր տեխնիկայով, նա միշտ ինչ-որ բաներ էր նորոգում: Մի անգամ նա նույնիսկ ազդանշանային համակարգ պատրաստեց: Դպրոցը ավարտել է կարմիր դիպլոմով: 1982թ. ընդունվել է Պրինստոնի համալսարան, որը նույնպես գերազանց է ավարտել:

Ուոլ-Սթրիթ փողոցի վրա գտնվող համակարգչային կենտրոնը դարձավ Ջեֆֆրիի առաջին աշխատատեղը: Նա հրաժարվում է աշխատել Bell Labs եւ Andersen Consulting ընկերություններում: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվում է նորաստեղծ Ֆիթլ (Fitel) ֆինանսական շուկայով զբաղվող ընկերություն: Երկու տարի անց, 26 տարեկանում երիտասարդը զբաղեցնում է Բանկերս Տրաստ (Bankers Trust) ընկերության փոխնախագահի պաշտոնը: Այդ տարիքում դա կարիերայի բացառիկ նվաճում էր, քանի որ նման ընկերությունում փոխնախագահի պաշտոն զբաղեցնելու համար 26 տարեկան երիտասարդը բավականաչափ փորձ չուներ: Սակայն Ջեֆֆրիի նման արտասովոր անձնավորությանը դա չէր վերաբերում: Նրան անվերջ ինչ-որ բան չէր բավարարում, եւ նա շարունակում էր տեղափոխվել մի կազմակերպությունից մյուսը: Եվ չնայած զբաղեցրած բարձր պաշտոնին ու կայուն աշխատավարձին, Բեզոսը դուրս եկավ ընկերությունից: Այդ կապակցությամբ նա ասել էր, որ իր հնարավորություններն ավելի մեծ են, քան պահանջվում է այդ աշխատանքում, եւ որ այլեւս չի ցանկանում աշխատել բանկային սեկտորում եւ նոր գաղափար է փնտրում: Սակայն 1990թ. աշխատանքի անցավ Դ.Ե.Շո (D.E.Shaw) ֆինանսական ընկերությունում` զբաղեցնելով ավագ փոխնախագահի պաշտոնը: Ընկերությունը կրում էր իր հիմնադրի` տեխնիկական գիտությունների դոկտոր, համակարգչային դիսցիպլինների պրոֆեսոր Դեյվիդ Շոյի անունը: Պրոֆեսորը հիշում է. «Ջեֆֆրիի ուղեղի կիսագնդերի լիարժեք զարգացվածությունը հիացնում էր ինձ: Նա իր բնույթով ստեղծագործող անձնավորություն էր, բարձր ճաշակի տեր, միշտ ինչ-որ նորամուծություն էր մտցնում իր աշխատանքի մեջ եւ հաճույք ստանում դրանից»:

Շատերի համար նման խոշոր ընկերությունում նման պաշտոն զբաղեցնելը մի ամբողջ կյանքի նպատակ է դառնում, բայց Ջեֆֆրին նման մարդկանց թվին չէր պատկանում: Նա մի գեղեցիկ օր իր համար նորովի բացահայտելով Ինտերնետը` հեռացավ ընկերությունից: Դ.Ե.Շո-ն վերջին տեղն էր, որտեղ 4 տարի աշխատեց Ջեֆֆրին:

1995-99թթ. ինտերնետային բազմաթիվ նոր ընկերություններ ստեղծվեցին: Մեծ մասը կարողացավ դիմակայել սնկերի պես աճող անթիվ ընկերություններին: Մեկ տարվա ընթացքում Երկրագնդի բնակչությունը Ինտերնետի (online) միջոցով 15մլրդ դոլար ապրանք էր գնել, իսկ բիզնես սեկտորում այդ թիվը հասել էր 109 մլրդ դոլարի: Այդ տարի միայն 5 մլրդ դոլարի չափով գնումներ էին կատարել ամերիկացիները` Ամանորյա տոների ընթացքում: Բեզոսը զգաց պահը, եւ առաջին անգամ առնչվելով համակարգչային համաշխարհային հսկա ցանցի հետ, իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ հասկացավ, թե Ինտերնետում ինչ առքուվաճառքային ապագա է սպասվում: Նույնը զգաց նաեւ eBay առեւտրային ցանցի հիմնադիր Պիեր Օմիդյարը, սակայն Բեզոսի ստեղծած Amazon-ն առավել քան հետաքրքիր եւ կառուցվածքային տեսանկյունից ավելի կուռ ու գրավիչ էր: Amazon-ի ստեղծման հենց առաջին օրից Բեզոսին կոչեցին էլեկտրոնային առքուվաճառքի խորհրդանիշ, կիբեռկոմերցիայի արքա: Այդ տարի նա ընտրվեց «Տարվա մարդ», որը էլեկտրոնային բիզնեսը հասցրեց հսկայական զարգացումների:

Amazon անվանումը առաջացել է հայտնի` Ամազոն գետի անունից: Ընկերությունը վաճառում է ամեն ինչ` օր օրի ընդլայնելով իր ազդեցության ոլորտները: Էլեկտրոնային վաճառքի հիմնական առավելությունը նվազագույն ծախսերով հնարավորինս նոր գնորդների ընդգրկումն է:

Ջեֆֆրիին հետաքրքրեց Ինտերնետ կապի ներուժը (մեկ տարվա ընթացքում Ինտերնետից օգտվող մարդկանց քանակը ավելացել էր 2300%-ով), եւ նա որոշեց, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել: Ի՞նչ կարելի է վաճառել Ինտերնետով: Ուսումնասիրելով 20 տարատեսակ ապրանքներ, որոնք կարելի էր փոստով պատվիրել, նա կանգ առավ գրքերի վրա: Հնարավոր է, որ այդ որոշման վրա իր ազդեցությունը ունեցավ Ջեֆֆրիի կինը` նա գրող էր: Ջեֆֆրիի մտահղացումը ոչ բոլորին թվաց հեղափոխական: Ավելին, Դ.Ե.Շո ընկերությունը նույնիսկ խուսափեց ռիսկի գնալ եւ հրաժարվեց աջակցել նրան: Ջեֆֆրին պետք է ընտրություն կատարեր. կամ նա պետք է հրաժարվեր իր ծրագրերից, կամ պետք է միայնակ գործեր: Իսկ դա նշանակում էր` զրկվել լավ աշխատանքից, հուսալի հեռանկարներից, կորցնել այն ամենը, ինչին հասել էր տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ջեֆֆրիին, սակայն, այդ ամենը չվախեցրեց: Հեռանալով Դ.Ե.Շո կազմակերպությունից եւ ստանալով կնոջ աջակցությունը` նա գործի անցավ:

Սկզբում ընկերությունը ցանկանում էին անվանել «Կադաբռա» (Cadabra), ինչպես «ԱբռաԿատաբռա» կախարդական բառը: Սակայն քննարկումների արդյունքում որոշվեց, որ Cadabra.com-ը շատերի մոտ կարող է նույնացվել cadaver (մարմին, դիակ) բառի հետ: Կայքը վերջնականապես որոշեցին անվանել Հարավամերիկյան Ամազոն (Amazon) գետի անունով: Ջեֆֆրին իր ներդնողներին անկեղծ խոստովանեց, որ նրանց ներդրած գումարների ռիսկային գործոնը կազմում է 70%, սակայն նրա ծնողները գնացին այդ ռիսկին եւ $300.000 ներդրեցին: Նրանք հավատում էին որդու հաջողությանը: «Մենք հույսներս դրել էինք ոչ թե Ինտերնետի, այլ Ջեֆֆրիի վրա»,- տարիներ անց հիշում է նրա մայրը: Տասնօրյա փորձաշրջանի վերջում, լինելով կազմակերպության բաժնետոմսերի 6%-ի սեփականատեր, նրա ծնողները միլիոնատեր դարձան: Մինչ այժմ կորպորացիան բաժանված է եղել երեք մասի: Եվ հիմա Amazon.com-ի եկամտի մոտ 1/3-ը պատկանում է Ջեֆֆրիի ընտանիքին:

Ի սկզբանե Amazon.com-ը հաստատվեց վարձած տան ավտոտնակում: Դռան կտորներից մի կերպ հավաքած սեղանների վրա Ջեֆֆրին երեք (Sun Microstations) համակարգիչներ տեղադրեց: Երբ կայքի նախատիպն արդեն պատրաստ էր, նա խնդրեց իր ծանոթներին` 300 հոգու բետա-թեստեր դառնալ նախագծի համար: Փորձը հաջողությամբ պսակվեց, ծրագիրը հրաշալի էր աշխատում: 1995թ. հուլիսի 16-ին Ջեֆֆրին կայքը ներկայացրեց աշխարհին, նա ընկերների օգնությամբ սկսեց ինֆորմացիա տարածել ամենուր: Amazon.com-ը 30 օր աշխատեց առանց գովազդի եւ մամուլի աջակցության, գրքերի վաճառքը իրականացվում էր ամերիկյան 50 նահանգների եւ արտասահմանյան 45 երկրների համար: Սեպտեմբերին ինտերնետ-խանութի շաբաթական վաճառքը կազմում էր $20.000:

Ջեֆֆրին իր թիմի հետ շարունակում է կատարելագործել կայքը` ներդնելով այդ ժամանակ դեռեւս գոյություն չունեցող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են one-click shopping-ը (ապրանքի գնում` կոճակի մեկ սեղմումով), customer reviews (հաճախորդների արձագանքները), e-mail order verification (պատվերի հաստատում e-mail-ի միջոցով) եւ այլն: Բիզնեսն այնքան արագ տեմպերով էր աճում, որ խանութի ստեղծողներն իրենք էլ էին զարմանում: 1997թ. թերահավատները կարծում էին, թե Ինտերնետ շուկայում մյուս լիդեր ընկերությունների` Barnes-ի, Noble-ի, Borders-ի գործունեությունը կարող է թուլացնել Amazon-ի դիրքերը գրքերի շուկայում: Սակայն 2 տարի անց Amazon-ի բաժնետոմսերի եւ այլ ակտիվների գներն այնքան բարձրացան, որքան կազմում էր իր երկու մրցակիցների բաժնետոմսերի հանրագումարը: Ավելին, Amazon-ը գործարք կնքեց Borders-ի հետ, որը միայնակ չէր կարողանում իր ինտերնետ-հաճախականության տակից դուրս գալ:

Սկզբում Բեզոսը նպատակաուղղված ընդլայնում էր իր շուկան` ստացված եկամուտները գործի մեջ ներդնելով: Amazon-ը փոքրիկ խանութից վերաճեց համաշխարհային այնպիսի հզորագույն գրախանութի, որ շատերին թվում էր, թե աճի նման արագ տեմպերը կարող են վնասներ հասցնել ընկերությանը: Բեզոսը եւս չէր սպասում նման արդյունքների: Նրա հիմնական սկզբունքներն էին` հաճախորդների նկատմամբ հավատարմությունը, սեփականության իրավունքը, ակտիվությունը եւ ճկունությունը գործունեության մեջ, ֆինանսների խնայողություն-տնտեսումը, աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը եւ նորարարությունը: «Մեզ համար ամենակարեւորը հաճախորդն է: Մեր խանութն այն վայրն է, որտեղ մարդիկ, համակարգչի առջեւ նստած, կարող են գտնել եւ պատվիրել իրենց ցանկացած ամեն բան»,- ասել է Բեզոսը:

Ընկերության ստրատեգիան տարբերվում էր բազմաթիվ ինտերնետային կայքերից: Ջեֆֆրին հասկանում էր` ինչպես վաստակել գումար, եւ չէր պատրաստվում դա անել կարճ ժամանակահատվածում: Նա նախընտրում էր աշխատել երկարատեւ նախագծերի վրա: Amazon.com-ի վաճառքի հաջողության մեջ պակաս դեր չխաղաց նաեւ կազմակերպության կողմից իրականացվող շուկայի ճշգրիտ ուսումնասիրությունը: Ջեֆֆրին մշակում էր վաճառքի այնպիսի խելացի համակարգ, որի շնորհիվ նույնիսկ սովորական գնորդները սկսում էին համագործակցել ընկերության հետ, տարածել Amazon.com-ի ապրանքները եւ վաճառքից տոկոս ստանալ:

1998թ. Amazon.com-ը գնում է InternetMovie Database (IMDb)` ֆիլմերի, հեռուստաշոուների, DVD-I հսկայական արխիվը: 1999թ. 250մլն դոլարով Amazon-ը գնում է Alexa Internet որոնողական ցանցը, որը համագործակցում է Google եւ Open Directory ցանցերի հետ: 2002թ. հոկտեմբերից Amazon-ն իրականացնում է նաեւ հագուստի վաճառք` պայմանագրեր կնքելով այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսին են` The GAP-ը, Nordsyrom-ը եւ Landգs End-ը: 2003թ. Amazon-ը ներկայացնում է ինտերնետային որոնողական ցանցը` A9: 2004թ. ընկերությունը ձեռք է բերում Joyo.com-ը` չինական խոշոր ինտերնետային խանութը, որը Amazon-ին հնարավորություն է տալիս ընդլայնել իր ցանցը ասիական երկրներում:

Ինչպե՞ս է անցնում ամենահաջողակ ինտերնետ կայքերից մեկի գլխավոր տնօրենի, երկրագնդի միլիարդատերերից մեկի (2005թ. նրա ունեցվածքը գնահատվել է 4,8 մլրդ դոլար)՝ Ջեֆֆրի Բեզոսի կյանքն այսօր: Նա իր ժամանակի եւ գումարների մեծ մասը տրամադրում է բարեգործությանը: Ինչպես սիրում է կատակել նրա կինը. «Հաճախ գումար ծախսելը ավելի դժվար է լինում, քան աշխատելը»: Ամեն օր Ջեֆֆրին էլ.փոստ-ով նամակներ է ստանում նախորդ օրվա վաճառքի, եկամուտների, շրջանառության վերաբերյալ: Չնայած իր ունեցվածքին եւ ընկերության մեջ իր ունեցած բաժնետոմսերի խոշոր փաթեթին, Ջեֆֆրին իր բաժնետոմսերը կոնվերտացիայի է ենթարկել ընդամենը մեկ անգամ` 23մլն դոլարի բաժնետոմսեր վաճառելով: Դրանից հետո ընտանիքը Վաշինգտոն լճի ափին տուն է գնել եւ թարմացրել ավտոմեքենաները: 1998 թ.-ից առ այսօր Ջեֆֆրի Բեզոսը ֆիքսված աշխատավարձ է ստանում. նա որոշում էր կայացրել, որ «աշխատավարձը տարիների ընթացքում չպետք է կրկնապատկվի»: Թե ինչ կլինի հետո, ինչ նորամուծություններ կներդնի Ջեֆֆրի Բեզոսը` հայտնի չէ: Մարդ, ով մանուկ հասակում երազում էր տիեզերագնաց դառնալ:

Ըստ Ինտերնետային նյութերի