Ինչ է լակտոստազը
Կերակրման ժամանակ կաթի կանգը կրծքում, բժշկական տերմինաբանությամբ նշանակում է` լակտոստազ: Որպես կանոն՝ այն առաջանում է կամ շատ արտադրվող կաթի ու ոչ անհրաժեշտ քանակի դատարկվելուց, կամ նեղ ծորանների պատճառով: Լակտոստազն արտահայտվում է կաթնագեղձի ուժեղ ցավով, որի ժամանակ կուրծքը լցվում է, իսկ շոշափելիս կարելի է առանձին մասերում նկատել կոշտացումներ: Երբ այդ կրծքից կաթը դուրս է գալիս, ուշադրություն դարձրեք, որ այդ կրծքից հավասարաչափ չէ դուրս գալիս, որոշ մասերից կարող է կաթ դուրս չգալ ընդհանրապես: Այս դեպքում ցավային զգացողությունները չեն հանգստանում նույնիսկ կուրծքը դատարկելուց հետո: Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, որոնցից հիմնականներն են` կրծքով կերակրելուց հրաժարվելը, երեխային ոչ կանոնավոր կերակրելը, կերակրելիս երեխային կրծքին ոչ ճիշտ մոտեցնելը, որի արդյունքում կրծքի որոշակի մասերից ընդհանրապես կաթ չի գալիս, ու գեղձը չի դատարկվում: Այս հիվանդության զարգացմանը նպաստում են նաեւ նեղ կրծկալներ կրելը, փորի վրա քնելը, որի արդյունքում կարող են խցանվել կաթնածորանները, մրսելը, սթրեսները, գերհոգնածությունն ու գերծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես լակտոստազը կարող է ուղեկցվել լավ ինքնազգացողությամբ ու մարմնի նորմալ ջերմաստիճանով: Բայց ոչ մի միջոց չձեռնարկելու դեպքում կարող է բարձրանալ ջերմությունը, որն արդեն մաստիտի նախանշան է: Այս դեպքում բավական է երեխային ճիշտ մոտեցնել կրծքին ու ճիշտ հաճախականությամբ կերակրել, եւ շատ արագ այս գանգատները կանցնեն, բայց չօգնելու դեպքում, կանոնավոր կերակրելու հետ մեկտեղ, պետք է կուրծքը դատարկել նաեւ կթելու միջոցով` օրը 1-3 անգամ: Բայց չի կարելի կուրծքը դատարկել կերակրելուց անմիջապես հետո, որովհետեւ դա արդեն օրգանիզմին տագնապ է այն մասին, որ կաթը չի բավականացնում երեխային, հետեւաբար՝ ավելի շատ ու արագ կսկսի կաթ արտադրվել, իսկ այս դեպքում կաթի կանգն անխուսափելի է: Կուրծքը դատարկելուց առաջ պետք է տաք կոմպրեսներ դնել, որպեսզի ուժեղանա կաթի հոսքը: Կոմպրեսն այն մասերում պետք է դրվի, որտեղ կոշտացումներ ու կաթի կանգ է նկատվում: Լակտոստազի ժամանակ պետք է հետեւել օգտագործած հեղուկի քանակին, որպեսզի սահմանափակեք կաթի առաջացման քանակը: Հեղուկի քանակը պետք է չանցնի 800գ-ից մինչեւ 1 լիտրի չափը: Բայց հաճախ լակտոստազը կարող է վերածվել մաստիտի, որին բնորոշ են նույն նշաններն՝ ավելի սուր ձեւով: Հիվանդությունն ուղեկցվում է մարմնի բարձր ջերմությամբ` սկսած 38 աստիճանից, եւ ուժեղ ցավերով: