ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հուլիսի 22-ին Հանրապետական
կուսակցությանը հռչակեց «հիմնական ախոյան» եւ սպառնաց, թե այն թեկնածուն,
ով առաջիկա ՏԻՄ ընտրություններում կստանա ՀՀԿ աջակցությունը, կարժանանա իր
կողմից նախապատրաստվող ինչ-ինչ «փաստերի» հրապարակմանը: Իսկ այդ
«փաստերն», ըստ Գ. Արսենյանի, միանշանակ բացասական ազդեցություն կունենան
տվյալ թեկնածուի համար:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից
հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, թե ինչու է ՄԱԿ-ը ՀՀԿ-ին հայտարարում
«ախոյան»: «Ես այն կարծիքին եմ, որ հանրապետությունում գործող
յուրաքանչյուր քաղաքական «երեւույթի» նկատմամբ ՀՀԿ-ն որոշակի կշիռներ ու
դերակատարում ունի: Այնպես որ՝ շա՜տ ըմբռնումով եմ մոտենում, երբ
երբեմն-երբեմն ոչ միայն Արսենյանը, այլեւ ընդհանրապես քաղաքական այս կամ
այն դաշտը փորձեր է անում ՀՀԿ-ին վարկաբեկելու ճանապարհով որոշակի կշիռ
ձեռք բերելու: Բայց ճիշտը ոչ թե վարկաբեկելն ու փիս խոսքեր ասելն է, այլ
քաղաքական փոխհամաձայնությունների միջոցով խնդիրները կարգավորելը,
մանավանդ՝ ՀՀԿ-ն գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում պետք է նպաստել այն
թեկնածուին, որը տվյալ տարածքում որոշակի հեղինակություն ունի: Ի դեպ,
գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ցանկացած ընտրությունների ժամանակ իր դերակատարումն
ունենում է: Իսկ ինչ վերաբերում է Արսենյանի փքուն հայտարարություններին՝
«սառը պատերազմ», «կոմպրոմատներ» եւ այլն, որ ուղղված էին ոչ միայն մեզ,
այլեւ՝ կոալիցիային, հարկ եմ համարում միայն նշել, որ կշիռների
տարբերություն կա մեր եւ ՄԱԿ-ի միջեւ: Իհարկե, նրանք պետք է որոշակի կշիռ
ձեռք բերեն, բայց վիրավորական է, որ նրանք ցանկանում են դա ձեռք գցել մեր
հաշվին»,- նկատեց Գ. Սահակյանը՝ հավելելով, թե ՄԱԿ-ը դեռեւս այն քաղաքական
ուժը չէ, որին ՀՀԿ-ն կցանկանար համարժեք պատասխան տալ: Գ. Արսենյանը նաեւ
սպառնացել էր, որ եթե ՀՀԿ-ն իր ադմինիստրատիվ ռեսուրսները կիրառի ՏԻՄ
ընտրություններում, ապա իրենք կդիմեն լուրջ գործողությունների, ընդհուպ՝
իրավապահների միջամտությանը: Այս առնչությամբ Գ. Սահակյանն ասաց. «Դա,
ժողովրդական լեզվով ասած, ձուկը ջրում բազար անել է: Քավ լիցի, նախորդ
բոլոր ընտրություններում երբեւէ այնպիսի դեպք չի գրանցվել, որ այս կամ այն
հարցում իշխանության մատը խառը լինի կամ իշխանության լծակներ օգտագործվեն:
Նաեւ մտադիր չենք որեւէ լծակ օգտագործել աշնանային ընտրություններում:
Մենք տարածքներում շատ մեծ հեղինակություն վայելող մարդիկ ունենք եւ
փորձելու ենք նրանց օժանդակել, եւ պարտադիր չէ, որ նրանք լինեն ՀՀԿ
անդամներ»: Գ. Սահակյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ ՄԱԿ նախագահի այն
սպառնալիքին, թե իրենք պատրաստվում են վեր հանել կառավարության որոշ
որոշումներ, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ովքեր են հանրապետականներն ու
ինչի են արժանի: «Նախ՝ չեմ կարծում, թե այնպիսի նյութեր կան, որոնք, ըստ
Արսենյանի, կարող են մեզ վարկաբեկել: Բացի այդ՝ չեմ կարծում, թե քաղաքական
կուսակցությունը ոստիկանական տրամաբանությամբ կամ գործառույթներով պիտի
փորձի հասարակության մեջ ինչ-որ կշիռ ձեռք բերել: Իսկ ընդհանուր առմամբ,
իմ դիրքորոշումն այդ կուսակցության նկատմամբ այն է, որ նրանք բավականին
ակտիվ փորձեցին աշխատել, բայց քաղաքականության մեջ դեռեւս կշիռ չունեն ու
պետք է դա հաշվի առնեն: Կարծում եմ, անօգուտ փորձեր են այդ
հայտարարությունները, մանավանդ, երբ դրանք քաղաքական դաշտից դուրս են»,-
ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը:
«Քաղաքական կշիռ» չունեցող ուժը՝ ՄԱԿ-ը, կարո՞ղ էր հայտարարել, թե հաջորդ
նախագահը կլինի նա, ում կպաշտպանեն իրենք կամ՝ «առանց իրենց՝
իշխանություններին հարցնելու կվերցնենք իշխանությունը»: Պատահակա՞ն են
իրար հաջորդող նմանատիպ հայտարարությունները. այս հարցին Գ. Սահակյանը
պատասխանեց. «Ես այդ հայտարարությունն եմ պատահական համարում, որովհետեւ
ընտրություններում ժողովուրդն է ընտրում, ոչ թե ՄԱԿ-ը: Այդպես
հայտարարելով չէ: Ես միամիտ եմ համարում այն մարդկանց, ովքեր մտածում են,
թե ժողովուրդը պարտավոր է ինչ-որ մեկին ավելի շատ սիրել, իսկ ինչ-որ
մեկին՝ ավելի քիչ: Բոլոր գործողությունները քաղաքական հետեւանքների խնդիր
են: Այնպես չէ, որ մեր ժողովուրդը հակված է եւ պարտավոր է ինչ-որ
կուսակցության կամ քաղաքական գործչի սիրահարվել ու իշխանությունը նրան
տալ: Նման բան հազարամյակը մեկ է լինում կամ դարեր շարունակ չի լինում,
հետո՝ լինում է ու ժողովուրդը միանգամից հոգեւոր առաջնորդ է համարում
ինչ-որ անձի: Բայց կարծում եմ, որ ոչ ես, ոչ Արսենյանը, ոչ էլ մեր
քաղաքական միջավայրում որեւէ մեկը կա, որին ժողովուրդը պետք է գերհոգեւոր
առաջնորդի ճանապարհով տանի ու նստեցնի նախագահի թախտին: Քաղաքական այն
ուժերը, որոնք նպատակ ունեն իշխանության գալ, նախագահ դառնալ կամ մեծ
պաշտոններ ձեռք բերել, կարող են դա անել քաղաքական բանակցությունների,
փոխիջումների եւ համագործակցության միջոցով»: Իսկ «Ինչո՞ւ եք
«տորպեդահարում» Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որի համար Գ. Արսենյանն իր
դժգոհությունն արտահայտեց» հարցին Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Դա
իրականության մեջ կոչվում է միստիցիզմ: Նարեկացին, օրինակ, միստիկ էր,
անընդհատ բողոքում-բողոքում էր Աստծուն, բայց հենց մոտենում էր Աստծուն,
վախեցած մի քանի քայլ հետ էր նահանջում: Այդ մոտեցումը մեր ժողովրդի մոտ
կա, առավել եւս՝ քաղաքական գործիչների մեջ: Ուզում եմ ասել, որ կոալիցիայի
ամենակարեւոր կողմերից մեկը, որին «սառը պատերազմ» է հայտարարվում,
հանրապետության նախագահն է: Եվ որքան էլ քաղաքական կուսակցությունները
փորձեն նրան հեռացնել կոալիցիայից, չի ստացվի, որովհետեւ իրականությունը
դա է: Այդպես չի լինում, որ ամբողջ թիմից մի մասին առանձնացնես ու
վարկաբեկես՝ փորձելով այդկերպ քեզ համար քաղաքական ճանապարհ հարթել:
Անկեղծ ասած՝ ես այդտեղ խիզախում էլ չեմ տեսնում: Բայց գտնում եմ, որ այդ
կուսակցության ներուժը անհրաժեշտ է ներդնել մեր պետության մեջ»: Մեր
դիտարկմանը, թե փաստորեն տեղին էր ՄԱԿ նախագահի նեղացածությունը, որ
կոալիցիան հաշվի չառավ իրենց ներուժն ու որեւէ պաշտոն չտրամադրեց իրենց,
Գ. Սահակյանը հակադարձեց. «Կարծում եմ, ամեն մեկն իր չափի լծակներ պետք է
ունենա: Այսօր ԱԺ-ում 6 հոգանոց ՄԱԿ խմբակցությունն ունի հանձնաժողովի
նախագահի տեղակալ, իրենց կամքով կառավարությունը գնաց նրան, որ
հնարավորություն ստեղծեց, որպեսզի ՄԱԿ անդամներից մեկը դառնար մե՜ծ
առողջապահական բլոկի ղեկավար: Իսկ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա
ամեն օր միայն Երեւան քաղաքում 30-ից ավելի ծնունդ կա, ու նրանք բոլորը
վերջում նախարար են ցանկանալու դառնալ: Բայց նախարար դառնալու համար
քաղաքական կշիռներ է պետք ունենալ»:
Գ. Սահակյանի համոզմամբ, վարկաբեկման ուղին ընտրած քաղաքական ուժը որեւէ
ճանապարհ չի կարող ունենալ, եւ վարկաբեկելով կոալիցիոն ուժերին՝ դրանից
սահմանազատելով Ռ. Քոչարյանին, ՄԱԿ-ը չի կարող վայելել Ռ. Քոչարյանի
համակրանքը: Այնպես որ, ըստ Գ. Սահակյանի, որն անընդհատ ընդգծում էր ՄԱԿ-ի
«թեթեւ քաշը» քաղաքականության մեջ, ապարդյուն են նաեւ Գ. Արսենյանի
նմանօրինակ հեռանկարները: