Կնոջ առողջությունը եւ հորմոնները

27/08/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Շատերը գիտեն, որ կանանց օրգանիզմի գինեկոլոգիական վիճակը մեծապես կախված է էնդոկրին գեղձերի աշխատանքից: Բայց պետք է գիտենալ, թե այդ կապը ինչպես կարող է անդրադառնալ կնոջ առողջության վրա:

Էնդոկրին համակարգի եւ զուտ կանացի օրգանների ֆունկցիայի մեջ պետք է տեսնել ամենաուղիղ կապ: Կնոջ օրգանիզմում տեղի ունեցող խանգարումները միշտ կապված են լինում այս կամ այն հորմոնալ խանգարումների հետ: Մասնագետները գտնում են, որ, ցավոք, ցանկացած էնդոկրին պաթոլոգիա գենետիկորեն պայմանավորված վիճակ է, այսինքն՝ գենետիկորեն փոխանցվելու նախատրամադրվածություն կա: Այս ամենին էլ ավելացրած՝ էնդոկրին խանգարումները կարող են պայմանավորված լինել արտաքին գործոնների ազդեցությամբ` երեխաների սթրեսային մանկություն, մանկական վարակներ, վատ էկոլոգիա եւ այլն: Վատ եւ անորակ սնունդը եւս կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Չէ՞որ այս սննդամթերքի շատ ու հիմնական տեսակները արտադրվում են երկարատեւ պահպանման ժամկետով, քանի որ դրանք կոնսերվանտների հիմքի վրա են պատրաստված: Այսպիսի սնունդ ընդունելու արդյունքում, ոչ միայն կանանց, այլ նաեւ երեխաների ու ծերերի մոտ առաջանում է դիսբակտերիոզ: Մենք նման սննդամթերքի միջոցով սպանում ենք այն բոլոր լակտոբակտերիաները, որոնք կազմում են մեր իմունիտետի 70 տոկոսը, եւ որոնք պաշտպանական դեր են խաղում մեր օրգանիզմի համար եւ օգնում են ճիշտ մարսողությանն ու սինթեզում են վիտամիններ:

Այդ պատճառով պետք է հիմնականում սնվենք բնական սննդամթերքով եւ ինքներս պատրաստենք: Թեկուզ վերջինս եւս հակաբիոտիկներ է պարունակում, բայց ավելի լավ է, քան կիսապատրաստուկները: Եվ հետո պետք է քիչ օգտագործել հրուշակեղենից պատրաստված ածխաջրերով, սպիտակուցներով ու անհասկանալի ճարպերով հարուստ` երկարատեւ պահպանման ժամկետով սննդամթերք: Այդ բոլորը պատրաստված են կոնսերվանտների հիմքի վրա, հակառակ դեպքում` կփչանան երկրորդ կամ երրորդ օրը: Շատ վտանգավոր են նաեւ գազավորված քաղցր խմիչքները, որոնք կործանարար ազդեցություն կարող են ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Ավելի լավ է ուտել թարմ մրգեր կամ չրեր:

Ինչպես նշվեց, հորմոնալ խանգարումներ կարող են լինել սթրեսների արդյունքում: Երեխայի մեծ կյանք ոտք դնելու ճանապարհը լի է սթրեսներով: Իսկ սթրեսային վիճակներում արտադրվում են սթրեսի հորմոններ, որոնք եւս օրգանիզմում խախտում են հորմոնալ բալանսը: Նման պրոցեսը կարող է հանգեցնել առանձին օրգանների գործունեության խանգարման: Օրինակ` կարող է առաջանալ սթրեսային գաստրիտ կամ սթրեսային խոցային հիվանդություն: Սթրեսի ժամանակ կարող է առաջանալ լեղականգ կամ լեղապարկի սպազմ: Աղջիկների մոտ հաճախ հասունության շրջանում սթրեսից կարող է առաջանալ ձվարանների կիստա:

Ըստ հետազոտությունների` այսօր մեր կանանց չորրորդ սերունդը դեռ պատասխան է տալիս Հայրենական Մեծ պատերազմի պատճառով: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած հորմոնալ փոփոխությունները սկսել են փոխանցվել սերնդից սերունդ: Եկող սերունդների մեջ հորմոնալ խախտումներն ավելի արտահայտված են: Այսօր շաքարային դիաբետը շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարման արդյունք է: Նույնը կարելի է ասել ճարպակալման մասին: Կանայք շատ շարժվում են, քիչ էլ սնվում, բայց գիրանում են: Հետեւաբար՝ ճարպակալումը եւս հորմոնալ խանգարման արդյունք է, եւ ոչ թե` շատ ուտելու:

Կանանց մոտ լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների պատճառը եւս հորմոնալ խանգարումների արդյունք է: Նույն պատճառով էլ առաջանում է օստեոպարոզը:

Կանանց համար ամենամեծ չարիքն, իհարկե` ծխելն է: Այսօր աղջիկների մեջ շատ է ծխողների թիվը: Աղջկա օրգանիզմի վրա հատկապես կործանարար ազդեցություն է ունենում այն խեժը, որը առաջանում է թութունի այրման ընթացքում: Դրանք ազդում են մակերիկամի վրա` ուժեղացնելով արական սեռական հորմոնների արտադրությունը: Այդ պատճառով ծխող կանանց մոտ հաստանում է ձայնը, սկսում է տղամարդուն հատուկ մազակալում: Այսպես է արտահայտվում արական սեռական հորմոնների ավելցուկը: Իսկ հետագայում գրեթե բոլոր ծխող աղջիկների մոտ առաջանում է ձվարանների պոլիկիստոզ:

Ցանկացած կին հարգանքով պետք է վերաբերվի իր առողջությանը եւ տարվա մեջ 2 անգամ անպայման հաճախի գինեկոլոգի մոտ` ստուգվելու:

Հորմոնային կախվածությամբ սեր

Սիրելի կանայք, եթե դուք ընդունում եք հորմոնային հակաբեղմնավորիչներ, ապա արժե տղամարդկանց վերաբերյալ ձեր ճաշակը վերանայել, իսկ թե ինչու՝ կպարզաբանենք: Կանանց մոտ, ովքեր ընդունում են հորմոնային հակաբեղմնավորիչներ հաբերի տեսքով, փոխվում են գեղեցիկ տղամարդու որոշ չափանիշներ: Նրանց սկսում են դուր գալ «մաչոյանման» տղամարդիկ: Բայց ժամանակի ընթացքում հորմոնային կախվածության սերը «մաչոյականությանը» ետ է նահանջում:

Կինն իր համար զուգընկեր է ընտրել այն ժամանակ, երբ հակաբեղմնավորիչներ էր ընդունում, իսկ երբ ցանկություն է առաջանում երեխաներ ունենալու, հանկարծ նա հասկանում է, որ իր կողակիցը այնպիսին չէ, ինչպիսին ինքը կուզեր: «Մաչոն», լավ հայրն ու հոգատար ամուսինը անհամատեղելի են: