Ըստ ծննդոց տարեգրության առաջին խոսքերի, Աստված «արարեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1,1), եւ այդ ամենայն արարվածի բաժանումը երկուսի միշտ հիմնականն է ճանաչվել: Այդպես նաեւ հավատի դավանության մեջ` մենք Աստծուն անվանում ենք «արարիչ երեւելոց եւ աներեւութից», արարիչ ինչպես տեսանելիի, այնպես էլ, հավասարապես, եւ անտեսանելիի: Սակայն այդ երկու աշխարհները` տեսանելի աշխարհն ու անտեսանելի աշխարհը` հաղորդակցվում են: Բայց նրանց փոխադարձ տարբերությունն այնքան մեծ է, որ չի կարող չառաջանալ նրանց շփման սահմանի հարցը: Այն նրանց բաժանում է, բայց հենց այն էլ նրանց միավորում է: Ուրեմն, ինչպես հասկանանք այդ:
Այստեղ, ինչպես եւ բնազանցության այլ հարցերում, ելակետ կծառայի իհարկե այն, ինչը մենք գիտենք ինքներս մեր մասին: Այո, մեր սեփական հոգու կյանքը հենակետ է այդ երկու աշխարհների շփման սահմանի մասին, քանզի եւ մեր մեջ կյանքը տեսանելիում հաջորդվում է կյանքով անտեսանելիում, եւ այդու լինում են ժամանակներ, թող որ կարճատեւ, թող որ չափազանց պրկված, երբեմն նույնիսկ մինչեւ ժամանակի հյուլեն` երբ երկու աշխարհներն առնչվում են, եւ մենք հայում ենք հենց այդ հպումը: Հենց մեր մեջ երեւելիի քողն ակնթարթաբար խզվում է եւ ընդմեջ նրա, դեռեւս գիտակցվող խզման, փողփողում է աներեւույթ, տարաշխարհիկ սյուքը` այն եւ այլ աշխարհը հունցվում են միմյանց մեջ, եւ կյանքը մեր անընդմեջ կոհակվում է, հար եւ նման այն բանի, երբ տապի վրա բարձրանում է տաք օդը:
Երազը` ահա առաջին եւ պարզագույն, այսինքն, առ նա մեր լիակատար սովորույթի իմաստով, կենաց աստիճանն անտեսանելիում: Թող որ այդ աստիճանը ցածր է, համենայն դեպս, ամենից հաճախ լինում է ցածր, բայց եւ երազը, նույնիսկ իր վայրի վիճակում, անկիրթ երազը զմայլեցնում է հոգին առ աներեւույթը: Եվ նույնիսկ մեզանից ամենաաննրբանկատներին պարգեւում է այն կանխազգացումը, որ կա եւ այլ մի բան, բացի այն, ինչը մենք հակված ենք համարելու միակ կյանքը: Եվ մենք գիտենք` քնի եւ արթնության շեմին, նրանց միջեւ ընկած միջանկյալ շրջանը, նրանց շփման այդ սահմանն անցնելիս, հոգին մեր երազներով է պատվում:
Կարիք չկա ապացուցելու վաղուց ապացուցվածը. խոր քունը, հենց քունը, այսինքն՝ քունն, ինչպիսին որ կա, երազներով չի ուղեկցվում, եւ լոկ կիսանինջ ու կիսաարթմնի վիճակը, հենց երազի եւ արթնության սահմանը, ժամանակն է, ավելի ճիշտ ասած, ժամանակամիջավայրն է երազատեսային պատկերների ծագման: Հազիվ թե ճիշտ չէ երազների այն մեկնությունը, ըստ որի՝ նրան համապատասխանում է, բառիս բուն իմաստով, ակնթարթային անցումը հոգեւոր կենաց ոլորտից դեպի այլնը, եւ միայն հետո, հիշողության մեջ, այսինքն` ցերեկային գիտակցության փոխադրելիս, ծավալվում են մեր տեսանելի աշխարհի ժամանակաշարում: Դրանք ինքնին ունեն առանձնահատուկ, ցերեկայինի հետ անհամատեղելի, ժամանակի չափման միավոր` «անդրանցական»: Երկու խոսքով հիշենք դրա ապացույցը:
«Քիչ քնվեց, բայց շատ բան տեսնվեց»` այդպիսին է երազատեսային պատկերների խտացվածության սեղմ սահմանումը: Ամեն ոք գիտե, ըստ կողքանց արվող արտաքո չափման, որ կարճ ժամանակում երազում կարելի է ժամեր, ամիսներ, նույնիսկ տարիներ ապրել, իսկ որոշ առանձնահատուկ իրավիճակներում` դարեր եւ հազարամյակներ: Այդ իմաստով՝ ոչ ոք չի կասկածում, որ քնածը պարփակվելով արտաքին, տեսանելի աշխարհից եւ գիտակցությամբ անցնելով այլ մի համակարգ ու չափման միավոր, ձեռք է բերում նորը, ըստ որի՝ իր համակարգը, իր լքած համակարգի ժամանակի համեմատ, ընթանում է անասելի արագությամբ: Բայց եթե ամեն ոք համաձայն է, նույնիսկ չիմանալով հարաբերականության սկզբունքը, որ տարբեր համակարգերում, համենայն դեպս, դիտարկվելիք դեպքի առնչությամբ, հոսում է իր ժամանակը, իր արագությամբ եւ իր չափով, ապա, ամեն ոք չէ, թերեւս, նույնիսկ շատերը չէ, որ խորհրդածում են այն հնարավորության մասին, որ ժամանակը կարող է հոսել անվերջանալի արագությամբ եւ, նույնիսկ ինքն իրենից դուրս պրծնելով, անվերջանալի արագության միջով անցնելիս, կստանա իր հոսքի հակառակ իմաստը: Այնինչ, ժամանակը կարող է ակնթարթային լինել եւ ուղղված ապագայից առ անցյալ, հետեւանքներից դեպի պատճառները` նպատակաբանական, եւ դա լինում է հենց այն ժամանակ, երբ մեր կյանքը տեսանելիից անցնում է առ անտեսանելին, իրականից` երեւակայականը: Այդ ուղղությամբ առաջին քայլը, այսինքն` ակնթարթային ժամանակի հայտնաբերումը, արել է բարոն Կարլ Դյուպրելը, այն ժամանակ դեռ լրիվ երիտասարդ մի մարդ, եւ այդ քայլը բոլոր իր արածներից ամենաէականն էր: Սակայն կարծեցյալների անըմբռնողությունը նրան երկչոտություն ներշնչեց հետագա եւ առավել էական հայտնագործության հանդեպ, որն անկասկած, իր ուղու վրա էր` շրջունակ ժամանակի ընդունումը:
Սխեմատիկորեն խորհրդածությունը կարելի է տանել մոտավորապես այսպես: Հանրածանոթ են եւ յուրաքանչյուրի կյանքում անշուշտ բազմաթիվ, թեպետ եւ մտածված չեն մեզ հետաքրքրող առումով, ինչ-որ արտաքին պատճառից ծագած երազները, ավելի ճշգրիտ ասած, այս կամ այն արտաքին իրավիճակի կապակցությամբ կամ դիպվածով: Այդպիսին կարող է լինել որեւէ աղմուկ կամ ձայն, բարձր ասված խոսքը, ընկած վերմակը, հանկարծահաս բույրը, աչքն ընկած լույսի շողը եւ այլն, դժվար է ասել, ինչը չի կարող խթան լինել ստեղծագործ երեւակայության ծավալվող գործունեությանը: Գուցե թե փութաջանություն չէր լինի բոլոր երազների այդպիսի ծագումն ընդունելը, որով, ի դեպ, նրանց օբյեկտիվ նշանակալիությունն ամենեւին չի քայքայվում: Սակայն շատ հազվադեպ է այդ ճղճիմ ընդունում հաստատումը` երազատեսության պատճառ որոշակի արտաքին հանգամանքը համարելը զուգորդվում երազի կոմպոզիցիայի հետ, որը ծնվում է տվյալ դեպքում: Ավելի շուտ այդ անուշադրությունը երազի բովանդակությանը սնվում է հաստատված հայացքով դեպ երազները, որպես ինչ-որ պարապ բան, ինչն արժանի չէ քննարկման եւ մտքի: Բայց, այսպես թե այնպես, երազների կոմպոզիցիայի «առիթով» ես կհամարձակվեի ասել, եւ ընդհանրապես բոլոր երազների, համենայն դեպս՝ մեծամասնության, որ կառուցվում են այդ սխեմայով:
Քնատ երեւակայությունը մեզ ներկայացնում է նպատակահարմարորեն միմյանց շաղկապվող մի շարք դեմքեր, տեղանքներ եւ իրադարձություններ, այսինքն, իհարկե ոչ խորը իմաստավորմամբ իրադարձությունների, որոնցով ուղեկցվում է քնատ դրամայի գործողությունը, այլ պրագմատիզմի իմաստով` մենք պարզ գիտակցում ենք կապը, որ սերում է որոշ պատճառներից, իրադարձություն-պատճառներից, տեսանելի երազում, որոշ հետեւանքների, երազի իրադարձություն-հետեւանքների. առանձին իրադարձությունները, որքան էլ անհեթեթ թվան դրանք, սակայն երազում կապված են պատճառային կապերով, եւ երազը զարգանում է, ձգտելով որոշակի կողմի եւ ճակատագրական եւ երազատեսի տեսանկյունից ճակատագրական կերպով հանգեցնում է ինչ-որ վերջնական իրադարձության, որը ողջ համակարգի հաջորդական պատճառների եւ հետեւանքների հանգուցալուծումն ու եզրափակումն է: Երազը եզրափակվում է x իրադարձությամբ, որը տեղի է ունեցել այն պատճառով, որ դրանից առաջ տեղի է ունեցել t իրադարձությունը, իսկ t-ն տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանից առաջ եղել է s իրադարձությունը, իսկ s-ը դրանից առաջ իր պատճառն ունեցել է r-ը, եւ այդպես շարունակ, ելնելով հետեւանքներից դեպի պատճառները, հաջորդողից դեպի նախորդողը, ներկայից` անցյալը, մինչեւ ինչ-որ սկզբնականն ու սովորաբար ամենեւին աննշանը, ոչնչով չնշանավորվող իրադարձություն a-ն` ամենայն հաջորդողի պատճառները նրանից հետո են, ինչպես գիտակցվում է երազում: Բայց մենք չէ՞ որ հիշում ենք, որ դրսի պատճառը, ցերեկային գիտակցությամբ դիտարկվող ողջ երազինը, որպես ամբողջություն, որպես ողջ կոմպոզիցիայինը, ինչ-որ արտաքին բան է, քնածի ինքնապարփակ համակարգի համար, իրադարձություն կամ պարագա: Անվանենք այն W:
Այժմ քնածն արթնանում է, ոչ միայն այդ W պատճառից հարկադրված առ իր ունեցած երազը, այլեւ արթնացած դրանից, ընդ որում, սակայն x երազատեսության ավարտը համընկնում է կամ համարյա համընկնում է իր բովանդակությամբ արթմնի ապրածի W երազի պատճառին: Բայց համընկնումը, սովորաբար, այնքան ճշգրիտ է լինում, որ մտքովդ չի անցնի կասկածել x իրադարձությունների կապի անմիջականությանը եւ W պատճառին. երազի ավարտն անկասկած արտաքին աշխարհի ինչ-որ իրադարձության քնատ շրջասություն է, որ ներթափանցում է ողջ արտաքին աշխարհից առանձնացած քնածի աշխարհը: Եթե ես երազ եմ տեսնում, որտեղ կրակոց է հնչում, իսկ սենյակում իմ կողքին իրոք կրակոց է եղել կամ դուռն են շրխկացրել, ապա կարո՞ղ է արդյոք կասկած հարուցել այդպիսի երազի չպատահականությունը. դե, իհարկե, կրակոցը երազում հոգեւոր արձագանքն է արտաքին աշխարհի կրակոցին: Եթե կհաճեք, այն եւ մյուս կրակոցը երկակի է ընկալում` քնատ ունկով ու արթուն ունկով` միեւնույն ֆիզիկական գործընթացը: Եթե երազում ես բազում հոտավետ ծաղիկներ տեսնեմ, երբ քթիս օծանելիքով լի սրվակ են մոտեցրել, ապա դարձյալ անբնական կլիներ մտածել երկու բույրերի համընկնման պատահականության մասին` երազում տեսած բույրի` ծաղկի, եւ արտաքնապես հոտոտելի` օծանելիքի: Եթե երազումս ինչ-որ մեկը ընկել է կրծքիս եւ ինձ խեղդում է, ես երբ ահից ահա զարթնել եմ, եւ այդ փռվածը, պարզվում է, ասենք թե, բարձն է, որ ընկել է կրծքիս. կամ եթե ինձ երազում շունը կծել է, իսկ արթնանալով այդ կծածի զգացողությունից ես հայտնաբերում եմ, որ ինձ իրոք խայթել է պատուհանից ներս մտած միջատը, ապա այդտեղ եւս, ինչպես նաեւ բազում համանման դեպքերում, x ավարտի համընկնումը W երազի պատճառի հետ, ամենեւին պատահական չէ:
Կրկնում ենք, միեւնույն իրական իրադարձությունը ընկալվում է երկու գիտակցությամբ` ցերեկային գիտակցությամբ` որպես W, եւ գիշերային` որպես x: Ըստ երեւույթին, ողջ ասվածի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, այո, չէր լինի, եթե x իրադարձությունը, լինելով W հետեւանքը, այսինքն, մտնելով ցերեկային շարքը` արտաքին պատճառականության, դրա հետ մեկտեղ չմասնակցեր այլ պատճառական կարգում` գիշերային գիտակցության պատճառականությանը, եւ ինքն էլ հետեւանք չլիներ, բայց ամենեւին ոչ նույն պատճառով, բացի այս մի շարք պատճառների եւ հետեւանքների, որոնք իջնում են պինդ համակցված շղթայով դեպի ինչ-որ սկզբնական a պատճառը, ընդ որում, a-ն հայտնապես, բովանդակությամբ ոչ մի ընդհանուր բան չունի W պատճառի հետ, եւ, հետեւաբար, չէր կարող նրանից սերվել: Իսկ եթե չլիներ a-ն, իրենից ծագող բոլոր հետեւանքներով, ապա չէր լինի եւ ողջ երազը, այսինքն, չէր կարող լինել x-ի ավարտը, այսինքն, մենք կարթնանայինք, եւ հետեւաբար, արտաքին W պատճառը չէր հասնի մեր գիտակցությանը: Այսպիսով, անկասկած` x-ը քնատ երեւակայությամբ արտացոլքն է W երեւույթի, բայց x-ը deus ex machina-ն չէ առանց որեւէ իմաստի, որ հակառակ երազի գործողությունների ընթացքին եւ տրամաբանությանը, ներթափանցում է ներքին պատկերների մեջ եւ անիմաստ դրանք ընդհատում, այլ իրապես կազմում է որոշակի դրամատիկական գործողության ավարտը: Բանը երազների հետ ամենեւին էլ այնպես չի կատարվում, ինչպես մտածում են կենաց նախախնամությունը չզգացողները, երբ գնացքի աղետը կամ կրակոցն անկյունից դադարեցնում է ծավալվող եւ խոստումնալից գործունեությունը, այլ հատկապես այնպես, ինչպես հիասքանչ դրամայում, որում վերջը վրա է հասնում, քանի որ աճել են այն նախապատրաստող բոլոր գործողությունները, եւ ողջ դրամայի ամբողջականության եւ իմաստի խախտում կլիներ, եթե հանգուցալուծումը տեղի չունենար: Ոչ մի կերպ, հաշվի առնելով միմյանց միջեւ բոլոր իրադարձությունների ուժգին գործնական կապակցվածությունը, մենք չենք կարող x հանգուցալուծման մեջ ինքնուրույն իրադարձություն նշմարել, դրսից համակցված այլ իրադարձությունների շարքին, եւ դա ինչ-որ անըմբռնելի պատահականությամբ չի խախտում երազի ներքին տրամաբանությունը եւ գեղարվեստական ճշմարտացիությունը` իր բոլոր մանրամասներով: Կասկածից վեր է, որ քննարկվելիք երազները, ըստ էության, ամբողջական, ինքնապարփակ միասնություններ են, որոնցում ավարտ-հանգուցալուծումը նախատեսվում է հենց ամենասկզբից եւ, ավելին, ինքն իրենով պայմանավորում է եւ սկիզբը, որպես հանգույց, եւ լրիվ ամբողջությունը: Ուշադրության առնելով ինքնին հանգույցի նվազ նշանակալիությունը, առանց այն ավարտունության հասցնող հետեւանքների, ինչպես դա լինում է կուռ արված դրամայում, մենք լիիրավ կարող ենք հաստատել երազի ողջ կոմպոզիցիայի նպատակաբանությունը` բոլոր նրա իրադարձությունները զարգանում են նկատի ունենալով հանգուցալուծումը, այն բանի համար, որպեսզի ավարտը օդում չկախվի, չլինի դժբախտ պատահականություն, այլ ունենա խորունկ գործնական պատճառաբանում:
Բերենք համանման երազների որոշ գրառումներ: Ահա երեք երազ, որ զարթուցիչի զրնգոցի հակազդեցություններ են. սա Հիլդեբրանդի դիտարկումն է.
«Գարնանային առավոտյան ես ուղեւորվում եմ զբոսնելու, եւ դեգերելով կանաչող դաշտերով, գալիս եմ հարեւան գյուղը: Այդտեղ ես տեսնում եմ տոնական զգեստներով ժամագրքերը ձեռքներին, մեծ բազմությամբ դեպի եկեղեցի ուղեւորվող գյուղի բնակիչներին: Իրոք որ, այսօր կիրակի է եւ շուտով կսկսվի առավոտյան պատարագը: Ես որոշում եմ մասնակցել դրան, բայց սկզբում փոքր-ինչ հանգստանալ եկեղեցին շրջափակող գերեզմանոցում, քանի որ քայլելուց մի փոքր-ինչ բորբոքված եմ: Այդ ժամանակ, տապանաքարերի տարաբնույթ մակագրություններ կարդալով, ես լսում եմ, թե ինչպես է ժամհարը բարձրանում զանգակատուն, եւ նրա վերնամասում նկատում եմ մի փոքրիկ գյուղական զանգ, որը պետք է ավետի ժամերգության սկիզբը: Որոշ ժամանակ այն դեռեւս անշարժ կախված է, բայց հետո սկսում է տարուբերվել, եւ հանկարծ լսվում են նրա բարձր, զիլ ձայները, այնչափ բարձր ու սուր, որ ես արթնանում եմ: Պարզվում է, որ այդ ձայները հանում է զարթուցիչի զանգուլակը»:
«Երկրորդ համակցությունը: Պարզ ձմեռային օր է, փողոցները դեռեւս ձյունածածկ են: Ես խոստանում եմ մասնակցել սահնակներով զբոսանքին, բայց ստիպված եմ երկար սպասել, մինչեւ որ ինձ հայտնեն, որ սահնակները կանգնած են դարպասի մոտ: Այդ ժամանակ սկսվում են նստելու նախապատրաստությունները` հագնվում է քուրքը, դուրս է բերվում դանակների պարկը, եւ վերջապես, ես նստած եմ իմ տեղում: Սակայն մեկնումը ձգձգվում է, մինչեւ որ երասաններով անհամբեր ձիերին նշան է տրվում: Նրանք պոկվում են տեղից, ուժգին թափահարվող զանգուլակներն սկսում են իրենց ենիչերիական երաժշտությունն այնպիսի ուժով, որ երազի ցնորական բանվածքը մեկեն պատառոտվում է: Դարձյալ դա այլ բան չէ, քան զարթուցիչի սուր զրնգոցը»:
Եվ ահա երրորդ օրինակը. «Ես տեսնում եմ, թե ինչպես խոհանոցի աղջիկը անցնում է միջանցքից հյուրասենյակ, ձեռքին բռնած մի դյուժին ափսե` մեկը մեկի վրա դարսված: Ինձ նույնիսկ թվում է, թե ճենապակյա սյանը հավասարակշռությունը կորցնելու վտանգ է սպառնում: «Զգուշացիր,- նախազգուշացնում եմ ես,- ողջ բեռը գետնին կթափվի»: Անշուշտ, հետեւում է անխուսափելի առարկությունը, թե իբր, առաջին անգամ չէ, ես արդեն վարժվել եմ եւ այլն, այդուհանդերձ ես աչքս չեմ կտրում ընթացողից: Եվ իրոք, նա շեմին սայթաքում է` դյուրաբեկ սպասքը փշրվելով եւ զնգալով թռչում է այս ու այն կողմ` հատակին` բյուրավոր բեկորներով: Բայց շուտով ես նկատում եմ, որ անվերջորեն շարունակվող զնգոցն ամենեւին նման չէ սպասքի ճայթյունին, այլ իսկական զրնգոց է, եւ այդ զնգոցի մեղավորը, ինչպես ես հասկանում եմ, արդեն վերջնական արթնանալով` զարթուցիչն է»:
Վերլուծենք հիմա նմանատիպ երազները: Եթե, օրինակ, հոգեբանության բոլոր դասագրքերում տեղ գտած երազում, քնածն ապրում է ֆրանսիական հեղափոխության մեկ տարին կամ ավելին, ներկա է լինում նրա ծննդին, եւ թվում է՝ մասնակցել է դրան, իսկ հետո, երկարատեւ ու բարդ արկածներից հետո, հետապնդումներով ու հալածանքներով, ահաբեկումներով, արքայի մահապատժով եւ այլն, վերջապես ժիրոնդիստների հետ բռնվում է եւ բանտ նետվում, հարցաքննվում եւ կանգնում է հեղափոխական տրիբունալի առաջ, մեղադրվում եւ դատապարտվում է մահապատժի, հետո սայլով բերվում է մահապատժի վայրը, բարձրացվում է կառափնարան, նրա գլուխը դրվում է կառափնակոճղի վրա եւ գիլյոտինի պաղ շեղբն արդեն հարվածել է նրա վզին, ընդ որում, նա սարսափած զարթնել է, ապա մի՞թե որեւէ մեկի մտքով կանցնի վերջին իրադարձության մեջ` գիլյոտինի հպումը վզին, տեսնել բոլոր մնացյալ իրադարձություններից զատ մի բան: Եվ մի՞թե գործողության ողջ զարգացումը` հեղափոխության գարնանից սկսյալ եւ ներառյալ այս երազը տեսնողի բարձրացումը կառափնարան` չի ընթանում իրադարձությունների համատարած հոսքով, դեպի հատկապես այդ եզրափակիչ պաղ շփումը վզին` այն բանին, որ մենք կոչեցինք x իրադարձություն: Իհարկե, այդպիսի ենթադրությունը միանգամայն անհավանական է: Այնինչ, այս ողջ նկարագրվածը տեսնողը արթնացել էր այն բանից, որ երկաթյա մահճակալի թիկնակը պոկվելով, ուժով խփել էր նրա մերկ վզին: Եթե մեր մեջ կասկած չի ծագում երազի ներքին կապակցվածությունից եւ ամբողջականությունից` հեղափոխության սկզբից (a) մինչեւ դանակի հպումը (x), ապա առավել եւս կասկած չի կարող լինել, որ երազում սառը դանակի զգացողությունը (x) եւ մահճակալի պաղ երկաթի հարվածը վզին, երբ գլուխը դրված էր բարձին (W), միեւնույն երեւույթն է, բայց ընկալված երկու տարբեր գիտակցություններով: Եվ կրկնում եմ, այստեղ ոչ մի արտասովոր բան չէր լինի, եթե երկաթով հարվածը (W) արթնացներ քնածին եւ դրա հետ մեկտեղ, ընդհանրապես կարճատեւ արթնացման ընթացքում կերպավորվեր սիմվոլիկ պատկերի, ընդարձակաբանվելով զուգորդումներով, թեկուզեւ նույն ֆրանսիական հեղափոխության թեմայով, եւ ծավալվեր առավել կամ նվազ երկար երազի: Սակայն բանն այն է, որ այդ երազը, ինչպես եւ բազմաթիվ այլք, ընթանում է հենց հակառակ այն բանի, ինչը մենք կարող էինք սպասել, մտորելով Կանտյան ժամանակի մասին: Մենք ասում ենք (W) երազի արտաքին պատճառը, որը մի ամբողջություն է կազմում, երկաթի հարվածն է վզին, եւ այդ հարվածը անմիջականորեն սիմվոլացվում է գիլյոտինի դանակի հպվող պատկերով (x): Հետեւաբար, ողջ երազի հոգեկան պատճառը այդ x իրադարձությունն է: Հետեւաբար ցերեկային գիտակցության մեջ, ցերեկային պատճառականության սխեմայով, այն` ժամանակով էլ պետք է նախորդի a իրադարձությանը, որը հոգեպես ծագում է x իրադարձությունից: Այլ կերպ ասած, x իրադարձությունը տեսանելի աշխարհի ժամանակի մեջ պետք է լինի երազատեսային դրամայի սկզբնավորումը, իսկ a իրադարձությունը` հանգուցալուծումը: Հենց այստեղ, անտեսանելի աշխարհի ժամանակում, տեղի է ունենում շրջոնք, եւ x պատճառը հայտնվում է ոչ թե ողջ a հետեւությունից առաջ, եւ ընդհանրապես ոչ ողջ հետեւությունների կարգից առաջ b.c.d…r.s.t, այլ բոլոր դրանցից հետո, ավարտելով ողջ կարգը եւ սահմանելով այն ոչ որպես գործող պատճառ, այլ որպես վերջնական պատճառ՝ cellos:
Այսպիսով, երազում ժամանակը սլանում է, եւ արագացված է սլանում, ներկային հանդիման, ընդդեմ արթուն գիտակցության ժամանակի շարժման: Այն դուրս է բերվում իր միջով, եւ կնշանակի՝ մակաբերված են եւ բոլոր կոնկրետ պատկերները: Իսկ դա նշանակում է, որ մենք անցել ենք առ կարծեցյալ տարածության ասպարեզ: Այնժամ, միեւնույն երեւույթը, որն ընկալվում է այստեղից` իրական տարածության ասպարեզի` ինքը տեսնվում է կարծեցյալ, այսինքն, ամենից առաջ ընթացող վախճանաբանական ժամանակում, որպես նպատակ, որպես տենչանքների առարկա: Եվ ընդհակառակը, այն, ինչը որ նպատակ է այստեղից հայելիս եւ մեր նպատակների թերագնահատմամբ, պատկերանում է մեզ թեպետ եւ բաղձալի, սակայն էներգիայից զուրկ իդեալ. այնտեղից, այլ գիտակցությամբ, ըմբռնվում է կենդանի էներգիան, որը ձեւավորում է իրականությունը, որպես կենաց ստեղծագործական կերպ: Այդպիսին է ընդհանրապես օրգանական կյանքի ներքին ժամանակը, ուղղորդված իր հոսքում հետեւանքներից դեպի պատճառ-նպատակները: Բայց այդ ժամանակը սովորաբար աղոտ է հասնում մեր գիտակցությանը:
Ինձ մտերիմ մի մարդ, կարոտելով մահացած մերձավորներին, մի անգամ երազում տեսել էր իրեն գերեզմանոցում զբոսնելիս: Այն աշխարհը թվացել էր նրան մթին եւ մռայլ, սակայն մահացածները բացատրել էին նրան, իսկ գուցե, նա ինքն էր ինչ-որ կերպ տեսել, ճշգրիտ չեմ հիշում ինչպես, թե որքան թյուր է այդ միտքը. անմիջապես երկրի մակերեւույթին աճում էր, բայց հակառակ ուղղությամբ, արմատները վեր, իսկ տերեւները ներքեւ նույնպիսի կանաչ եւ հյութեղ խոտ, ինչպիսին եւ գերեզմանոցում է, եւ նույնիսկ շատ ավելի կանաչ եւ հյութեղ, նույնպիսի ծառեր եւ նույնպես իրենց սաղարթներով դեպ ներքեւ ու արմատները վեր, երգում են նույնպիսի թռչուններ, նույն լազուրն է սփռված եւ նույնպիսի արեւ է շողում, այդ ամենն առավել հիասքանչ եւ լուսաշող է մեր ունեցածից` այսկողմնայինից:
Մի՞թե այդ հետադարձ աշխարհում, աշխարհի այդ գոյաբանական հայելային արտացոլքում մենք չենք ճանաչում կարծեցյալի ոլորտը, թեպետ այդ կարծեցյալը նրա համար, ով շրջվել է ինքն իր միջով, ով գլխիվայր է դարձել, հասնելով աշխարհի հոգեւոր առանցքակետին, հենց ճշմարիտ իրականն է, այնպիսին, ինչպիսին հենց իրենք են: Այո, դա իրականն է իր էությամբ` ոչ թե միանգամայն այլ բան այս աշխարհի իրականության հետ համեմատած, քանզի միեղեն է Աստծո, բարեզարդ արարումը, սակայն մյուս կողմից՝ այնկողմ անցածներից հայեցվող միեւնույն գոյությունն է: Դրանք` իրերի կերպարանքներն ու հոգեւոր պատկերներն են, տեսանելի նրա համար, ով ինքն իր ներսում հայտնաբերել է իր նախաստեղծ կերպարանքը, Աստծո պատկերը, իսկ հունարեն` իդեան (գաղափարը)` էության գաղափարներն են տեսանում հենց գաղափարով լուսավորյալները, իրենցով եւ իրենց միջոցով ներկայացվողներին, աշխարհին, այս՝ մեր աշխարհին, երկնային աշխարհի բարձունքները:
Այսպիսով, ըստ էության, հենց այն պատկերներն են, որոնք բաժանում են տեսանելի աշխարհն անտեսանելի աշխարհից, բաժանում եւ միաժամանակ միավորում են այդ աշխարհները: Երազատեսային պատկերների այդ սահմանային վայրով հաստատվում է նրանց վերաբերմունքը թե այս աշխարհին, եւ թե այն աշխարհին: Տեսանելի աշխարհի սովորական պատկերների նկատմամբ, այն բանի վերաբերմամբ, ինչը մենք «իրականություն» ենք անվանում, երազը «սոսկ երազ է», ոչինչ, nihil visibile, այո nihil, բայց visibile` ոչինչ, սակայն տեսանելի, հայեցվող եւ դրանով մոտեցվող այս «իրականության» պատկերներին: Բայց նրա ժամանակը, եւ կնշանակի՝ նրա հիմնական բնութագիրը, կառուցված է հակառակ այն բանի, ինչով կեցած է տեսանելի աշխարհը: Եվ այդ պատճառով, չնայած տեսանելի է, երազը ծայրեծայր նպատակաբանական կամ խորհրդանշական է: Այն հագեցած է այլ աշխարհի իմաստով, այն համարյա թե այլ աշխարհի իմաստն է, աներեւույթ, անառարկայական, անանցողիկ, թեկուզեւ ներկայացող տեսանելի եւ ասես առարկայական: Այն` համարյա թե մաքուր իմաստն է, որ պարփակված է ամենանրբին թաղանթով, եւ այդ պատճառով այն համարյա ամբողջովին այլ աշխարհի երեւույթ է` այն աշխարհի: Երազը մի շարք հովտային վիճակների եւ մի շարք երկնային վիճակների ընդհանուր սահմանն է, այսկողմնայինի նրբացման եւ այնկողմնայինի խտացման սահմանը: Քնի մեջ խորասուզվելիս, երազում եւ երազով խորհրդանշվում են երկնային աշխարհի ցածրագույն ապրումները, եւ հովտայինի` բարձրագույնները` այլ իրականության ապրումների վերջին ցոլքերը, չնայած, որ կանխանշվում են այստեղի իրականության ապրումները: Ահա թե ինչու երեկոյան երազները առավելապես հոգեֆիզիոլոգիական նշանակություն ունեն, ինչպես այն բանի արտահայտություններ, որ կուտակվել են հոգում ցերեկային տպավորություններից, այնինչ վաղորդյան երազներն առավելապես միստիկական են, քանզի հոգին լցված է գիշերային գիտակցությամբ եւ գիշերվա փորձով, առավելապես մաքրված է ամենայն էմպիրիկականից, որքանով որ այդ անհատական հոգին ունակ է իր տվյալ վիճակում ազատ լինել զգայական աշխարհի հակումներից:
Երազը մի ոլորտից մյուսն անցնելու նշանավորումն ու խորհրդանիշն է: Ինչի՞: Երկնայինից` հովտայինի խորհրդանիշը, իսկ հովտայինից` երկնայինի: Այժմ հասկանալի է, որ երազն ունակ է ծնվելու, երբ գիտակցությանը տրված են կենաց երկու ափերը, չնայած՝ պարզության տարբեր աստիճանով: Դա լինում է, ընդհանրապես, ափից ափ հասնելիս, իսկ գուցե եւ այն ժամանակ, երբ գիտակցությունը մնում է անցման սահմանի մոտ եւ ամբողջովին օտար չէ երկակի ընկալմանը, այսինքն, մակերեսային քնի կամ նիրհուն արթնության վիճակում: Ամենայն նշանակալին մեծ մասամբ տեղի է ունենում կամ երազի միջոցով, կամ «ինչ-որ նրբին երազում», կամ, ի վերջո, արտաքին իրականությունից հանկարծահաս խզվածություններում: Ճիշտ է, հնարավոր են անտեսանելի աշխարհի եւ այլ երեւույթներ, բայց դրանց համար պահանջվում է հզոր հարված մեր էությանը, որ մեկեն մեզ մեզանից դուրս է նետում, կամ էլ գիտակցության քայքայվածություն, կամ «վհատություն», որ միշտ դեգերում է աշխարհների սահմաններին, բայց եւ ինքնուրույնաբար, այս կամ այն աշխարհը խորասուզվելու ձիրքին է տիրապետում:
Այն, ինչ-որ ասված է երազի մասին, ոչ մեծ փոփոխություններով պետք է կրկնվի մի ոլորտից մյուսն անցնելու ամեն մի դեպքում: Այսպես, գեղարվեստական ստեղծագործության մեջ զմայլվում է հովտային աշխարհից եւ ելնում է երկնային աշխարհ: Այնտեղ առանց պատկերների նա սնվում է երկնային աշխարհի էության հայեցմամբ, զգում է հավերժական ինքնին իրերը եւ հագենալով, ծանրաբեռնված տնօրինությամբ, դարձյալ իջնում է հովտային աշխարհը: Եվ այդտեղ դեպի ներքեւ ընթանալիս` առ հովտայինը ընթանալու սահմանին, նրա հոգեւոր հարստությունը սիմվոլիկ պատկերներ է ընդունում` հենց նրանք, որոնք ամրագրվելով՝ պարգեւում են գեղարվեստական ստեղծագործություն: Քանզի արվեստը խտացված երազ է:
Բայց այստեղ, ցերեկային գիտակցությունից դեպ գեղարվեստական զատման մեջ, երկու պահ կա, ինչպես երկու տեսակի պատկերներ` անցումն աշխարհների սահմանով, որը համապատասխանում է բարձրանալուն եւ երկնայինը մտնելուն, եւ անցումն է` հովտայինը իջնելիս: Առաջինի պատկերները` դրանք ցերեկային ունայնության նետած զգեստներն են, հոգու փրփուրը, որը տեղ չունի այլ աշխարհում, ընդհանրապես` մեր էության հոգեպես չկազմավորված տարրերն են, այնինչ վայրէջքի պատկերները` աշխարհների սահմանագծին բյուրեղացված միստիկական կյանքի փորձն է: Մոլորվում է եւ մոլորության մեջ է գցում, երբ արվեստի անվան տակ արվեստագետը մեզ տալիս է այն ամենը, ինչը որ ծնվում է իր մեջ նրան բարձրացնող ներշնչանքից միայն այն բանի համար, որ դրանք վերելքի պատկերներ են` մեզ պետք են նրա վաղորդյան երազները, որոնք բերում են հավերժական լազուրի զովությունը, իսկ այն մյուսը` պսիխոլոգիզմ եւ հումք է, որքան էլ որ նրանք ուժեղ ներգործեն եւ որքան էլ նրբորեն եւ համով մշակվեն: Մտափոխ լինելով, դժվար չէ տարբերակել թե մեկը, թե մյուսը, ժամանակի հատկանիշով` վայրէջքի արվեստը, որքան էլ այն անկապ պատճառաբանված լինի, շատ նպատակաբանական է` ժամանակի բյուրեղը կարծեցյալ տարածության մեջ, ընդհակառակը, պատճառաբանությունների նույնիսկ շատ մեծ կապակցվածության դեպքում, վերելքի արվեստը մեխանիկորեն է կառուցված` ժամանակին համապատասխան, որից էլ նա սերել է: Գնալով իրականությունից դեպի կարծեցյալը, նատուրալիզմը տալիս է իրականի կարծեցյալ պատկերը, առտնին կյանքի դատարկ նմանությունը, իսկ հակառակ արվեստը` սիմվոլիզմը` իրական պատկերներում մարմնավորում է այլ փորձը: Եվ դրանով նրա տվածը դառնում է բարձրագույն իրականություն:
Եվ նույնը` միստիկայում: Ընդհանրական օրենքն ամենուր մեկն է` հոգին սքանչանում է տեսանելիից, եւ այն տեսադաշտից կորցնելով, զմայլվում է առ անտեսանելիի ոլորտը` դա տեսանելիի կապանքների դիոնիսոսական խզումն է, եւ սլանալով դեպի լեռն ու անտեսանելին, այն կրկին իջնում է առ տեսանելին, եւ այնժամ նրա առջեւ ծագում են արդեն սիմվոլիկ պատկերներն աներեւույթի` իրերի պատկերները, գաղափարները, դա` հոգեւոր աշխարհի ապոլոնյան տեսունակությունն է: Կան գաղափարների փոխարեն` հոգեւոր պատկերներ ընդունելու այն երազանքները, որոնք շրջապատում, շփոթեցնում եւ հրապուրում են հոգին, երբ նրա առջեւ բացվում է այլ աշխարհի ուղին: Այս դարի ոգիներն են փորձում պահել գիտակցությունն իրենց աշխարհում: Հանդերձյալ աշխարհին սահմանակից, նրանք, չնայած որ այստեղի բնույթի են, հոգեւոր աշխարհի էակներին եւ իրականություններին, իսկ խոսելով երկրաչափորեն եւ ֆիզիկապես, այս աշխարհի սահմանին մոտենալիս, մտնում են գոյության պայմանների թեկուզ եւ անընդհատ նոր, սակայն առօրեականության սովորական պայմաններից ամենեւին տարբերվող տեղ: Եվ դա է աշխարհի սահմանին մոտենալու մեծագույն հոգեւոր վտանգը` չցանկության դեպքում, աշխարհիկ հակումների կամ չիմացության հետեւանքով, հոգեւոր բանականության բացակայության դեպքում` քո սեփական կամ օտարի բանականության ղեկավարի կամ վերջապես անուժության դեպքում, երբ հոգեւոր օրգանիզմը դեռ չի հասունացել դեպ այդպիսի անցումը: Իսկ վտանգը` խաբեություններում եւ ինքնախաբեություններում է, ճամփորդին պատող աշխարհի սահմանագծին: Աշխարհը կառչում է իր ճորտից, կպչում է, որոգայթներ է լարում եւ հրապուրում է իբր ձեռք բերած ելքով դեպի հոգեւոր ոլորտը, եւ այլ ելքերը հսկող հոգիներն ու ուժերը ամենեւին էլ «շեմերի պահապանները» չեն, այսինքն, ծածուկ ոլորտների բարի պահապանները չեն, հոգեւոր աշխարհի էակները չեն, այլ «Օդային իշխանության իշխանի» կամակատարները, գայթակղիչներն ու պատրողները, որոնք կասեցնում են հոգին աշխարհների սահմանագծին: Սթափ օրը, երբ նա իր իշխանության տակ է պահում մեր հոգին, չափազանց բացահայտ տարբեր է հոգեւոր ոլորտից, այսինքն` հանդերձյալից, որպեսզի հավակնի գայթակղության, եւ նրա իրեղենությունը գիտակցվում է որպես ծանր, բայց մեզ օգտակար բեռ, որպես երկրի բարի ձգողություն, որը նեղում է մեր շարժումը, բայց դրա հետ մեկտեղ՝ հենակետ է, որ արդարադատորեն կասեցվի մեր ինքնորոշման կամային գործողության սրընթացությունը` ինչպես բարի, այնպես էլ չար, որ ընդհանրապես երկարաձգում է հավերժի միասնական պահը, այսինքն, առհավետ հրեշտակային կարգում է այս կամ այն կողմում, մեր կյանքի ընթացքում, եւ որը մեր երկրային կյանքը դարձնում է ոչ թե անբովանդակ գոյություն, որը դրսեւորում է նախօրոք եղած հնարավորությունները, այլ` ճշմարիտ ինքնակարգավորման սխրանք, մեր էության ձուլման եւ դրոշմման արվեստ: Դա մեր ճակատագիրն է կամ մեր բախտը, այսինքն՝ այն, ինչը որ ի վերուստ բարբառված է մեր մասին, վիճակված կամ շնորհված է fatum furi-ից` մեր անկարության եւ գերազանցության բախտաբաժինը, աստվածանման ստեղծագործության շնորհը` ժամանակ-տարածությունը: Այն չի գայթակղում: Չի գայթակղում նաեւ ոգեղենությունը, հրեշտակային աշխարհը, երբ հոգին նրանց դեմ առ դեմ է կանգնում: Սակայն նրանց միջեւ այսկողմնայինի սահմանին, կենտրոնացված են հրապուրանքներն ու գայթակղությունները, դրանք այն ուրվականներն են, որոնք պատկերված են Տ.Տասոյի կախարդված անտառի նկարագրությունում: Եթե որեւէ մեկն ունի հոգեւոր տոկունություն եւ կգնա նրանց միջով, առանց երկնչելու եւ խոնարհվելու նրանց հրապուրանքներից, դրանք անուժ կգտնվեն հոգու առջեւ, զգայական աշխարհի ստվերներ, իրենց իրականությամբ աննշան նրա քնատ տենչանքները: Բայց բավական է, որ ուժեղ չլինի հավատն առ Աստված, երբ մարդ պատված է իր կրքերով եւ մոլություններով, բավական է ետ նայես այդ ուրվականներին, եւ նրանք, ետ նայողի հոգուց իրականության ներհոսք ստանալով, ուժեղ են դառնում եւ, հոգուն կառչելով, առավել եւս մարմնավորվում են, որքան որ թուլանում է դեպ իրենց քաշող հոգին, եւ այդ ժամանակ դժվար է, շատ դժվար է, համարյա անհնար է առանց կողմնակի հոգեւոր ուժի մասնակցության՝ դուրս պրծնել այդ տարերային ճահիճներից եւ խրուտներից, որ ձգվում են աշխարհի ելքերի մոտ:
Շարունակելի