«Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծն անառարկելի
բարեփոխում է Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախորդ նախագծերի
համեմատ»,- ասված է աշխատանքային խմբի` ՀՀ իշխանություններին ուղարկած
պատասխանում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Եվրախորհրդի Վենետիկի
հանձնաժողովի սահմանադրական համագործակցության բաժնի ղեկավար Սիմոնա
Գրանատա-Մենգինին ասել է, որ իրենց ստացած տեքստի բովանդակությունը բխում
է Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենց կողմից նշված
սկզբունքներից: Գրանատա-Մենգինին ընդգծել է սակայն, որ սա դեռեւս Վենետիկի
հանձնաժողովի կարծիքը չէ: «Հանձնաժողովը դեռ չի տեսել այս փաստաթուղթը,
քանի որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու միայն հոկտեմբերին:
Սա ընդամենը աշխատանքային խմբի կարծիքն է»,- հավելել է նա: Սահմանադրական
փոփոխությունների բարեփոխված տարբերակի մասին վերոնշյալ դրական կարծիքները
կիսում են նաեւ հայաստանյան որոշ ընդդիմադիրներ, ինչն էլ կարող է
ընդդիմության հերթական պառակտման պատճառ դառնալ: Եվ ընդհանրապես,
սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերջին փուլերի արդյունքում
բացահայտվեց ընդդիմության, այսպես կոչված, «կառուցողական» հատվածը:
Ընդդիմության այս հատվածը, պաշտպանելով իշխանությունների կողմից
ներկայացված սահմանադրական փոփոխությունների տարբերակը, փաստորեն փորձում
է խուսափել «ժողովրդի քվեին տեր կանգնելու» եւ «սահմանադրական ճանապարհով»
իշխանափոխություն իրականացնելու իր խոստումը չկատարելու
պատասխանատվությունից: Իսկ ի՞նչ է բարեփոխվել սահմանադրական
փոփոխությունների` կոալիցիայի ներկայացրած տարբերակում, որ ստիպեց
ընդդիմության մի մասին դառնալ «կառուցողական»: Բարեփոխված այդ փաթեթով
դատական եւ գործադիր իշխանության ձեւավորման գործում նկատելիորեն
սահմանափակվել են նախագահի լիազորությունները: Փոխարենը պահպանվել է
նախագծի նախնական տարբերակի այն դրույթը, համաձայն որի՝ նախագահն ունի
ռազմական դրություն հայտարարելու իրավունք (հոդված 55, կետ 13), իսկ
«սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում» նախագահը,
խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, արտակարգ դրություն
հայտարարելու իրավունք ունի (հոդված 55, կետ 14), ընդ որում, ռազմական եւ
արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի
անցկացվում, եւ նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը
(հոդված 53.1): Հաշվի առնելով Ղարաբաղյան չլուծված հակամարտության
առկայությունը` պետք է փաստել, որ դժվար չի լինի փաստացի կիսապատերազմական
իրավիճակում գտնվող երկրում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու
համար առիթ գտնել: Եվ եթե սահմանադրական փոփոխություններն այս տեսքով
ընդունվեն, Ռոբերտ Քոչարյանը 2008-ից հետո էլ, միանգամայն սահմանադրական
ճանապարհով կարող է անորոշ ժամանակով շարունակել պաշտոնավարել: Պահպանվել
է նախագծի նախնական տարբերակի նաեւ այն դրույթը, որով երկրի նախագահը
կառավարության որոշումները մեկ ամսով կասեցնելու իրավունք է ստանում:
Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող վերջին
զարգացումների առիթով ընդդիմության «կառուցողական» հատվածի ոգեւորությունն
անհասկանալի է։ Եթե հաշվի առնենք ժողովրդի համատարած անտեղյակությունը,
փոփոխությունների փաթեթին ծանոթանալու համար անհրաժեշտ հետախուզական
բավականին մեծ ջանքերն ու երկրում առկա անվստահության մթնոլորտը` կարելի է
պնդել, որ քիչ թե շատ ազատ, արդար ընտրությունների դեպքում նոյեմբերյան
հանրաքվեն ամենայն հավանականությամբ կարժանանա իր նախորդի բախտին, իսկ
հանրաքվեի հաջող ելքով շահագրգռված ընդդիմադիրները ստիպված կլինեն կիսել
հանրաքվեի տապալման պատասխանատվությունը: Ինչեւէ, նախագծով առաջարկվում է
ԱԺ լիազորությունների ժամկետը դարձնել 5 տարի, տեղական ինքնակառավարման
մարմիններինը` 4 տարի: Չնայած Սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի
ներկայացրած փաթեթը բազմիցս բարեփոխվեց, վերացվեցին մի շարք թերություններ
ու հակասություններ, անուամենայնիվ, Վենետիկ ուղարկված տարբերակը լի է
բազմաթիվ հակասություններով ու անորոշություններով: Օրինակ` Վենետիկ
ուղարկված փաթեթի 60-րդ հոդվածում նշված է, որ «Ազգային ժողովի նախագահի
կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Աժ
նախագահի լիազորությունները կատարում է Աժ նախագահի այն տեղակալը, որը
պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ», եւ ոչ մի խոսք չկա այն
մասին, թե ով պետք է կատարի ԱԺ նախագահի պարտականությունները, եթե նրա 2
տեղակալներն էլ ընտրվելիս ստացել են հավասար թվով ձայներ:
Անորոշությունները հատկապես շատ են առանցքային նշանակություն ունեցող
հարցերում, ինչպիսին է, օրինակ, Երեւանի քաղաքապետի ընտրովիության հարցը:
Համաձայն նախագծի 117-րդ հոդվածի 13-րդ կետի` Երեւան քաղաքում տեղական
ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի
ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում, իսկ մինչ այդ
Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման գործող կարգը
պահպանվում է, այսինքն` չի բացառվում, որ գործող կարգը պահպանվի, ասենք,
100 տարի, քանի որ նախագծի հեղինակները «մոռացել են» նշել, թե ինչ
ժամկետներում պետք է ընդունվի վերոնշյալ օրենքը: Եվ ընդհանրապես,
ծանոթանալով նախագծի վերջին` «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» գլխին,
ուր նշված է, թե ընդունվելու դեպքում փոփոխությունների փաթեթի որ կետը երբ
է ուժի մեջ մտնելու` կարելի է փաստել, որ ընդունվելու դեպքում էլ
սահմանադրական առաջարկվող փոփոխությունները գործող իշխանություններին չեն
վերաբերում, այսինքն` ամեն դեպքում «կառուցողական» ընդդիմությունը ստիպված
է լինելու խոստացված «սահմանադրական ճանապարհով» իշխանափոխությունն
իրականացնել հին (այսինքն` գործող)` սահմանադրական ճանապարհով: