Խոշոր ինֆլյացիայի սպասարկողները

24/08/2009

Երեկվանից ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ: Ըստ պաշտոնական հիմնավորման, հարյուր հազարանոցի մուտքը հիմնականում նպատակ ունի սպասարկել տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված են խոշոր գործարքների մեջ: Իհարկե, այս հիմնավորումը շատ մակերեսային է եւ անհաջող փորձ է թաքցնելու այն իրավիճակը, որը, ամենայն հավանականությամբ, առիթ է հանդիսացել 100 հազարանոց թղթադրամներ թողարկելու համար: Հայտնի իրողություն է, որ ցանկացած երկրում մեծ անվանական արժեք ունեցող թղթադրամի գոյությունը վկայում է արժեզրկման մասին, եւ դա շատ լավ գիտեն նաեւ մեր ԿԲ-ի տնտեսագետները, որոնք հնարել են «խոշոր գործարքների մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտներին սպասարկելու» պատմությունը: Դա առնվազն ծիծաղելի է, քանի որ ցանկացած իրեն հարգող «խոշոր գործարքների մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտ» իր գործարքներն իրականացնում է անկախիկ դրամաշրջանառությամբ: Մի խոսքով, ամենայն հավանականությամբ, Հայաստանում առաջիկայում սպասվում է արժեզրկման հերթական ալիքը, եւ 100 հազար դրամանոցը ընդամենը դրա նախանշանն է: