Երեկ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը եւ ԱԺ ղեկավարի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ ասուլիս էին հրավիրել` ուրբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաստատած «ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգը» պարզաբանելու նպատակով: Ըստ նրանց` լրագրողների աշխատանքի որեւէ նոր սահմանափակում այս կարգով չի նախատեսված: «Որեւէ էական փոփոխություն ես չեմ տեսնում»,- հայտարարեց Ն. Պետրոսյանը: Լրագրողները հիշեցրին, որ եթե նախկինում ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող էին ցանկացած պահի մուտք գործել ԱԺ` առանց անցագրի (անցագիր վերցնելու համար ԱԺ պատգամավորը հատուկ ծանուցում է ներկայացնում ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որպեսզի վերջիններս թույլ տան այցելուին անձնագրի առկայության դեպքում մուտք գործել ԱԺ), ապա ըստ նոր կարգի` «հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն ԱԺ նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է հասարակայնության հետ կապերի վարչությունը»: Այսինքն` եթե նախկինում լրագրողը ցանկություն ուներ հանդիպել պատգամավորին, ասենք` հարցազրույցի համար, ապա նա առանց անցագրի կարող էր մուտք գործել ԱԺ, եթե նույնիսկ ԱԺ-ում որեւէ միջոցառում տեղի չէր ունենում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Ն. Պետրոսյանը նշեց, թե լրագրողների ցանկությունները կարող են «կապրիզներ» լինել: «Եկեք զուտ ցանկությունը աշխատանքային ցանկությունից տարբերենք: Ցանկությունները շատ մեծ կարող են լինել, կարող են կապրիզներ լինել: Դա չի նշանակում, որ յուրաքանչյուր կապրիզ պետք է բավարարվի: Եթե դուք դիմում եք պատգամավորին` հարցազրույցի համար, եւ նա Ձեզ հրավիրում է, Ձեզ որեւէ խոչընդոտ չի ստեղծվելու: Խոսքը նրա մասին է, որ լրագրողները չպետք է ամբողջ ժամանակ անցնեն ԱԺ միջանցքներով, եւ ես կարծում եմ, որ դա նորմալ է: Համենայնդեպս, Եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարաններում սահմանափակում է մտցվում լրագրողների համար` ընդհուպ մինչեւ մեկ մամուլի կենտրոնի սենյակ: Այստեղ նման սահմանափակում չկա եւ չի մտցվում»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը: Նա եւ Ա. Հովհաննիսյանը որպես նոր կարգի ընդունման հիմնավորում՝ նշեցին, որ ԶԼՄ-ների մասին օրենքում 2004թ. կատարված փոփոխություններից հետո հավատարմագրման կարգը, որ վերջին անգամ փոփոխվել էր 2003թ.-ին, չի համապատասխանել այդ օրենքին: Այդ պատճառով էլ, ըստ նրանց, կատարվել են համապատասխան փոփոխություններ: Այն հարցին, թե 5 տարի շարունակ ոչ ոք չէ՞ր նկատել, որ հավատարմագրման կարգը չի համապատասխանում օրենքին, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Փաստորեն մի քիչ ուշացել ենք»: «Նոր կարգում կատարվել են ոչ էական փոփոխություններ, որոնք վերաբերում են ԱԺ լրագրողների ելումուտին, հավատարմագրման հետ կապված մի շարք պահանջներ են ներկայացվել, որոնք բխում են ԶԼՄ-ների մասին օրենքի պահանջներից: Այսինքն` կա նոր աշխատանքային կարգ, որը պետք է գործի, եւ կան շահարկումներ, թե ինչպես կարող է այդ կարգը խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Ես ունեմ ԱԺ նախագահի հստակ հանձնարարականը, որ լրագրողների աշխատանքին որեւէ խոչընդոտ չստեղծվի»,- հայտարարեց Ն. Պետրոսյանը: Ա. Հովհաննիսյանը նույնպես պնդեց, թե նոր կարգում խոսքը գնում է ընդամենը ԱԺ մուտք գործելու ռեժիմների մասին: «Մի ռեժիմը գործում է ԱԺ-ում սովորական պարբերական անցկացվող միջոցառումներին (նաեւ` խորհրդարանական լսումներ, ճեպազրույցներ, ասուլիսներ), իսկ այն օրերին, երբ ԱԺ-ում չկա որեւէ միջոցառում, գործում է այլ ռեժիմ: Բայց որեւէ սահմանափակում չկա»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ արդեն իրենց մտահոգությունն են արտահայտել այս նոր կարգի հետ կապված` հայտարարելով, որ դա ակնհայտորեն միտված է մամուլի ազատության սահմանափակմանը: