Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 300 մլրդ դրամ, ինչը 2009թ. բյուջեով նախատեսված տարեկան եկամուտների (ավելի քան 900 մլրդ դրամ) մեկ երրորդն է կազմում:
«Մենք հակված չենք սեկվեստր կիրառել»,- մոտ 1.5 ամիս առաջ հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ծախսերը չկրճատելու միակ ճանապարհը բյուջեի դեֆիցիտի ավելացումն է: Հիշեցնենք նաեւ, որ տարեսկզբին բյուջեի առաջին եւ երկրորդ եռամսյակների ծախսերի մի մասը տեղափոխվեցին երրորդ եւ չորրորդ եռամսյակներ: Այս պահին բյուջեի եկամուտների հավաքագրման գծով խնդիրները արդյո՞ք այնքան լուրջ են, որ անհրաժեշտ լինի բյուջեի սեկվեստր իրականացնել: Կամ սեկվեստրի իրականացումը ի՞նչ առավելություններ ունի: Այս հարցերի վերաբերյալ տարբեր փորձագետների տեսակետները գրեթե համընկնում են: Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյան.- Ինչպես տարվա սկզբին, առաջին եռամսյակի ավարտից հետո, այնպես էլ հիմա ես համոզված եմ, որ սեկվեստրի անհրաժեշտություն կար եւ կա: Որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե բյուջետային քաղաքականությունը այս տարվա ընթացքում ինչպես է իրականացվելու: Այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել` որ ծախսերն են կրճատվել, որոնք չեն կրճատվել, ինչ ծախսեր պետք է կատարվեն, ինչ ծախսեր չեն կատարվելու: Բացի այդ, որպես պետություն՝ ավելի տեղին կլիներ, ճիշտ կլիներ, որ իշխանությունները ներկայացնեին փոփոխված բյուջեն եւ բյուջետային կազմակերպություններին ու մեր քաղաքացիներին ցույց տային, որ ճգնաժամից դուրս գալու ճանապարհներից մեկն էլ այն է, որ մենք պետք է ավելի արդյունավետ ծախսեր կատարենք: Խոսքը վերաբերում է նրան, որ բացի այն խիստ անհրաժեշտ ծախսերից (աշխատավարձ, թոշակ եւ այլն), կան այնպիսի ծախսեր, որոնք, ավելի նպատակահարմար կլիներ, եթե չարվեին: Ադմինիստրատիվ շենքեր կառուցելը, ծառայողական մեքենաներ ձեռք բերելը, հաստիքացուցակներ ավելացնելը, գործուղումները այնպիսի ծախսեր են, որ խիստ անհրաժեշտ չեն, բայց կատարվում են: Օրինակ` նախագահի աշխատակազմի ծախսերից Պռոշյանի վրա առանձնատների համալիրում ամառանոցային տնակների կառուցումը, կամ նույն Շառլ Ազնավուրի շենքի կառուցումը եւ այլն: Այսինքն` եթե սեկվեստր է լինում, հստակ բոլորն իմանում են, թե որքան են լինելու ծախսերը եւ դրան համապատասխան եկամուտները, իսկ այժմ այդպես էլ անհասկանալի մնաց, թե կոնկրետ որ ծախսերն են տեղափոխվել երրորդ կամ չորրորդ եռամսյակ:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյան.- Տարեսկզբին վարչապետը ասաց, որ անցնում ենք բյուջեի իրավիճակային կառավարման, այսինքն` եռամսյակային կարգավորմանը: Ավելին, նաեւ կառավարությունն օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ, որով թույլտվություն խնդրեց ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ մինչեւ 7,5% ավելացնել բյուջետային դեֆիցիտը: Այսինքն` սա ցույց է տալիս, որ իրոք մտահոգված են, որ եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ կան տնտեսական անկման պարագայում: Իհարկե ճիշտ է, որ որոշ սոցիալական ծախսերը չեն կրճատվում, սակայն անիրատեսական բազմաթիվ ծախսեր են կատարվում: Ուստի կարծում եմ` պետք է սեկվեստր անել, պետական ապարատի պահպանման, գործուղումների մի շարք ծախսեր պետք է կրճատվեն:
ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյան.- Սեկվեստրի անհրաժեշտությունը ընդհանուր առմամբ պայմանավորված է երկու հանգամանքներով: Մեկը, որ բավարար եկամուտներ չեն մուծվում գանձարան, ինչը դժվարություններ է առաջացնում ծախսերի կատարման առումով: Տնտեսական անկման պայմաններում ակնհայտ է, որ նման անհրաժեշտություն կա, եթե խոսքը վերաբերում է մեր տնտեսությանը: Միաժամանակ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզ տրամադրված են գումարներ վարկային ռեսուրսների տեսքով եւ դրանց մի մասը՝ բացառապես հենց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար, այս իմաստով կառավարության հայեցողությանը պետք է թողնել սեկվեստր անել-չանելու հարցը, որքանով է կառավարությունը նպատակահարմար գտնում կրճատել ծախսային մասը: Ես՝ որպես տնտեսագետ, հետեւյալ ձեւակերպումը կտայի. որքան էլ որ անբավարար լինեն հարկային եկամուտները, եւ որքանով էլ պայմանավորված լինեն օբյեկտիվ հանգամանքներով, այնուամենայնիվ, սոցիալական ծախսերը անթույլատրելի եմ համարում կրճատելը եւ կարծում եմ, որ դա գիտակցում է նաեւ կառավարությունը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյան.- Այն մասին, որ 2009թ. համար սահմանված 945 մլրդ դրամ ծախսումները ամբողջությամբ չենք կատարելու, այդ մասին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը արդեն ասել է: Այսինքն` հնարավոր է, որ ծախսերը կրճատվեն մինչեւ 35 մլրդ դրամի չափով, եւ մեր բյուջեի ծախսերը դառնան 910 մլրդ դրամ: Բոլոր դեպքերում այս կրճատումը օտար լեզվով սեկվեստր է կոչվում` անկախ այն հանգամանքից, որ մենք չունենք այս մասին օրենք: Այս պահին սեկվեստրի մասին կարելի է չխոսել, քանի որ որոշակի ծախսեր տեղափոխված են չորրորդ եռամսյակ: Բայց կարծում եմ` բյուջեի եկամուտների անկումը բավականին նշանակալի թիվ է (հարկային եկամուտները առաջին կիսամյակում նվազել են 18.5%-ով), ուստի կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ կառավարությունը հանդես կգա բյուջեի սեկվեստր, այսինքն` ծախսերի կրճատում իրականացնելու առաջարկով: Սեկվեստր ինստիտուտը, ըստ էության, ողբերգություն չէ: Խնդիրը նրանում է, որ սեկվեստրը բերում է նաեւ կառավարության հրաժարականի հարց: Բայց, քանի որ մեր պարագայում այն պայմանավորված է բազմաթիվ այլ գործոններով, որոնց վրա Հայաստանը չի կարող ազդել, հասկանալի է, որ հրաժարական կատեգորիան պետք է չընդունվի ԱԺ-ի կողմից: Իսկ ինչ վերաբերում է սեկվեստրին, այն տեղի կունենա, այլընտրանք պարզապես չունենք: