Տեղ արեւի տակ

27/08/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նոր Հայաստանի քաղաքական կարճ պատմության մեջ հրաժարականի ինձ հայտնի միակ
դեպքը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է՝ իր թիմակիցներով։ Սա քաղաքական մի արարք
էր, որը դեռեւս չի ենթարկվել անհրաժեշտ վերլուծության եւ չի ստացել պատշաճ
գնահատական՝ իր դրական ու բացասական կողմերով։

Հրաժարականի այլ դեպքեր էլ կան, բայց դրանք ուշադրության արժանի չեն, քանի
որ ոչ թե քաղաքական են, այլ՝ բարոյական կամ, ավելի ճշգրիտ, հակառակը։
Մարդիկ մի կուսակցության անունից բոցաշունչ ելույթներ ունենալուց հետո,
առանց որեւէ լուրջ քաղաքական կամ գաղափարական (էս մեկն, անկեղծ ասած, չի
էլ կարող լինել) պատճառի հրաժարական են տալիս ու անցնում մեկ այլ
կուսակցության շարքերը։ Այս հրաժարականներն ավելի շուտ կարելի է ուրացում
անվանել, եթե, իհարկե, մեր իրականությունը թույլ տալիս է իմաստային
նրբերանգներ։

Վերջերս՝ մասնավորապես՝ Արամ Զ. Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից եւ հատկապես՝
ընդդիմադիր դաշինքում սահմանադրամոլության բռնկումից ու
հեղափոխամերժության վարակի տարածումից հետո, շատ է խոսվում
«Հանրապետություն» կուսակցության «հրաժարականի» մասին։ Բայց, ինչպես
խոստացված, բազմիցս խոստացված գարնանային, ամառային, աշնանային կամ
ձմեռային հեղափոխությունները, այս «հրաժարականն» էլ տեղի չի ունենալու։

Մի առիթով Վանո Սիրադեղյանն ասել էր. «Հարիֆ չկա»՝ դրանով արձակագրի իր
համառոտությամբ նկարագրելով մեր քաղաքական հավատքի դավանանքը։

Փողոցային ինքնաբուխ շուկայի վաճառողուհու հետ սակարկելիս պարզում եմ, որ
այդ զբաղմունքից (business-ի բառացի թարգմանությունն է) իրեն գրեթե ոչինչ
չի մնում, ավելին՝ երբեմն վնասով է աշխատում, չիմանալով՝ ինչ անել
չվաճառված ու թոշնած միրգն ու բանջարեղենը։ Երբ հարցնում եմ, թե այդ
դեպքում ամբողջ օրն ինչո՞ւ է կանգնում արեւի տակ, պատասխանն ինձ չի
զարմացնում. «Ես չկանգնեմ՝ ուրիշը տեղս կկանգնի»։ Այս պատասխանն անհեթեթ
կթվար, եթե ես չիմանայի, որ այդ կինը ոստիկանների, թաղապետարանի եւ այլ
գերատեսչական հիմնարկների աշխատակիցների հետ տեւական պայքարի ու
կոնսենսուսի ճանապարհ է անցել եւ ի վերջո գտել իր տեղն այս արեւի տակ։
Ուրեմն եւ հետեւաբար՝ այս կինն էլ անգիր գիտե, որ «հարիֆ չկա»։

Եվ եթե բանջարեղեն վաճառողն այդ բանը գիտե, ինչպե՞ս կամ ինչո՞ւ չպետք է
իմանա «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալբերտ
Բազեյանը, ով, կարծեմ, մի անգամ արդեն հայտարարել է քաղաքականությունից
հեռանալու մասին, բայց, ամենայն հավանականությամբ, հեղափոխականորեն
տրամադրված զանգվածները նրան թույլ չեն տվել անել այդ բանը։ Հիմա էլ, երբ
խոսք է գնում «Արդարությունից» դուրս գալու եւ Ազգային ժողովի նույնանուն
պատգամավորական խմբակցության մանդատները վայր դնելու մասին, Բազեյանը
հիշեցնում է, որ «Արդարության» ցուցակը երկար է եւ դրանում անպայման
կգտնվեն իրենց տեղերը զբաղեցնել ցանկացող մարդիկ։

Ըստ էության, Բազեյանի գլխավոր մտահոգությունը նախատեսվող ակցիայի
անփառունակ վախճանն է կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, էֆեկտ չունենալը,
բայց, մեծ հաշվով, շարժիչը դարձյալ մեր ազգային ավանդական «Հարիֆ չկա»
մտածողությունն է։ Որովհետեւ այդ մարդը բռնցքամարտից մինչեւ
քաղաքականություն երկար ու դժվար ճանապարհը հո չի՞ կտրել-անցել, որ «արեւի
տակ» զբաղեցրած իր տեղը զիջի մեկ ուրիշին։

Եվ ընդհանրապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 22-ի համարում
Ալբերտ Բազեյանն արել է հայտարարություններ, որոնք գալիս են հաստատելու
մեր քաղաքական գործիչների գլխավոր մտահոգությունը՝ պահել «արեւի տակ»
ունեցած տեղը, պահել մինչեւիսկ հանուն… ոչնչի։

Օրինակ, Բազեյանն ասում է. «…կուսակցությունն իր այդօրինակ վարքով
հայտնվելու է ինքնամեկուսացման մեջ՝ դրանով փակելով իր համար մանեւրելու
ցանկացած դաշտ»։ Ծերուկ Զիգմունդի հացը չկտրելու համար չեմ մեկնաբանում
այս նախադասությունը՝ եզրակացությունները թողնելով ընթերցողին։ Կամ ասվում
է. «Ես կարող եմ ընդհանրապես մի կողմ քաշվել եւ որեւէ քաղաքական
գործընթացի չմասնակցել…»։ Այս միտքը մինչեւ վերջ կարդացողը կհասկանա, որ
հայ իրականության մեջ ինչ-որ բանից հրաժարվելը նույնանում է «քավության
նոխազ» դառնալու հետ, իսկ տարաբախտ այդ այծի ճակատագիրը ոչ ոք կիսել չի
ուզում։

Եվ այդ պատճառով հավաքական ընդդիմադիրն ու իշխանավորը մտածում են. «Ո՞վ
կարող է ավելի ընդդիմադիր լինել, քան ես եմ»։ Սրան էլ գումարվում է
բարեկեցության խնդիրը, որովհետեւ դեռ ոչ ոք չի տեսել քաղցից մեռնող կամ
նույնիսկ «Ժիգուլիով» գործի գնացող որեւէ քաղաքական գործիչ, բայց եւ ոչ
մեկի պարկեշտությունը թույլ չի տվել հարցնել, թե ինչպե՞ս եւ ինչո՞վ են
ապրում նրանք։

Բարեկեցության խնդիր է։ Լինի ընդդիմություն թե իշխանություն, ո՞վ իր
բարեկեցությունը կզոհի հանուն ինչ-որ գաղափարների՝ որքան էլ վեհ ու սուրբ
լինեն դրանք։ Հիշո՞ւմ եք քանի-քանիսն էին ձեռքի տակ եղած
կրակող-կտրող-ծակող գործիքների վրա երդվում լուծել եղերաբար զոհված
Սպարապետի վրեժը։ Ի՞նչ եղան նրանք, ո՞ւր են։ Ոչ մի տեղ էլ չեն։ Նույն
ճամփով, նույն մեքենայով, նույն տեղը գործի են գնում, որովհետեւ նրանց կամ
բացատրել են, կամ էլ իրենք են ինքնուրույն գլխի ընկել, որ ոչ մի գաղափար
առավել արժեքավոր չէ, քան այն տեղը, որն իրենք զբաղեցնում են։ Ու հիշեցրել
են նաեւ, որ հրաժարվելու դեպքում, եթե ավելի վատ չլինի, ապա նվազագույնը
շքեղ մեքենան փոխվելու է հին ու բարի ԿՐԱԶ-ով, իսկ ԿՐԱԶ-ներին, հատկապես
ԿՐԱԶ-ներին ավտոտեսուչները կանգնեցնում են առանձնահատուկ ախորժակով։

Մենք քաղաքական ավանդույթ չունենք, չունենք նաեւ քաղաքական վարվեցողության
կանոնագիր, եւ սա է պատճառը, որ քաղաքական գործունեությունը դարձել է
տրանսպորտում կամ հերթում իրար հրելու պես մի բան։

Եթե մեկը՝ լինի իշխանավոր թե ընդդիմադիր, վեր կենա ու մի օր «ես
չկարողացա, դուք արեք» ասելով՝ հրաժարվի իր տեղից, ավելի մեծ գործ արած
կլինի, քան տնտեսության աճի մասին խոսելն է կամ էլ պերմանենտ
հեղափոխություն չիրականացնելը։

Մղձավանջային պատկերացումը, թե հրաժարվելուց հետո քո տեղը կգրավի մեկ
ուրիշը, հանգիստ չի տալիս ոչ մեկին, եւ թող ոչ ոք չզարմանա, որ գործող
նախագահը ցանկություն ունի սահմանադրորեն կամ Հիմնական օրենքը խախտելով՝
առաջադրվել երրորդ, չորրորդ կամ գուցե հինգերորդ անգամ։ Չէ՞ որ նա էլ մարդ
է ու մյուսների պես մտածում է, որ իր տեղում միայն ինքը կարող է լինել։