Հայաստանում ավանդաբար ամեն տարի գարնանից սկսած եւ հատկապես ամռան ամիսներին սպասումներ, կանխատեսումներ կամ ցանկություններ են հնչում այն մասին, որ գալիք աշունը թեժ է լինելու ներքաղաքական կյանքում:
Այդ առումով բացառություն չէ նաեւ 2009-ի ամառը` հագեցած առաջիկա թեժ աշնան մասին կանխատեսումներով: Եվ չնայած անցած գրեթե բոլոր տարիներին այդ կանխատեսումները մեծ հաշվով չեն իրականացել, այդուհանդերձ, 2009-ի աշնանը քաղաքական թեժություն սպասելու համար բավարար հիմքեր կան: Նախ, կարծես թե, դեպքերը շատ արագ են զարգանում ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ, եւ այս հարցում նկատվում է նաեւ միջազգային ճնշման որոշակի ակտիվացում: Ոչ նույն ինտենսիվությամբ, սակայն որոշակի զարգացումներ են արձանագրվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզում: Բացի այդ, գնալով ավելի է խորանում տնտեսական ճգնաժամը, Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշները սրընթաց անկում են ապրում: Եվ դժվար է բացառել, որ աշնանն առնվազն այս երկու խնդիրների պատճառով քաղաքական դաշտում մթնոլորտը կարող է թեժանալ:
Առայժմ քաղաքական մեկնաբանությունների հիմնական առարկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիա կատարելիք պատասխան ֆուտբոլային այցի թեման է: Ս. Սարգսյանն ասել է, որ Թուրքիա` ֆուտբոլ դիտելու կգնա, եթե հայ-թուրքական սահմանը բաց լինի, կամ` բացման նախօրեին: Թուրքիան առայժմ կասեցրել է այդ դաշտում իրականացվող քայլերը, հայտարարելով, որ այդ հարցում զարգացում չի լինի մինչեւ շոշափելի առաջընթաց չարձանագրվի ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում: ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ գերտերություններն էլ ջանք չեն խնայում, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի: Այնպես որ, մինչեւ հոկտեմբեր` մինչեւ հայ-թուրքական պատասխան ֆուտբոլային խաղը մեր երկրում քաղաքական մթնոլորտի «ճնշումը» բարձր է լինելու: «Միջազգային հանրությունը չի ուզում, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սկսված պրոցեսը կասեցվի: Կուզենան, այնուամենայնիվ, որ անցած տարվա սեպտեմբերին բացված պատուհանը չփակվի»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ չի բացառում, որ Թուրքիան կամ միջազգային հանրությունը որոշ զիջումների գնան, որ Ս.Սարգսյանը գնա Թուրքիա:
Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը նույնպես այն կարծիքին է, որ գուցե թուրքական կողմից ինչ-որ քայլեր կատարվեն` թեկուզ 1 օրով սահմանը բացեն կամ որեւէ հայտարարություն անեն, այդպիսով լարվածությունը մեղմելու եւ ՀՀ նախագահի այցը հնարավոր դարձնելու համար: Բայց շատ գործիչներ կամ քաղաքագետներ, այդ թվում եւ՝ Ե.Բոզոյանը, կարծում են, որ ֆուտբոլային քաղաքականությունը ճիշտ չէր, եւ հիմա ՀՀ նախագահի պատասխան այցը Թուրքիա կլինի այդ սխալ քաղաքականության սխալ շարունակությունը: «Ես միշտ համարել եմ, որ այս ֆուտբոլային քաղաքականությունը վաղաժամ էր: Հասունացած չէր հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական փաթեթի բարելավման գործընթացը: Այն, ինչ սկսել են 2007 թվականից, այս տրամաբանական շարունակությունը պետք է ունենար, որովհետեւ հարաբերությունների հրապարակայնացումը Թուրքիան օգտագործեց իր շահերի օգտին: Նրանց համար շահեկան է այդ հրապարակային PR-ը շարունակական պահպանել, բայց գործնականում որեւէ բան չանել: Այս իմիտացիայի վիճակը Թուրքիային ձեռնտու է, մեզ` ոչ: Գնալ Թուրքիա, նշանակում է՝ այս իմիտացիոն պրոցեսին նոր շունչ տալ եւ համաձայնել այն խաղին, որը շահավետ է Թուրքիայի համար»,- ասում է Ե.Բոզոյանը: «Եթե խաղում ես, պիտի մինչեւ վերջ խաղալ»,- սա էլ Դ.Հովհաննիսյանի հակառակ տեսակետն է:
Մեր երկու զրուցակիցները, սակայն, գտնում են, որ թեեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզներում ակտիվություն կա, բայց դրանք կարգավորելու էական հնարավորություններ, այդպիսով նաեւ` լուծում, դեռեւս չի նշմարվում: Նրանց կարծիքով՝ այդ հարցերով շահագրգիռ եւ հակամարտող կողմերը դեռ ընդհանուր համաձայնության չեն եկել: Այնպես որ, գոնե մեր զրուցակից քաղաքագետները չեն կիսում այն ակնկալիքները, թե հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման պատճառով կարող է Հայաստանի քաղաքական մթնոլորտը թեժանալ: Նրանք նաեւ չեն կարծում, որ մթնոլորտը կթեժացնի սեպտեմբերի վերջին սպասվող ԵԽ ԽՎ նստաշրջանը, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կրկին կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը: «Հայաստանի համար կտրուկ որոշում չի կայացվի, որովհետեւ այնտեղ սովորաբար կտրուկ որոշումներ չեն կայացվում: Մի երկու բացառություն Բելառուսի եւ Ռուսաստանի մասով եղել են, բայց դա ընդհանուր բնույթ չի կրում: Դրա համար էլ ես թերահավատորեն եմ վերաբերվում այն բանին, որ ԵԽ ԽՎ-ում լուրջ ճնշումներ լինեն: Բայց հաշվի առնելով ԼՂՀ-ի հետ կապված խնդիրը, այնտեղ միշտ տաք են պահելու ՀՀ-ի ներքաղաքական հարցը: Դա լրացուցիչ ճնշման խողովակ է, որի շունչը ՀՀ իշխանությունները զգալու են, որովհետեւ նրանք պետք է հասկանան, որ բացի ԼՂՀ-ից, ունեն նաեւ ճնշումների մեկ այլ տարբերակ»,- ասում է Ե.Բոզոյանը:
Եթե Հայաստանի քաղաքական մթնոլորտին արտաքին դաշտից թեժացում չի սպառնում, ապա նույնը չի կարելի ասել ներքին սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Թե՛ Ե.Բոզոյանը, թե՛ Դ.Հովհաննիսյանը կարծում են, որ օրեցօր խորացող սոցիալական ճգնաժամը պետք է որ քաղաքական սրացման պատճառ դառնա: Ավելին, նրանք նույնիսկ տարօրինակ են համարում, որ սոցիալ-տնտեսական այս անմխիթար վիճակը համարժեք արձագանք չի գտնում Հայաստանի քաղաքական դաշտում: «Ինձ համար տարօրինակ է, որ այդ պայմաններում քաղաքական դաշտն այսպիսի հանդարտ վիճակում է: Ես կուզեի, որ այն խնդիրները, որ կան այդ դաշտում, քաղաքական դաշտում ավելի աշխույժ քննարկվեին: Քաղաքական դաշտում, ցավոք սրտի, ընդամենը տղայական մակարդակի ռազբորկաներ են գնում: ՀՀ-ում վարվում է տնտեսական քաղաքականություն, որը լուրջ վտանգ է ներկայացնում մեր տնտեսության համար: Կարծում եմ, որ այդ վտանգը լրջորեն չի ընկալվում ՀՀ-ի քաղաքական էլիտայում: Բոլորը տարբեր պատճառներով քննարկում էն ԼՂՀ հարցը, եւ այդ ընթացքում ժողովրդի վիճակը ահավոր վատթարանում է»,- ասում է Ե.Բոզոյանը:
«Ես գիտեմ, որ երկրում սոցիալական վիճակն է շատ լարված: Եվ այս առումով ամեն ինչ կարելի է սպասել»,- ասում է Դ.Հովհաննիսյանը: