29-ամյա աղջիկը սպանեց մորը

24/08/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օգոստոսի 18-ին, ժամը 17:20-17:30-ի սահմաններում Սպիտակի Մեծ Պարնի գյուղում կատարվածը ցնցեց ամբողջ հանրապետությունը, երբ 29-ամյա Լուսինե Միկոյանը կացնահարվածներով սպանել էր իր մորը: Այս մասին Ոստիկանությանը ահազանգել էր Մեծ Պարնիի գյուղապետը: Սա Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունն էր, որը շատ արագ տարածվեց մամուլի էջերում: Մենք չսահմանափակվեցինք պաշտոնական սեղմ հաղորդագրությամբ եւ մեկնեցինք Մեծ Պարնի` հասկանալու այս դաժան ողբերգության պատճառներն ու հետեւանքները:

Սպանված կնոջ` Գոհար Քոսյանի մոր` Վարդանուշ տատի տան բակում արեւի տակ գեղեցիկ շարվածքով ու խնամքով կախված էին ավելուկի այն հյուսերը, որոնք օգոստոսի 18-ի առավոտյան հյուսել էր Գոհարը: Տան բակում արեւածաղիկներն էին, որոնք, քամու սվսվոցից էր, թե մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունահեղ տեսարանի հիշողությունից, օրորում էին իրենց դեղին գլուխները: Տան դռները փակ էին, իսկ դռներից վերեւ վառվում էր լույսը: Այս դեպքում տուն ասվածը մի քիչ ուռճացված է, որովհետեւ այնտեղ, որտեղ ապրում է Վարդանուշ տատը, երկաթե մի դոմիկ է, որը նրանց տվել էին երկրաշարժից հետո: Այս մասին պատմում է հարեւանուհին` տիկին Աստղիկը, որը գյուղապետարանի հարկային գծով տեսուչն է: «Տեսնո՞ւմ ես, էս ավելուկները Գոհարի վերջին աշխատանքներն էին: Ինքը պիտի հաջորդ օրը գնար Լենինական, որ սրանք վաճառեր: Ու միշտ էլ էդպես էր` գալիս էր գյուղ, բանջար, ավելուկ էր հավաքում ու տանում էր Լենինականում վաճառում: Ինքն ու աղջիկը Լենինականում էին մնում: Ոսկի կին էր Գոհարը»,- ասում է տիկին Աստղիկը, հետո պատմում, թե ինչ տանջանքներով էր տիկին Գոհարը պահել երկու երեխաներին` Լուսինեին ու Սարգիսին: «Նրա ամուսինը ահավոր հարբեցող էր` շատ շուտ բաժանվեցին: Կինն էլ միայնակ երկու երեխաներին մեծացրեց: Հետո աղջիկը սկսեց չհաշտվել անգամ եղբոր հետ: Արդեն մի քանի տարի է, ինչ տղան Լուսաղբյուրում է ապրում: Նա էնտեղ ամուսնացել է ու դոմիկում էլ ապրում են»,- նորից հիշում է հարեւանուհին ու բացում ճաղապատ հնձանի դուռը: Այստեղ նա երկար նայում է ավելուկներին, հետո փակում է դուռը: «Հասկանում ես, էդ աղջիկն ու մայրը մեր գյուղում չեն ապրել ավելի քան 13 տարի, այն օրից, երբ Լուսինեն ավարտել է դպրոցը: Իմ աղջկա համադասարանցին էր: Նույնիսկ գիտեմ, որ 8-րդ դասարանում մնաց նույն դասարանում: Ոչ մեկի հետ չէր շփվում Լուսինեն, բայց ո՞վ կմտածեր, որ….»,- խոր հոգոց հանելով` հիշում է հարեւանուհին:

Քիչ անց հարեւանների ուղեկցությամբ մեզ է մոտենում 83-ամյա Վարդուշ տատը, ով կտրտված հեծկլտոցներով բարեւում է ինձ, հետո ձեռքերը խփում ոտքերին ու գոգնոցի փեշով սրբում արցունքները, որոնք հոսելով` լցվում էին տատիկի խրամատներ հիշեցնող կնճիռների մեջ: Տատը բացում է տան դուռն ու հարեւաններին ներս է հրավիրում: Նրանք տատից թաքուն սրբում են երեսներն ու տեղավորվում մութ խցում: Տատը վառում է սենյակի լույսը, որը, ասես, չդիմանալով նրա լացին` սկսում է թրթռալ: Սենյակում միայն կտրտվող հեծկլտոցների ձայնն է: «Ռուզանը չկա: Աղջիկ ջան, ես մենավոր ագռավ եմ դարձել… Իմ Ռուզանը Մուրացանի Ռուզանն էր»,- հեծկլտոցների մեջ հազիվ ինձ են հասնում առաջին բառերը, որոնք արտաբերում է տատը: Ի դեպ, Գոհար Քոսյանին գյուղում Ռուզան էին կոչում: «Օգոստոսի 18-ն էր: Հարեւանս գիտի էլի, որ ես թան շատ եմ սիրում, էդ օրը ինձ համար մի վեդրոյի մեջ թան էր բերել: Էդպես առավոտը միասին խմեցինք, մի քանի ժամ հետո էլ տարա, որ վեդրոն տամ, հետ դառնալուց ի՞նչ տեսնեմ` Ռուզանս հողին` ուշաթափ ընկած է բակում: Մոտենում եմ` էլ ի՜նչ… Ռուզանս չկա` ոտքերը կացնով ջարդած, ամբողջ գլուխը արյան մեջ…»,- կոկորդի պրկված լարերի միջից դուրս է գալիս որդեկորույս մոր խզված լացը: Արյունահեղ տեսարանի ողջ մանրամասները պատմում են հարեւանները: «Լավ ա` տատն էլ շուտ չեկավ, թե չէ իրան էլ կսպաներ: Ուրեմն սկզբից փետով ա խփել գլխին, որ ուշաթափվի, չկարողանա շարժվել, հետո կացնով ոտքերն ա ջարդել, որ հանկարծ ուշքի գա, չկարողանա փախնի, հետո էլ կացնով ամբողջ գլուխն էր ջարդել: Պատկերացնո՞ւմ եք` ամբողջ ուղեղը թափվել էր գետնին: Երբ Վարդուշ տատը էկավ, իրան թվացել էլ էր, թե աղջիկը ընկել ա, ու հենց գետնից ուզում էր բարձրացներ` դե գլուխը չկար… Մոր արյունոտ մարմնից դաժե ականջօղներն էր հանել»,- նշում են հարեւանները։ Նրանց պատմածին արդեն չորացած արցունքների աղի հետքերով ավելացնում է Վարդանուշ տատը։ «Էդ անաստվածը արածից հետո եկել էր արյունոտ շորերը փոխել ու իրա սպիտակ կոստյումը հագել, սիրուն ցիլոն դրել, շպարվել, մոր հեռախոսը, ոսկեղենն ու 8 հազար դրամ փողը վերցրել ու փախել: Ոնց որ սպիտակ աստղ էլի` սպիտակ շորերով»,- այս անգամ արդեն տեսարանի ողջ դաժանությունը հիշելով` ասում է Վարդանուշ տատը: Բայց րոպեներ անց նա այնպիսի անսպասելի հոգատարությամբ է խոսում թոռնուհու մասին, որ հարեւաններին ցնցում է: «Հասկանո՞ւմ ես, իմ պահած էրեխան ա, բայց Դոն Կիխոտի պես միշտ երեւակայությամբ էր ապրում, ու իրա էդ երեւակայությամբ իմ կարմիր կակաչին սպանեց: Լուսինեն էլ ա իմ ջիգյարը, բալես: Սիրուն աղջիկ էր, բոյով-բուսաթով, բայց հանկարծ բանտ չքցեն: Գիտե՞ս` ինչ լավ քամանչա էր նվագում: Հա, ոնց որ հենց Զարուհի Բաբայանի խմբից էին էկել, որ Լուսինին տանեն նվագելու: Պատահում էր` տելեվիզոր ենք նայում, հանկարծ շրջվում ա դեպի ինձ ու մայրը եւ սկսում ա լացել: Բայց հետո էդ շուտ անցնում էր»,- հիշում է տատը, հետո նշում, որ Լուսինեն հաճախ էր մեղադրում մորը, որ ինքը ամուսնացած չէ, որ ինքը երկրպագու չունի, եւ թե ինչո՞ւ մայրը մի բան չի անում, որ ինքը լավ փեսացու ունենա: «Խեղճ Ռուզանս` ինչքան տանջվեց: Մորը խեղդում էր` ասում էր գնա, ինձ համար իմ ուզած տղային գտիր: Ասում էր` դու ես մեղավորը: Մայրն ասում էր` Լուսինե ջան, ախր ես քեզ համար ո՞նց փեսացու գտնեմ: Իրա ուզած փեսացուն երկնքից ա, ի՞նչ իմանամ, էնպիսի պահանջներ էր դնում, աստղերին էլ հասնես, էլի չես գտնի»,- փոքր-ինչ խաղաղված պատմում է տատը, հետո ներքնակի տակից հանում է աղջկա լուսանկարն ու երկար նայում նրան: Սա հարեւաններին շփոթության մեջ է գցում: «Աղչի, Լուսինեն տոչնի Ռուզանն ա»,- նկարին նայելով` միաձայն ասում են նրանք: Քիչ անց հարեւանները նորից տարվում են հուշերով: «Երկար տարիներ մեր մանկապարտեզում էր Ռուզանն աշխատում: Երաժիշտ էր` ակորդեոն ու դաշնամուր էր նվագում: Էնքան էր սիրում էրեխեքին: Մեր գյուղում տենց էրեխա չկա, որ ծանր չտանի Ռուզանի մահը,- նկատում են հարեւանները, հետո կրկին շարունակում պատմությունը,- Էս էրկու տարի ա, որ Լուսինեն հոգեբանական ահավոր վիճակում ա: Հենց մի քանի օր առաջ տատին ու մորը դուրս էր արել տնից: Ասում էր` չեմ բացում դուռը` ի՛նչ ուզում եք արեք»,- հարեւաններից ամեն մեկն իր հիշողությունների հորձանուտում փորձում էր վերհիշել ու գետնին խոնարհած աչքերով փնտրել երջանկության նույնիսկ այն պահը, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ իրենք միասին սուրճ էին խմում: Բայց Լուսինեի հոգեկան ներաշխարհում ահագնացող ցնցումները հանկարծակի ժայթքեցին, եւ գյուղացի տատիկի տուն հյուրընկալած թոռը դիմեց այս դաժան քայլին: Գուցե տատը զգում էր թոռնուհու հոգում տեղի ունեցող երեւույթները, եւ գուցե հենց այդ կասկածներն էին պատճառը, որ Վարդանուշ տատը դեպքի օրը հասել էր գյուղապետարան ու գյուղապետ Հրայր Յաղուբյանից օգնություն խնդրել: «Հենց այդ դեպքի օրը` առավոտյան, տատը եկել էր գյուղապետարան, որ օգնություն խնդրի: Նա ասաց, որ Լուսինեի նոպան էլի բռնվել է, ու իրենց տնից հանել է: Ու գյուղապետարանի մի քանի աշխատակիցներով գնացինք Լուսինեին հանգստացնելու: Մի քանի ժամ հետո լսում ենք, որ նույնիսկ ոստիկանների են կանչել Լուսինեին հանգստացնելու համար: Ոստիկանները հեռանում են, եւ ժամեր անց լսում ենք սպանության մասին»,- նշում է գյուղապետը, ում ահազանգով էլ դեպքի վայր են հասնում ոստիկանները: Այս մասին Վարդանուշ տատի այն հարեւանները, ովքեր տեսել են արյունահեղ այդ տեսարանը, պատմում են. «Ամենահետաքրքիրն էլ էն էր, որ ինքը` Լուսինեն, հանգիստ ուզում էր հեռանալ` նստել էր Լենինականի գազելը, որ տուն գնա: Ասում են` միլիցիայությունում էլ ասել ա, որ ինքը մորը սպանել ա, որովհետեւ իրան Աստված ա ասել, որ անպայման պիտի սպանի»,- ասում են Մեծ Պարնիի բնակիչները, որոնց ներկայացմամբ` Լուսինեն ընկերներ էլ չուներ: «Դե գյուղում ընկերներ չուներ, թե քաղաքում ունե՞ր-չունե՞ր` խաբար չենք»,- ավելացնում են նրանք: Սենյակի թրթռացող լույսն արդեն մարել էր, երբ հարեւանները դուրս եկան Վարդանուշ տատի տնից: «Աղջիկ ջան, բա Երեւանից հասել եք էստեղ, մի բան չհյուրասիրե՞մ: Մենք աղքատ ենք, բայց հյուրասեր ենք: Գոնե կարտոլ քանդեի, որ տանես»,- Վարդանուշ տատը թաց աչքերով նայում է ինձ` մատնացույց անելով մի կապոց, որտեղ աղջկա հագուստն է: Տատից շրջում եմ դեմքս` լաց լինելու մեծ ցանկությամբ: Վարդանուշ տատին, հարեւաններին ու գյուղին հրաժեշտ եմ տալիս ու փորձում Մեծ Պարնիի բաց հորիզոններում փնտրել ողբերգության հաստ շերտերը: Սպանված Գոհար Քոսյանը չարչարանքներով ու կյանքի ծանր բեռն իր վրա կրելով` իբրեւ կին եւ մայր, այս կյանքից ոչինչ չհասկացավ, ու նրանից մնացին գեղեցիկ հուշեր` ակորդեոն եւ դաշնամուր լավ նվագելու մասին, ու նրա արեւին չորացող ավելուկների շարանը: Միայնակ մեծացրեց իր երկու երեխաներին, արդյունքում, սեփական դուստրը սպանեց նրան, դաժանաբար: 29-ամյա Լուսինեն` միայնությունից, ապա` երկրպագուի, ասել է թե` հակառակ սեռի ուշադրության փնտրտուքներից, դարձավ հանցագործ եւ այժմ գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում: Վարդանուշ տատը մնաց միայնակ` իր երկաթե տնակի մեջ, որի վատ պայմանները նկարագրելիս նույնիսկ հարեւաններն այսպես էին արտահայտվում. «Մենք նույնիսկ մեր հավերին այդտեղ չենք պահի»: