Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը

24/08/2009

Թեեւ ճգնաժամը լավագույն ժամանակաշրջանը չէ բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին քննարկումների համար, այնուհանդերձ, դա նաեւ վատագույն փուլը չէ: Ի վերջո, եթե ասվում է, որ ճգնաժամից համաշխարհային տնտեսությունը, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, դուրս է գալու ավելի առողջացած վիճակով եւ գոյատեւելու են ժամանակին համահունչ գնացող բիզնեսները, ապա ենթադրվում է նաեւ, որ որոշակի փոփոխության կենթարկվեն նաեւ հարաբերությունների որակն ու մակարդակը:

Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է բիզնես-պետություն եւ բիզնես-հասարակություն հարաբերություններին:

Եվրոպական սպառողների 86 տոկոսը հակված է գնելու այն ֆիրմաների ապրանքները կամ օգտվելու նրանց ծառայություններից, որոնք ընդգրկված են խոշոր սոցիալական նշանակություն ունեցող նախագծերում:

Սոցիալ-տնտեսական պրոյեկտներ ասվածի տակ, առաջին հերթին, հասկացվում է բիզնեսի կամավոր օժանդակությունները կրթական, մշակութային, բնապահպանական եւ այլ ոլորտներին:

Սա եւ մի շարք այլ գործունեության տեսակներ ձեւավորում են բիզնեսի «բարի համբավը», որից շահում է թե՛ հասարակությունը, եւ թե՛ բիզնեսը:

Ռուսական բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը թեմայով հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ բիզնեսը պարտավոր է մասնակցել պետական խոշոր ծրագրերին:

Իր հերթին, բիզնեսի ներկայացուցիչների մոտ 80 տոկոսը գտնում է, որ բարեգործությունը մեծացնում է սպառողի կողմից բիզնեսի հանդեպ վստահության աստիճանը:

Հայաստանյան իրականության մեջ պատկերն, իհարկե, այլ է: Հայաստանը չունի հումքային խոշոր ռեսուրսներ, որոնք կապահովեին մեծ ծավալով «հեշտ փողեր»` Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ այլնի համեմատ: Հայկական շուկան նաեւ հեռու է ազատական լինելուց, ինչը թույլ կտար համեմատություն անել ռեսուրսներով աղքատ, բայց ազատական երկրների հետ:

Հայաստանում բարեգործությամբ առաջատարները, անշուշտ, երկուսն են` Գ.Ծառուկյանը` իր բիզնես համակարգով, եւ «Վիվա Սելը»: Չկա որեւէ ամիս, որ կամ մեկը, կամ մյուսը չկատարեն խոշոր բարեգործական ծրագրեր: Ընդ որում, հանրությանը հայտնի են դառնում միայն դրանց մի մասը: Այստեղ մենք գործ ունենք բիզնեսի բարեգործության որոշակի տեղական մեխանիզմների հետ: Օրինակ. Ծառուկյանը բարեգործություն կատարում է թե՛ իր կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի, եւ թե՛ բացառապես իր անձնական միջոցներով: Վերջին պարագայում ոչ ոք, կարծում եմ՝ նաեւ ինքը, ստույգ չի իմանում քանի հարյուր մարդու բուժման, ուսման կամ այլ գործունեության գումարներ է տվել:

Եթե ընդհանուր բիզնեսը հակված չէ բարեգործության եւ չի զգում իր սոցիալական պատասխանատվությունը, ապա նրանք, ովքեր դա անում են, ստիպված են լինում ակամայից մեծ ծավալներ վերցնել իրենց վրա: Այդ ծավալները վերաճում են ոլորտային պատասխանատվության: Օրինակ, «Վիվա Սելը» պարբերաբար ֆինանսավորում է գյուղական վայրերում դպրոցների կամ ջրատարների վերանորոգումները, օժանդակում մշակութային միջոցառումների:

Իսկ Գագիկ Ծառուկյանը ստանձնելով Օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը, փաստորեն, ստանձնեց պատասխանատվությունը օլիմպիական մարզաձեւերի հանդեպ. սա, բնականաբար, ենթադրում է խոշոր ֆինանսական օժանդակություն, իսկ արդյունքը այն մեդալներն են, որ մեր մարզիկները պարբերաբար բերում են աշխարհի եւ եվրոպայի առաջնություններից:

Հայաստանյան բիզնեսը մեծ դժվարությամբ է բարեգործություն անում, էլ չենք խոսում խոշոր զարգացման ծրագրերում անհատական կամ կորպորատիվ մասնակցության մասին: Սա ունի շատ բացատրություններ, այդ թվում՝ համառոտ բիզնես պատմությունը եւ լիբերալ բիզնեսի ավանդույթների բացակայությունը: Մյուս կողմից, բիզնեսն ունի իր իրավացի հարցերը պետությանը: Կոշտ հարկային քաղաքականությունը, մենաշնորհային ոլորտների առկայությունը, հովանավորչությունը բիզնեսում եւ այլն, ստեղծում են անառողջ մթնոլորտ ողջ բիզնես դաշտում, ինչն էլ զսպում է առողջ ավանդույթների ձեւավորմանը:

Սրանք ստեղծում են բիզնես-պետություն հարաբերությունների ընդհանուր տրամաբանության վրա:

Կան նաեւ այլ մասնավոր հարցեր: Օրինակ. ըստ որոշ լուրերի, Գագիկ Ծառուկյանը որոշել էր Երեւանի ավագանու ընտրություններում, եթե ազնիվ պայքարի եւ ազնիվ ընտրությունների դեպքում հաղթեր ԲՀԿ-ի թեկնածուն, ինքը իր սեփական միջոցներից տասնյակ միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարել Երեւան քաղաքին: Ինչպես տեսանք հետագայում, չպահպանվեց առաջին պայմանը, հետեւաբար` նաեւ երկրորդը:

Երբ բիզնեսը կրում է սոցիալական պատասխանատվություն, դրանով առաջին հերթին նպաստում է հասարակության զարգացմանը: Սա էլ անմիջապես ազդում է բիզնեսի որակին եւ բիզնես հարաբերություններին: Հակառակը, հիշեցնում է փակ շրջան. բիզնեսը կիսաֆեոդալական բնույթ է կրում, հասարակությունը եւ հասարակական հարաբերությունները` նույնպես: Իսկ նման պայմաններում բիզնեսի զարգացման մասին խոսելն ավելորդ է:

Ի դեպ, նույնը վերաբերում է հենց բիզնեսի ներքին հարաբերություններին: Այն գործարարները, որոնք ներդրումներ են անում իրենց պերսոնալի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման համար, արձանագրում են ավելի բարձր էֆեկտիվություն եւ շահույթ:

Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել գործարարների, որոնք իրենց աշխատողների հանդեպ կրում են պատասխանատվություն: Պատահական չէր, որ ճգնաժամի պարագայում կրճատումներ չեղան հենց Ծառուկյանի համակարգում, ինչի մասին նա հրապարակային խոստացավ:

Չի բացառվում, որ հենց ճգնաժամը կարող է դառնալ բիզնեսում եւ բիզնեսից դուրս նոր, ավելի առաջադեմ հարաբերությունների ձեւավորման փուլը: Սա, իր հերթին, շատ արագ ազդելու է հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա՝ ձեւավորելով խաղի նոր կանոններ, պատասխանատվության նոր չափանիշներ:

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ