40 աստիճան ջերմությամբ երեխային չեն ընդունել

24/08/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Անժելա Խաչատրյանի կյանքի պատմությանը: Վերջինս չորս անչափահաս երեխաների մայր է եւ ապրում է աննկարագրելի ծանր պայմաններում:

Շենգավիթ համայնքի հանրակացարանի սենյակներից մեկում ապրող Անժելային եւ երեխաներին մենք գտել էինք ամիսներ շարունակ անլույս եւ քաղցած վիճակում մնացած: Այս կնոջ նորածին երեխան սովից ուշագնաց էր եղել եւ մի քանի ամիս հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ էր: Մեր հրապարակումից հետո բազմաթիվ գթասիրտ մարդիկ հայտնվեցին, ովքեր ձեռք մեկնեցին եւ չորս երեխաներին օգնություն ցուցաբերեցին: Հիշեցնենք, որ երեխաներին կերակրելու համար Անժելան ստիպված էր եղել վաճառել հանրակացարանի իր սենյակը եւ հայտնվել էր փողոցում: «Մի բարի մարդ հայտնվեց ու մեզ առաջարկեց տեղափոխվել Օշական: Ինքը ֆերմա ունի ու էնտեղ մեզ սենյակ հատկացրեց, որ ապրենք: Երեխաներիս հաց-մաց ա տալիս, օգնում ա մեզ»: Երեկ Անժելան կրկին դիմել էր մեր թերթին` խնդրելով միջամտել երեխային բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Բանն այն է, որ նրա 1 տարեկան երեխան` Ժենյան, արդեն քանի օր է, 39-40 աստիճան ջերմությամբ հիվանդ է: Երեխայի մարմնի վրա ամբողջությամբ ցան է տարածվել, ինչի պատճառով փոքրիկն անդադար քորից գիշեր-ցերեկ տանջվում է: «Երեկ երեխան գիրկս գնացել եմ 6-րդ պոլիկլինիկա: Մանկաբուժական բաժին մտնելուն պես Անուշ անունով բուժքույրը կոպիտ ձեւով ինձ դուրս շպրտեց: Ասում եմ` երեխաս ջերմում ա, ահավոր վիճակ ա, խնդրում եմ, օգնություն ցույց տվե՛ք: Ասում ա` դուրս արի ստեղից, գնա՛ Կոմիտասում եսիմ ինչ մաշկային հիվանդանոց: Խնդրում եմ, ասում եմ, գոնե մի հատ նայե՛ք, տեսե՛ք, թե ինչից ա մարմինը դուրս տվել, ինչի՞ց ա ջերմությունը բարձրացել: Ասեց` երեխուդ վերցրու ու դուրս արի»,- պատմում է Անժելան` ավելացնելով, որ իրեն ու երեխային սառնասրտորեն պոլիկլինիկայից ճանապարհել են տուն: Անժելան, ստիպված, դեղորայքով տնային պայմաններում երեկ փորձել էր երեխայի ջերմությունն իջեցնել, սակայն մեր ներկայությամբ 1-ամյա Ժենյան, անդադար քորելով մարմինն ու դեմքը, իրեն պատռելով լաց էր լինում: Անժելայի հարեւանուհին մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ պոլիկլինիկայի մասնագետները հասկանալով, որ վերջինս անվճարունակ, «անտեր-անտիրական» է` հրաժարվել են երեխային բուժօգնություն ցուցաբերել: «Անժելային իրենք լավ են ճանաչում որովհետեւ երեխան, երբ ծնվել էր` սովից ուշագնաց էր եղել, ու իրենք ահագին ժամանակ սիստեմա էին միացնում, որ հետ բերեն: Գիտեն, որ անապահով ա, փող չունի, դրա համար էլ գոնե չեն էլ նայել, թե ինչից ա ջերմությունը: Ո՞նց կարող են բժիշկները 1 տարեկան երեխային 40 աստիճան ջերմությամբ ուղարկել տուն»,- ասում է Անժելայի հարեւանուհին, ով այժմ խնամում է մյուս երկու մանկահասակ երեխաներին, որպեսզի Անժելան հիվանդ երեխայի բուժմամբ զբաղվի: Անժելան վստահեցնում է, որ պոլիկլինիկայի բուժանձնակազմն իրեն լավ է ճանաչում. «Գլխավոր բժիշկն ինձ շատ լավ ա վերաբերվում: Միշտ էլ օգնել ա ինձ ու ասել ա` ինչ խնդիր լինի` դիմի մեզ: Գլխավոր բժիշկը էնտեղ չէր, դրա համար էլ ինձ արցունքս աչերիս ճանապարհեցին տուն: Էդ Անուշ անունով բուժքույրն իրան նենց ա պահում, ոնց որ պոլիկլինիկայի տերը լինի: Իսկ գլխավոր բժիշկը շատ հոգատար մարդ ա: Ախր ասում եմ` օրենք կա, չէ՞, որ պիտի երեխայիս ընդունեք ու բուժօգնություն ցուցաբերեք: Օրենք կա նաեւ, որ ես կարող եմ բժշկին ընտրեմ, բայց անկետաները տվեցին ձեռքս ու ճանապարհեցին»:

Ինչեւէ, խմբագրությունն ընդունելով Ա. Խաչատրյանի ահազանգը՝ ներկայացնում է Անժելայի հետ կատարվածը, սակայն մեր թերթի առաջիկա համարում կփորձենք ներկայացնել ինչպես Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության, այնպես էլ` 6-րդ պոլիկլինիկայի պատասխանատուների «բացատրությունները»: