Ինչպես են հայերը ԲՈՒՀ ընդունվում

27/08/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են հայերը բուհ ընդունվում, առաջին հերթին
պետք է հասկանանք, թե ինչու են հայերն ընդհանրապես բուհ ընդունվում:
Այնպես է ստացվել, որ անկախ Հայաստանի ապագա համբարձումյանների ու
մերգելյանների «ուսման ծարավը» հիմնականում կապված է երկու հանգամանքի
հետ, կախված սեռից. եթե տղա են, որ բանակ չգնան, եթե աղջիկ են, որ «մարդու
գնան»:

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն: Ի տարբերություն այլ պետությունների, մեզ մոտ
բուհը կոչված է ոչ թե մասնագետ պատրաստելու, այլ` «դիպլոմով մարդ»: Իսկ
կոոպերատիվ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «լեւի» բուհը` «լեւի դիպլոմով
մարդ» կամ «դիպլոմով լեւի մարդ»: Տարբեր ժամանաշրջաններում Հայաստանում
«մոդայիկ» են եղել տարբեր բուհեր եւ մասնագիտություններ: Օրինակ՝ 20 տարի
առաջ Բժշկական ինստիտուտի ռեկտորը շրջկոմի քարտուղարից թափով էր: Այսօր
արդեն շրջկոմի քարտուղարներ չկան, իսկ Բժշկական ինստիտուտի ռեկտորն ավելի
շատ մտածում է, թե ոնց անի, որ փոքր երեւա, եւ իրեն տարիքի «խաթր» գործից
չհանեն:

Առաջներում յուրաքանչյուր ինստիտուտ ինքն էր կազմակերպում իր
ընդունելության քննությունները: Այդ ժամանակ «ուսման ծարավ», դասախոսների
մոտ մի քանի տարի պարապած, սակայն, անկախ ամեն ինչից, դեբիլ երեխաների
ծնողները կաշառքը տալիս էին տվյալ ինստիտուտի ընդունող հանձնաժողովի
անդամներից մեկին (նայած, թե ում մոտ էին մարդ գտնում): Հետո, երբ ազատ եւ
անկախ պետության ժողովրդավար այրերը որոշեցին, որ նման համակարգը խթանում
է կաշառակերությունը, հետեւաբար պետք է անցնել կենտրոնացված քննական
համակարգին, բնականաբար, կենտրոնացավ նաեւ կաշառակերությունը: Նրանք չէին
կարող հանդուրժել, որ այդքան գումարը ցաքուցրիվ լիներ «կակոյ նիբուձ»
ռեկտորների մոտ: Եվ արդեն տասներեք տարի է, ինչ մենք ամեն ամառ ներկա ենք
լինում տարաբնույթ շոուների՝ սկսած Բաբկեն Արարքցյանի «նեղանալուց», երբ
նա չէր ներկայանում Ազգային ժողով, եւ վերջացրած մի երկու օր առաջ
հայտնված կարմիր «մայկայի» եւ բջջային հեռախոսի գովազդային հոլովակներով՝
Սերգո Երիցյանի կատարմամբ (երեւի Սերգո Երիցյանը գովազդային բիզնեսով է
լավ ապրում): Ինչեւիցե, փաստը մնում է փաստ, որ մենք կենտրոնացված
ընդունելության քննությունների արդյունքում տարեկան մի քանի հազար «բռակ»
կենտրոնացնում ենք մեր բուհերում, որի արդյունքում մի քանի միլիոն դոլար
կենտրոնանում է որոշակի անձանց գրպանում:

Իհարկե, ես համաձայն եմ, որ կրթություն ստանալը թանկ հաճույք է: Եվ ամբողջ
առաջադեմ աշխարհը հարյուրամյակներ շարունակ բավականին մեծ գումարներ է
վճարել գիտելիք ստանալու համար: Սակայն Հայաստանում վճարում են ոչ թե
գիտելիք ստանալու, այլ՝ չստանալու համար:

Իհարկե, ամենահետաքրքիր տեսարանին կարելի է հանդիպել մեր բուհերի հեռակա
բաժիններում, երբ քառասուն-հիսուն տարեկան հայ չինովնիկներն ու
գեներալները, նախարարներն ու պատգամավորները փորձում են կրթություն
ստանալ, այն էլ՝ բարձրագույն: Հետո, երբ նախընտրական բուկլետներում
կարդում ես նրանց կենսագրությունը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ
այդ կենսագրությունը տասնյոթ տարեկանից հետո (դպրոցն ավարտելու պահից,
եթե, իհարկե, դպրոցն ավարտած են լինում) ընդհատվում է մինչեւ նրանց բուհ
ընդունվելու տարին (փաստորեն մեր իշխանավորներից շատերը, պարզվում է,
դպրոցից հետո լեթարգիական քուն են մտնում):

Չնայած, եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ տարբերություն չի լինի, թե որ
տարիքում են դիպլոմ ստանալու մեր հայրենակիցները, քանի որ կապ չունի՝
մարդը 17-20 տարեկանո՞ւմ չի սովորում, թե՞ 40-50: Բայց քանի որ
լավատեսությունն ինձ առայժմ չի լքել (ես կարծում եմ՝ չի լքի երբեք), ապա
չեմ կարող չհիշել, որ մենք Մանթաշով եւ Լազարյաններ ենք ունեցել,
Գեւորգյան եւ Ներսիսյան ճեմարաններ ենք ունեցել (էլ չեմ ասում, որ
Նարեկացի ու Քուչակ միայն մենք ունենք): Այսքանից հետո ես կարծում եմ, որ
շատ շուտով բոլոր հայերը կսկսեն վճարել ոչ թե ատեստատի, դիպլոմի կամ
գիտական աստիճանի համար, այլ՝ այն գիտելիքների, որով մենք բոլորս պետք է
կառուցենք անկախ Հայաստանի ապագան:

Իր ուսուցիչներին երախտապարտ հայ՝ Ա.Ք.