Բուժիչ նամակներ

24/08/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Հոնը ժողովրդական բժշկության մեջ

Դեռեւս հին ժամանակներից հոնը հայտնի է որպես բուժիչ հատկություններով օժտված անփոխարինելի բույս: Գրականության մեջ հոնի մասին հիշվում է դեռեւս Հոմերոսի «Իլիականում»` գլխավոր հերոսի նիզակը պատրաստված էր հոնի փայտից:

Մ.թ.ա 4-րդ դարում Հիպոկրատը հայտնում է, որ հոնի տերեւներն օժտված են մածող, կապող հատկությամբ, այդ պատճառով այն օգտագործվում է ստամոքսի հիվանդությունների համար պատրաստվող դեղաթուրմերում: Իսկ Ավիցենան վկայում է, որ հոնի թրջոցներով ապաքինվել են նույնիսկ շատ խորը վերքերն ու կտրվածքները:

Հոնի ծառը բերքատու է դառնում 16 տարեկանից: Հոնի ծաղիկները հարուստ են դեղին ծաղկափոշով, որը մեղուների համար լավ նեկտարանյութ է հանդիսանում, իսկ պտուղները պարունակում են գլյուկոզա, ֆրուկտոզա, պեկտինային նյութեր, բջջահյութ, վիտամին C, օրգանական թթուներ եւ եթերային յուղեր:

Ժողովրդական բժշկության մեջ բուժման նպատակով օգտագործվում են պտուղները, տերեւներն ու կեղեւը: Հոնի թուրմը օգտագործվել է ռախիտի, անգինայի, խոզուկի, քութեշի եւ էլի շատ հիվանդությունների ժամանակ: Հոնի պտուղների եփուկը կարող է թեթեւացնել պոդագրայով, շաքարային դիաբետով հիվանդների վիճակը:

Ներկայումս հոնի պտուղներից պատրաստվում է մածուցիկ զանգված, որը երկարատեւ ճանապարհորդությունների դեպքում ծովագնացների ու տիեզերագնացների համար սնունդ է ծառայում: Սա խոսում է այն բանի մասին, որ հոնի պտուղները հարուստ են կալորիաներով եւ վիտամիններով: Վիտամինների պարունակությամբ այն գերազանցում է նույնիսկ սեւ հաղարջին: Նաեւ հոնի պտուղները օժտված են հակացինգային հատկություններով: Հոնի պտուղների եփուկը պատրաստում են հետեւյալ ձեւով. 2 ճաշի գդալ կորիզներով հոնի վրա լցնել 0,5լ ջուր եւ թույլ կրակի վրա եռացնել 2 ժամ, հետո քամել եւ խմել օրը 3 անգամ 1 բաժակից, օրինակ` թութքի բուժման համար: Բուժման կուրսը 3 շաբաթ է: Իսկ հոնի պտուղների թուրմը պատրաստում են 1 ճաշի գդալ հոնի վրա 1 բաժակ եռջուր լցնելով: Թրմում ենք այն 1 ժամ եւ խմում, օրինակ` փորլուծության դեպքում: Արեւելյան բժշկությունն ընդհանրապես խորհուրդ է տալիս հոնը ուտել՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող միջոց:

Իսկ ահա մեր ընթերցողներից` Սիլվա Խաչատրյանը, խորհուրդ է տալիս հոնով թեթեւացնել շաքարային դիաբետով հիվանդի վիճակը: «Շաքարային դիաբետի ժամանակ խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում խմել թարմ հոնի պտուղներից պատրաստված հյութ, ուտելուց 30 րոպե առաջ` սկզբում կարելի է սկսել 50գրամից, հետո հասցնել մինչեւ 1 բաժակի»:

Ռեւմատիզմի ժամանակ 1 թեյի գդալ արմատների վրա լցնել 2 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե, տաք փաթաթել, թողնել 2 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 2 անգամ` 2 ճաշի գդալից:

Շատ համեղ է հոնի պտուղներից պատրաստված մուրաբան: Մսից պատրաստվող կերակրատեսակները կարելի է համեմել հոնի թանձրամոքով (պոդլիվկա):

Մաշկի ճիշտ խնամքի խորհուրդներ

Առաջին հերթին պետք է զերծ մնալ բոլոր տեսակի դիետաներից. ինչ խոսք, ավելորդ քաշից ազատվելը լավ է, բայց քաշի ցանկացած տատանում մաշկի համար մեծ սթրես է: Կինը այնպիսի քաշ պիտի պահպանի, որն ամբողջ կյանքի ընթացքում կարող է տատանվել 3-4 կգ-ի չափով: Հատկապես 35 տարեկանից հետո կանայք պետք է զգույշ վարվեն մարմնի քաշի կտրուկ տատանումների հետ:

Մաշկի համար խնամքի լավագույն լոսյոն է ֆիզիկական վարժությունը: Եթե ուշադրություն դարձնեք, օրինակ` պարուհիները ֆիզիկական շատ ծանրաբեռնված ռեժիմով են ապրում, բայց գեղեցիկ մաշկ ու մարմին ունեն:

Չետք է մոռանալ ջրի մասին: Ջուրը մաշկի լավագույն բարեկամն է: Շատ կանայք ջուր չեն խմում քաշ չավելացնելու համար, բայց մոռանում են, որ բացի վիտամիններից, որոնցով սնուցվում է մաշկը, անհրաժեշտ է նաեւ ջուր: Օրվա ընթացքում պետք է խմել գոնե 1 լիտր ջուր: Ջրի օգնությամբ մաշկի միջոցով դուրս են գալիս շատ տոքսիններ:

Պետք է ասել, որ դեմքի մաշկը չի սիրում դիմախաղ: Այսինքն` ցանկացած դիմախաղի շարժ հանգեցնում է շուտ կնճռոտվելուն:

Մաշկը պետք է մաքրել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը 2 անգամ: Իսկ մաքրելուց հետո անպայման պետք է սնուցող դիմակներ օգտագործել:

Շաբաթվա մեջ 2 անգամ էլ կարելի է դեմքը մի քիչ կոշտ սպունգով մաքրել, իհարկե, լվացվելուց առաջ: Այնքան պետք է սպունգը քսել դեմքին, որ մաշկը կարմրի` մոտավորապես 5 րոպե: