Մեծ լվացք

21/08/2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` «ամրագոտիներ» թամաշա-շոուն շարունակում է ծառայել իր նպատակին: Դա դարձել է քննարկման հիմնական թեմաներից մեկը: Եվ այդ քննարկումներում հնչող հիմնական հարցադրումն այն է, թե ինչո՞ւ է այս «նեղ մաջալին» անձամբ վարչապետը զբաղվում այնպիսի հարցով, որը նույնիսկ ոստիկանապետի մակարդակից ցածր պաշտոնյայի գործառույթ է: Այս հարցադրման պատասխանի գրեթե բոլոր վարկածներն էլ համապատասխանում են իրականությանը` սկսած նրանից, որ դա արվում է պետական բյուջեն լցնելու համար, վերջացրած նրանով, որ դա արվում է հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: Սակայն այս շոուն նաեւ կոնկրետ փող արժե` ոչ ավել, ոչ պակաս` 10 մլն դոլար: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառավարության մշակած հերթական` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ռազմավարության» համաձայն՝ 5 տարվա ընթացքում ծախսվելու է 10 մլն դոլար: Այսինքն` կառավարությունը ավելացնում է արտաքին պարտքը եւս 10 մլն դոլարով՝ այս անհեթեթությունը իրականացնելու համար: Ավելին` առաջիկայում նախատեսվում է ստեղծել ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ, որը ղեկավարելու է… Հայաստանի Հանրապետության վարչապետը: Պատկերացնելու համար, թե որքան է արժենալու այս հերթական խորհուրդը հարկատուների համար, բավական է նշել, որ խորհրդի միայն քարտուղարության աշխատավարձերը եւ ծախսերը կազմելու են շուրջ 100 հազար դոլար: Այսինքն` այս ծրագրով կառավարությունը կարող է առաջիկայում մշակել, ասենք, «կոնուսների մաշվածության» կամ «անվահեծերի հավասարակշռվածության» մոնիտորինգների ենթառազմավարություններ եւ հասարակությանը գցել հերթական «հոգեխանգարմունքի» մեջ: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո կարծես դա նրա հիմնական ֆունկցիան լինի` մի քանի ամիս ողջ ազգը գրեթե մոլագարության աստիճանի էր հասել ՀԴՄ կտրոնների խաղարկության պատճառով, հետո լսելով վարչապետին՝ փորձում էր լռել ճգնաժամի մասին, հիմա էլ՝ ամրագոտիները: Իրականում այս ամբողջ պատմության հիմնական նպատակը փող լվանալն է: Մի քանի միլիոն դոլար փող, որը վճարելու են մեր երեխաները: Այնպես որ, ամեն անգամ մտածեք ամրագոտին գցելուց առաջ: